Բաժիններ՝

«Այստեղ Ազգային անվտանգության խնդիր կա. երկքաղաքացիության մեր պահոցը պետք է լրացնենք». Գագիկ Ջհանգիրյան

Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիների կողմից այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում Ոստիկանությանը հայտնելու պարտականությունը և այն չկատարելու համար պատասխանատվություն նախատեսող,  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 95 կետ 2  հոդվածը, որը 50 հազար տուգանք է սահմանում։

Այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե քանի՞ երկքաղաքացի կա ՀՀ-ում։ Ի պատասխան՝ Վ. Եզիազարյանն ասաց, որ 95.839 քաղաքացու երկքաղաքացիության տվյալ կա իրենց պահոցներում. «Այս հաշվառումները տարվում են ու կտարվեն։ Ընդ որում, օգոստոս ամսի դրությամբ այդ թիվն  94 հազար 50 էր, այսինքն՝ 1.5 ամսում ավելացել է մոտ 1.5 հազարից ավելի»։

Մ. Մելքումյանը նկատեց, որ, եթե այդ թիվն այդպես աճել է, այդ տեմպերը բավական մտահոգում են, որովհետև ինքը երկքաղաքացիությունից բխող որոշակի հետևանքներ է տեսնում։

Կարդացեք նաև

Պատգամավոր Վահան Բաբայանի հարցին էլ, թե ամենաշատը ո՞ր երկրներում են մեր քաղաքացիները քաղաքացիություն ստացել՝ Վ. Եղիազարյանը պատասխանեց՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Պատգամավոր Գ. Ջհանգիրյանն էլ նկատեց, որ այդ նախագծի տակ մեծ գաղտնիք պետք չէ փնտրել. «Չգործող երկու նորմ են, որոնք կառավարությունն առաջարկում է  վերացնել, տրամաբանական է, այլ խնդիր է, որ մենք՝ որպես ինքնիշխան պետություն, լծակներ չունենք, որպեսզի հաշվառենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն։ Պարոն Եղիազարյանը մատնանշեց 95-96 հազար թիվը, վստահ եմ, որ դա մի քանի հարյուր հազար է, եթե ոչ ավելին, այստեղ Ազգային անվտանգության խնդիր կա, պետք է կառավարությունն այս ուղղությամբ մտածի, որ այդ երկքաղաքացիության մեր պահոցը լրացնենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս