«Ուզում եք՝ Քրիստոսին էլ բերեք, դրեք վարչապետ, միևնույն է` վերջում խաչելու են». Արամ Կարապետյան

«Ինձ համար դեռ որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով կառավարության փոփոխությունների մասին։
Նրա խոսքով՝ պարզ է, որ վարչապետը գնում է, նախարարներին փոխում են. «Եթե նկատեցիք, կան մարդիկ, որ նորից նշանակվեցին, կան մարդիկ, նոր են, բայց իմ տպավորությամբ՝ դա ոչ մի բան չի նշանակում։

Ա. Կարապետյանի տպավորությամբ՝ «միայն տեխնիկական փոփոխությունը, որը կատարվեց», հերիք չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանում լրջագույն քաղաքական փոփոխություններ են պետք՝ համակարգային. «Առաջին հերթին՝ դադարեցնեն այդ սահմանադրական փոփոխությունները, վերադառնան նախագահական պետության, որից հետո սկսեն քաղաքական համակարգի լրջագույն փոփոխությունը։ Լուրջ, քաղաքական փոփոխությունների կարիք կա, ուզում եք՝ Քրիստոսին էլ բերեք, դրեք վարչապետ, միևնույն է` վերջում խաչելու են, որովհետև քաղաքական համակարգն այդպիսին է»։

Մեր զրուցակիցը կարծում է՝ մոտակա 3 ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա. «Եթե ինձ հարցնեին՝ Կարեն Կարապետյանը լա՞վ է խփում գոլ, թե՞ չէ, կասեի՝ լավ է խփում՝ որպես ոչ պրոֆեսիոնալ, բայց որպես վարչապետ՝ ինձ պետք է հետաքրքրի՝ ծրագիրը, բյուջեն, կատարողականը, փոփոխությունը ռեալ տնտեսության բնագավառում։ Ինչքան ես եմ տեղեկացված՝ չափազանց ծանր վիճակում է Հայաստանի տնտեսությունը»։

Մեր այն դիտարկմանը, թե այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգել է, որ Հայաստանին տնտեսական դեֆոլտ է սպառնում, Ա. Կարապետյանը նշեց, որ պետք չէ դա հասկանալու համար մեծ ֆինանսիստ լինել. «Այո, երևի ասաց՝ «սուս մնամ, սուս մնամ», վերջը չդիմացավ։ Դրա համար ոչ մի բան պետք չէ, տնտեսական 4-5 թվեր կան, որոնք ցույց են տալիս տնտեսական իրավիճակի բարդությունը, հատկապես ֆինանսական ոլորտում՝ դա լինի արտաքին պարտքը, բյուջեի դեֆիցիտը, հարկերի բարձրացման տեմպերն ու ձևերը, վերավարկավորման հնարավորությունները։ Ֆինանսիստ լինել պետք չէ դա հասկանալու համար, դա էլեմենտար բան է»։

Տեսանյութեր

Լրահոս