«Գործարանները, որոնք պարտք են, դեռ չի նշմարվում, որ կարող են մոտ ապագայում դա մարել». Գինեգործների միության նախագահ
«Կարծում եմ, որ մթերվել է խաղողի 95 տոկոսը, և, ցավոք սրտի, բերքը քիչ է անցյալ տարվա համեմատ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս տարի, ըստ նախնական տվյալների, մոտ 105 հազար տոննա խաղող է մթերվել, և գինը մոտավորապես 115 կամ 117 դրամ է՝ 1 կիլոգրամի դիմաց։
«Ծավալային առումով աճի տեմպեր ունենք անցյալ տարվա համեմատ, մաքսային արժեքով աճն այնքան էլ էական չէ, կարծես թե կամաց-կամաց ճգնաժամից դուրս ենք գալիս։ Կուտակված պարտքերը դեռ կան՝ անցյալ տարվա լարված սեզոնի հետ կապված, և գործարանները, որոնք պարտք են, դեռ չի նշմարվում, որ կարող են մոտ ապագայում դա մարել։ Ընդհանուր առմամբ, լարվածությունը մի քիչ թուլացել է, և այս տարի նման չէր նախորդ տարիներին»,- նշեց Ա. Հարությունյանը։
Նա հայտնեց, որ գինու արտադրության և արտահանման աճի տեմպեր կան, մոտավորապես 20-30 տոկոսի մասին է խոսքը. «Կոնյակի սպիրտի պաշտոնական տվյալներով՝ աճի տեմպեր կան՝ 3 անգամ արտահանում, մոտավորապես այդքան էլ ներմուծում։ Սա մեր Հայաստանի տնտեսության հետ որևէ կապ չունեցող երևույթ է, ներմուծվում է, արտահանվում է։ Մեր սեփական կոնյակի սպիրտի առումով ունենք աճ, բայց այնքան մեծ չէ»։
Հարցին, թե ինչի՞ արդյունքում եղավ մթերումն այս տարի, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ նախ՝ բերքը քիչ էր, երկրորդ՝ կառավարությունը շատ մտահոգված էր նախորդ տարվա իրավիճակով, փորձեց խնդիրը լուծել. «Կառավարությունը կարծում էր, որ կազմակերպչական մեթոդներով կարող է խնդիրը լուծել, և մոբիլիզացրեց ուժերը, կարողացան կոորդինացնել գյուղապետարանները, մարզպետարանները, նախարարությունը, և բերքի բաշխում եղավ՝ մոտավոր որ գործարանին՝ ինչքան»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։