«Տարվա այս եղանակին սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է». ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան
Առողջության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ աշխարհի բնակչության մոտ 15 տոկոսը տառապում է թոքերի քրոնիկ հիվանդությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ Անդրանիկ Ոսկանյանը: Խոսելով թոքերի հետ կապված՝ աշնանը սրվող հիվանդությունների մասին, Անդրանիկ Ոսկանյանը հավելեց. «Ինչ վերաբերում է հայաստանյան իրավիճակին, ապա այստեղ նման վիճակագրություն դեռ չի կատարվել, հետևաբար՝ հստակ ցուցանիշներ չենք կարող ասել: Դրա համար գումար էր անհրաժեշտ, որը մենք չհայթայթեցինք»:
Կապված աշնանը սրացող հիվանդության ընթացքի հետ, բանախոսը հորդորում է. «Տարվա այս եղանակին սպիրոմետրիա անելու անհրաժեշտությունը մեծանում է: Սպիրոմետրիա բառացի նշանակում է՝ շունչ չափել, և դա առաջին բանն է, որ պետք է անել թոքերի հիվանդությունները հայտնաբերելու համար: Դա մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս վաղ տեղեկանալ թոքերի հետ կապված այս կամ այն հիվանդության առկայության մասին»:
Թե ո՞ր նշանների դեպքում է պետք անհանգստանալ թոքերի հիվանդության առկայությամբ, Անդրանիկ Ոսկանյանը պատասխանում է. «Դրա համար գոյություն ունի հատուկ հարցաշար, որը բաղկացած է հետևյալ հարցերից՝ հաճա՞խ է արդյոք ձեզ մոտ խորխաթափում առաջանում, հաճա՞խ եք կրծքավանդակում խզոցներ լսում, ֆիզիկական աշխատանք կատարելիս հաճա՞խ եք հևում: Եթե այս հարցերի պատասխանները դրական են, ապա ժամանակն է անհապաղ դիմելու բժշկի: Թոքերի հիվանդություն ունենալու ռիսկային խմբի մեջ են մտնում ծխողները, վնասակար գործարաններում՝ հանքերում, փայտամշակման ձեռնարկություններում, ինչպես նաև սնկի աճեցմամբ զբաղվող աշխատողները»:
Տեղեկացնենք, որ մինչ նոյեմբերի 17-ը Հանրապետական անձավաբուժական կենտրոնում թոքերի հիվանդությունների հետ կապված խորհրդատվությունն անվճար է:
Տեղեկացնենք նաև, որ աշնանը՝ հոկտեմբերի 14-ին, նշվում է Սպիրոմետրիայի միջազգային օրը, իսկ նոյեմբերի 17-ը Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է: