Շառլ Ազնավուրը ՀՀ անկախության 25-­րդ տարեդարձի ընդունելություն է կազմակերպել

Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո­-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում հոկտեմբերի 10-­ին տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25­-րդ տարեդարձին: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ներկա էին ՄԱԿ-­ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Չոյ Քյոնգլիմը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ­ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Եվ թեև քառորդ դարը մեծ ժամանակահատված չէ ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգ տարիները մեր ժողովրդի համար եղել են վճռորոշ` անկախ պետականության ամրապնդման և ազգերի ընտանիքում վերաինտեգրման ճանապարհին:

ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդի բոլոր բարեկամներին, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին՝ առանձնահատուկ հիշատակելով Շվեյցարիայի Համադաշնությանը և Ժնևում տեղակայված միջազգային կառույցներին:

Շառլ Ազնավուրի առաջարկով ընդունելության մասնակիցները բաժակ ե բարձրացրել` հանուն Հայաստանի, հանուն հայ­շվեյցարական բարեկամության և հանուն մեր մոլորակի խաղաղ և բարեկեցիկ ապագայի: Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումներ»։

Տեսանյութեր

Լրահոս