
«Դեֆոլտի մասին հայտարարություններն ավելի շատ քաղաքական նպատակներ են հետապնդում». Խոսրով Հարությունյան

Հայաստանին չի սպառնում արտաքին պարտավորությունները կատարելու անկարողության հեռանկար։ Նման տեսակետ 168.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը։
«Արտաքին պարտավորությունների կատարման առումով ֆինանսական անկարողության հեռանկար ես չեմ տեսնում։ Եթե խոսքը գնում է ընդհանրապես լարված բյուջետային իրավիճակի մասին, դա վարչապետն էլ է ասել։ Բայց դա, իհարկե, դեֆոլտ չէ։ Դեֆոլտը լրիվ այլ կատեգորիա է։ Նույնիսկ բյուջեի ռեցեսիան՝ կրճատումը, դեֆոլտ չի»,- ասաց Խ.Հարությունյանը։
Ըստ նրա՝ եթե չեն ներկայացնում կոնկրետ հիմնավորումներ, դեֆոլտի մասին հայտարարություններն ավելի շատ քաղաքական նպատակներ են հետապնդում։
Հիշեցնենք, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնացող «իրական տնտեսական աղետի` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ», մասին այսօր ահազանգել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։