«Ես Բաքուն սիրեցի՝ շնորհիվ բաքվեցի հայերի». Սոսո Պավլիաշվիլին՝ Բաքվում կայանալիք համերգի, հայերի և ադրբեջանցիների հետ իր հարաբերությունների մասին
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ նորությունը, որ վրացի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի անունը հանվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակից», և որը պատրաստ է բարեգործական համերգ տալ Բաքվում, մնում է ամենաքննարկվող թեմաներից մեկն ադրբեջանական լրատվամիջոցներում։
Երգչի՝ Բաքու այցին ընդդիմացել էին ադրբեջանցի որոշ արվեստի գործիչներ։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հրապարակել էին ադրբեջանցի 70-ամյա կինոգործիչ Ռամիզ Ֆաթալիևի բաց նամակը, որտեղ նա կոչ էր արել Սոսո Պավլիաշվիլիին՝ հրաժարվել Բաքվում կայանալիք բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան:
Ֆաթալիևը հայտարարել է, թե Պավլիաշվիլին, որը առաջիններից մեկն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ համերգներով այցելել Հայաստան, իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։
Ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում երգիչն ու Բաքվում նրա համերգի կազմակերպիչ, ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը պատմել են Բաքվում կայանալիք բարեգործական համերգի մասին, իսկ Սոսո Պավլիաշվիլին իրեն բնորոշ անկեղծությամբ անդրադարձել է նաև հայերի և ադրբեջանցիների հետ իր հարաբերություններին։
Երգիչը պատմել է Բաքվի հետ իր առաջին ծանոթության, Բաքվում կայացած իր համերգների և բաքվեցի ընկերների մասին, որոնց թվում եղել են տարբեր ազգությունների և դավանանքի մարդիկ՝ ադրբեջանցիներ, հրեաներ, ռուսներ ու հայեր։
«Ես երկրորդ անգամ եկա Բաքու 1992թ., ես համերգ տվեցի Իրինա Պոնարովսկայայի հետ։ Հետո էլի համերգներ եղան, և ամեն ինչ հիանալի էր, իսկ հետո Ադրբեջանի դռները փակվեցին …»,- հիշում է երգիչը։
«Ի՞նչ է ինձ համար Բաքուն,- հարցնում է իրեն Պավլիաշվիլին,- Դա իմ բաքվեցի ընկերներն են, որոնք ողջ աշխարհում են։ Նրանք տարբեր ազգությունների ու կրոնների են՝ ադրբեջանցիներ, հրեաներ, հայեր, ռուսներ․.. Նրանք բոլորը բաքվեցիներ են։ Եվ Բաքուն 1990-1991թթ.ես սիրեցի՝ շնորհիվ Բաքվի հայերի, որոնք երկրպագում էին, կարոտում, որոնք անչափ սիրում, հպարտանում ու երգում էին Բաքվի մասին։ Դա ինձ շատ զարմացրեց այդ ժամանակ։ Նրանք շատ ջերմ էին արտահայտվում։ Եվ ընդհանրապես, բոլոր ազգությունները, որոնք ապրում էին Բաքվում, և հրեաները։ Բաքվի հրեաները ևս ինձ համար յուրահատուկ մարդիկ են։
Թբիլիսին, Բաքուն, Տաշքենդը, Երևանը, Ալմա Աթան, Օդեսան այն քաղաքներն են, որտեղ մենք ծնվել ու դաստիարակվել ենք։ Նրանք միևնույն աշխարհայացքն ու ավանդույթներն ունեին …
Մարդիկ միասին էին ապրում, կիսում մի կտոր հացը, կանայք մի խոհանոցում սուրճ էին խմում, բամբասում էին, տղամարդիկ՝ հաց վաստակում, երեխաները միասին խաղում էին, սիրահարվում միմյանց, ապրում։ Ու դրանից հետո գիշերով գալիս են, սպանում այդ երեխաներին, այդ կանանց, այդ ծերերին։ Որ տղամարդը ձեռքին դանակ վերցրած՝ գիշերով կմտնի տները, դուրս կհանի երեխաներին, կանանց ու ծերերին ու կսպանի։ … Չգիտեմ, ի՞նչ կլիներ, եթե չլիներ Հեյդար Ալիևը, այդ պատերազմն ինչի՞ կհանգեցներ»,- ասել է երգիչը։
Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին մամուլով ու համացանցում՝ Պավլիաշվիլին դա համարում է ոչ տղամարդկային քայլ, որով ցանկանում են ապացուցել իրենց տղամարդկությունն ու հայրենասիրությունը։
«Այդպես չի կարելի։ Եթե դու տղամարդ ես, ինչի՞դ են պետք թերթերը, համացանցը, Facebook-ում Սոսո Պավլիաշվիլիի դեմ այդ կոչերը։ Մի՞թե ես եմ խլել Ղարաբաղը։ Եթե դու ինչ-որ տղամարդկային բան ունես, ապա հանդիպիր ինձ հետ։ Չէ՞ որ դու գալիս ես Մոսկվա, ահա ես, մի՞թե ես թաքնվել եմ։ Արի և ինձ հարցեր տուր, ինչո՞ւ ես հեռակա կարգով ինձ վիրավորում։ Չէ՞ որ դու դրանով քեզ ես ստորացնում»,- ասել է երգիչը։