«Հայաստանի համար ՀԱՊԿ անդամակցությունը հայ-ռուսական հարաբերություններն են». Պավել Ֆելգենգաուեր

«ՀԱՊԿ երևանյան նիստն անցկացվեց փակ ձևաչափում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։

Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ները Երևանում անցկացված գագաթաժողովը  «տապալված» են որակել, քանի որ անդամ պետությունների մի շարք սպասելիքներ չեն արդարացել։ Մասնավորապես խոսքը եզրափակիչ հայտարարության մեջ սիրիական ճգնաժամի շրջանցումն է։ Դժգոհություններ կան նաև այն առնչությամբ, որ հայտնի չդարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, այդ հարցն ընդհանրապես հանվեց գագաթաժողովի օրակարգից, ինչը տարօրինակ էր, քանի որ քարտուղարի փոփոխության հարցը քննարկվում է արդեն բավականին վաղուց։

Ի դեպ, նոր քարտուղարը պետք է լիներ ՀՀ ներկայացուցիչ, և ըստ  որոշ տեղեկությունների՝ ՀԱՊԿ անդամ երկրները չեն կարողանում համաձայնության գալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ նշանակելու շուրջ, ուստի հարցի քննարկումը հետաձգվել է մինչ մյուս հանդիպում, որը կկայանա այս տարվա վերջին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Ըստ ՀԱՊԿ տարածած հաղորդագրության՝ ՀԱՊԿ-ը եզրափակիչ հայտարարություն է ընդունել, որն արտացոլում է ՀԱՊԿ երկրների մոտեցումները  միջազգային ակտուալ հարցերի առնչությամբ։ Կա անդրադարձ նաև ԼՂ հակամարտությանը։

Ֆելգենգաուերն ասաց, որ ՀԱՊԿ գագաթաժողովն աչքի չընկավ որևէ հետաքրքրական իրադարձությամբ։ Ավելին, նրա խոսքով՝ կարևոր իրադարձությունը պետք է լիներ ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարի անվան շուրջ համաձայնությունը, իսկ այդ հարցն ընդհանրապես հանվեց օրակարգից՝ ենթադրաբար, լուրջ տարաձայնությունների պատճառով։

Ըստ նրա՝ գուցե այս գագաթաժողովի անհետաքրքրության  պատճառներից մեկն էլ այն էր, որ այն բավականին փակ ձևաչափում անցկացվեց՝ անհասկանալի պատճառներից ելնելով։ Ֆելգենգաուերի կարծիքով՝ չի բացառվում, որ անցկացվեց փակ մթնոլորտում, քանի որ շատ էին տարաձայնությունները եզրափակիչ հայտարարության մեջ սիրիական ձևակերպումների և նոր գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ։  Սակայն, նրա խոսքով, ուշագրավ էր, որ այն ծրագիրը, որը հաստատվեց Երևանում, նախատեսում է ավելի երկարաժամկետ գործողություններ և ավելի հեռանկարային համագործակցություն ՀԱՊԿ անդամ երկրների միջև։

«Հայաստանի համար ՀԱՊԿ անդամակցությունը հայ-ռուսական հարաբերություններն են, քանի որ ՀԱՊԿ-ը, որպես միասնական կառույց, երբեք հանդես չի գա ՀՀ և, առավել ևս, ԼՂ անվտանգության հարցերում, քանի որ ԼՂ-ն այդ  կառույցի մի մասը չէ, իսկ ՀԱՊԿ մի շարք անդամներ չափազանց սերտ համագործակցության մեջ են Ադրբեջանի հետ։ Սրանք բոլորը վաղուց շատերի համար ակնհայտ դարձած հանգամանքներ են։ Ոչ Հայաստանը կմիջամտի միջինասիական իրադարձություններին, ոչ էլ միջինասիական երկրները՝ ղարաբաղյան։

Թեև հայաստանյան  հասարակական դժգոհությունները հասկանալի են, հասկանալի են մասամբ նաև Ռուսաստանի համար, որը Հայաստանին մատակարարեց «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համալիրներ, որպեսզի որոշակիորեն վերականգնվի ռազմական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը։

Նրա կարծիքով՝ ըստ էության, այն, ինչ Հայաստանի համար կարող էր անել ՀԱՊԿ-ն, անում է Ռուսաստանը՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր երկիր և գործընկեր։ «Բայց Ռուսաստանը նաև իր շահերն ունի, իսկ այդ շահը Հարավային Կովկասն է, և ոչ միայն՝ առանձին վերցված երկիր։ Սա կարևոր հանգամանք է հասկանալու համար Ռուսաստանի քաղաքականությունը»,- ընդգծեց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս