«Ադրբեջանը ԵՏՄ-ին միանալու ցանկություն չի հայտնել». Իվան Վոլինկին

«Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրաքաշրջանառությունը մեծանում  է, ապրանքների քանակը՝ շատանում, բայց խնդիրներ կան՝ կապված ռուբլու արժեզրկման հետ։ Ռուբլին դրամի համեմատ զգալիորեն անկում է ապրել։ Նման ցուցահանդեսները նպաստում էին երկկողմանի առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Այս ցուցահանդեսն ավելի շատ տարածաշրջանային համագործակցությանն  է նպաստում, քանի որ տարբեր երկրներ են դրան մասնակցում։ Տարածաշրջանային համագործակցությունը շատ կարևոր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Իսկ լրագրողների հետ հանդիպման առիթը Հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելիք «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսն էր  և «Երևանյան բիզնես-ֆորումը»:

Հայաստանում արդեն 7-րդ անգամ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման, Արտաքին գործերի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ կանցկացվեն «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը: Միջոցառումներին մասնակցելու են Ռուսաստանի մի շարք շրջաններ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգը, Ռյազանի շրջանը, Ալթայի երկրամասը և այլն:

Իրանի հետ տնտեսական համագործակցությունը դեսպանը բացատրեց նրանով, որ Ազատ առևտրի տնտեսական գոտին ու ԵՏՄ-ն գրավիչ են շատ երկրների համար, դրանց թվում է նաև Իրանը, որը  ցանկություն է հայտնել մասնակցել այս ցուցահանդեսին. «Այն, որ Իրանը միանում է այս գործընկերությանը, դրական կանդրադառնա ընդհանուր ապրանքաշրջանառության վրա»։

Լրագրողների հարցին՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն ի՞նչ ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա, դեսպանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Պատժամիջոցներով մեզ չես վախեցնի։ Մի կողմից, այո, կան որոշակի սահմանափակումներ, բայց մյուս կողմից՝ ռուսական արտադրողները զարգացնում են արտադրությունն այն ապրանքների գծով, որոնց կարիքն ունենք։ Վերջին շրջանում հենց տնտեսության այդ ճյուղերն են զարգացում ապրել, մեծացել է Հայաստանից ապրանքների ներկրումը։ Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Ռուսաստան հսկայական ծավալների է հասել։ Այնպես որ, մենք միմյանց հետ համագործակցում ենք, հայկական արտադրանքը մեզ շատ է օժանդակում։ Իսկ Արևմուտքը թող մտածի, որ, երբ վերացնի իր պատժամիջոցները, մեր շուկան արդեն լցված կլինի այլ երկրների ապրանքներով, իսկ թե ինչպես նրանք կմտնեն այդ շուկա, արդեն իրենց խնդիրն է»։

«Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովն էլ հավելեց, որ, թեև ռուս-թուրքական հարաբերությունները բարելավվել են, բայց ռուսական շուկան փակ է Թուրքիայի համար՝ պտուղ-բանջարեղենի ներկրման համար։ Իսկ էքսպոյի մասով նա նշեց, որ ռուսական ընկերությունները Հայաստան են գալիս ոչ թե իրենց ընկերությունները ներկայացնելու, այլ հայկական արտադրանքին ծանոթանալու ու համագործակցության եզրեր գտնելու համար։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ո՞ր երկրներն են ցանկություն հայտնել ԵՏՄ-ին անդամակցելու, և արդյո՞ք Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, քանի որ ՌԴ-ն կարծես հենց դրան է ձգտում, դեսպանը պատասխանեց. «Ադրբեջանը ԵՏՄ-ին միանալու ցանկություն չի հայտնել, իսկ ԵՏՄ-ին երկրները միանում են բացառապես իրենց ցանկությամբ։ Բոլոր որոշումները ԵՏՄ-ում ընդունվում են կոնսենսուսի միջոցով, այսինքն՝ բոլոր երկրների համաձայնությամբ։ Իսկ թե որ երկրներն են ցանկություն հայտնել, ապա Ազատ առևտրի տնտեսական գոտի մտնելու ցանկություն է հայտնել Վիետնամը, որի հետ պայմանագիր է կնքվել, նման պայմանագիր կնքվել է նաև Սերբիայի հետ։ Ազատ առևտրի տնտեսական գոտի մտնելու ցանկություն ունեն նաև Հնդկաստանը, Եգիպտոսը, Իսրայելը, Մոնղոլիան, Հարավային Կորեան, Կոմբոջան ու Սինգապուրը»։

Տեսանյութեր

Լրահոս