«Խնդիր է այն, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուի անունը». Ալեքսանդր Կռիլով

«Հայաստանում անհանգստություններ կան, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, այստեղ անհանգստություններ կային նաև ԵՏՄ-ի հետ կապված։ Մենք փաստեր ունենք, որ այդ կառույցն այդքան էլ շահավետ չէր Հայաստանի համար, ինչպես թվում էր։ Իսկ Հայաստանի իշխանությունները երկու դեպքում էլ ասում են՝ չե՞ք հասկանում, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխիքն է»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ ապրիլին տեսանք, թե ինչպես է Ռուսաստանն ապահովում մեր անվտանգությունը։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ գագաթաժողովն էլ հենց դրա շրջանակներում կարելի է դիտել։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպօա Սաֆարյանի խոսքով՝ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովը չէ, որ պետք է ցույց տար, թե ՀԱՊԿ-ն ինչ է ու ինչ նշանակություն ունի Հայաստանի համար. «Ինչպես Ս. Գրիգորյանն ասաց՝ ապրիլյան պատերազմը, թերևս, լրջագույն փորձություն էր ՀԱՊԿ-ի համար՝ որպես կոլեկտիվ անվտանգության դաշինք, որտեղ մենք հասկացանք՝ չկա դաշինք, չկա կոլեկտիվ, չկա անվտանգություն և ընդհանրապես չկա միմյանց պաշտպանելու մասին պայմանագիր»։  Նա նաև խոսեց ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի մասին։

«Այդպիսով՝ ՀԱՊԿ-ը դադարեց լինել անվտանգության կազմակերպություն։ ՀԱՊԿ անդամների հայտարարությունը ԼՂՀ վերաբերյալ ցույց է տալիս, որ դա ավելի վատն է, քան Մինսկի խումբը կամ այլ կազմակերպություն, որ կարող է որպես անվտանգության երաշխիք հանդես գալ»,- մասնավորապես նշեց նա։

Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ  Ալեքսանդր Կռիլովը, որ քննարկմանը մասնակցում էր տեսազանգի միջոցով, այսպես արձագանքեց. «ՀԱՊԿ անդամների այն հայտարարությունը, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, պարզ է՝ վերաբերում է հատկապես այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ Այստեղ կարող ենք ասել, որ սա աջակցություն էր Հայաստանին։ Անվտանգության մեխանիզմները լուրջ գործիք կլինեն, որովհետև դրանցից հետո Ադրբեջանը չի ասի, թե իր գործողությունները պատասխան էին ինչ-որ ագրեսիվ գործողությունների։ Եթե, իհարկե, հայկական կողմը նման գործողություններ չնախաձեռնի»։

Թուրքիայի մասով նա նշեց, որ ոչ ոք չի ասել, թե Թուրքիան կմտնի Մինսկի խմբի համանախագահողների կազմի մեջ կամ բանակցային գործընթաց։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, նա նշեց, որ միանգամից բախվում են այն խնդրին, թե ում թեկնածությունն է հիմա առաջարկում Հայաստանը. «Մի քանի ազգանուններ են հնչել, բայց պաշտոնապես չի հայտարարվել, թե ում թեկնածությունն  են առաջարկում։ Ինձ մոտ տպավորություն է, որ, եթե հայկական կողմն իրոք ցանկանար, որ իր ներկայացուցիչը լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա նա նախապես կհամաձայնեցներ դա կազմակերպության այլ անդամների հետ, որովհետև նրանց կամքին հակառակ դժվար թե ստացվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակել։ Սպասել, որ Ռուսաստանը կարող է գնալ այդ ճանապարհով ու թելադրել Ղազախստանին կամ Բելառուսին իր դիրքորոշումը, աջակցությունը հայկական թեկնածուին, նույնպես դժվար է պատկերացնել։ Ռուսաստանի դիրքորոշումն էլ չգիտենք, որովհետև չգիտենք՝ ում են առաջադրում։ Այդ հարցը հետաձգվեց, որովհետև հայկական կողմը նախնական աշխատանք չի տարել»։

Ալեքսանդր Կռիլովը համաձայնեց, որ ապրիլին  իրոք հսկայական բացթողումներ են եղել. «Կարծում եմ՝ ռուսական կողմը դրանից համապատասխան հետևություններ արեց, ու վերջին ռազմական շքերթին տեսանելի էր՝ ինչ եղանակով նման իրավիճակը կհաղթահարվի։ Հայկական կողմն էլ համապատասխան քայլեր չարեց զինուժի բալանսը պահպանելու համար։ Բայց ապրիլյան դեպքերը շատ բան փոխեցին։ Հիմա շփման գծում անվտանգության մեխանիզմների տեղադրումը կարևոր նշանակություն կունենա, ու իրավիճակն այնքան լարված չի լինի, ինչքան նախկինում»։

Տեսանյութեր

Լրահոս