«Հայաստանը լավագույն երկիրը չէ, որտեղ սիրիահայերը կուզենային ապրել, բայց պետք է փորձել նրանց համար ստեղծել պայմաններ». Գագիկ Հարությունյան
«Սիրիան վերածվել է սև խոռոչի, որտեղ ամեն մեկն ուզում է իր ազդեցությունն ունենալ, իր շահերը հետապնդել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ Սիրիայում որևէ մեկը լեգիտիմ չի գտնվում, բացի Ռուսաստանի զորամիավորումներից, «որոնք այնտեղ են Սիրիայի կառավարության հրավերով»:
Գ. Հարությունյանի գնահատմամբ՝ «Արաբական գարունը» շատ ծանր հարված հասցրեց հայկական համայնքներին Մերձավոր Արևելքում.
«Այնտեղի հայկական համայնքները հանդիսանում էին արևմտահայության ժառանգության, կոդի կրողները և շարունակողները: Գրեթե բոլոր համայնքները հայտնվեցին տարբեր երկրներում, և արևմտահայության մշակույթը փոշիացավ։ Սիրիայում մնացել են շատ քիչ հայեր, խոսքը գնում է մի քանի հազարի մասին»։
Բանախոսը նկատեց, որ հայերը հայտնվել են բավական ծանր վիճակում, որովհետև Հալեպում իրավիճակը «սարսափելի է».
«Բացի նրանից, որ անընդհատ հրետակոծվում է, չկա ջուր, երկու հիմնական կոյուղին վնասվել է, ու չեն կարողանում վերանորոգել: Սարսափելի վիճակ է, հայկական համայնքի քիչ ուժերը նույնպես մասնակցում են ինչ-որ գործողությունների, բավական օգնել են Ասադի զորքերին որոշ դրվագներում՝ կոնկրետ Հալեպում»։
Ըստ Գ. Հարությունյանի՝ Հայաստանը վաղուց պետք է փորձեր մեր հայրենակիցների խնդիրները լուծել: Նրա խոսքով՝ գուցե Հայաստանը լավագույն երկիրը չէ, որտեղ սիրիահայերը կուզենային ապրել, բայց պետք է փորձել նրանց համար ստեղծել պայմաններ:
Անդրադառնալով ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը՝ Գ. Հարությունյանը նշեց, որ դա շատ կարևոր հանդիպում էր, բայց, ըստ նրա՝ այնտեղ հիմնականում տնտեսական հարցեր են քննարկվել։ Նրա խոսքով՝ եթե ՌԴ-ն ուզում է պահպանել Սիրիայի պետականությունը, Թուրքիան իր անձնական խնդիրներն է ուզում լուծել. «Մեզ մոտ պատրանք կա, որ Թուրքիան այսօր շատ թուլացած, մասնատված վիճակում է, կարծում եմ՝ նրանց մոտ կա բավականին ուժեղ կոնսոլիդացիա Էրդողանի շուրջ»
Հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ ԼՂՀ հարցին անդրադարձ եղե՞լ է, Գ. Հարությունյանն այսպես պատասխանեց.
«Չեմ կարող պնդել, բայց խնդիրը երևի քննարկվել է։ Տարածաշրջանում լարվածություն և պատերազմ ամենից քիչ պետք է Ռուսաստանին։ Մենք քառօրյա պատերազմից դասեր ենք քաղել, կարծես դասեր է քաղել նաև Մոսկվան, որը երևաց Հայաստանում իսկանդերների հայտնվելով»։
Գ. Հարությունյանը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հանգուցալուծման առումով լավատես չէ.
«Առայժմ չկան այն նախանշանները, որոնք ցույց կտան, որ այս գործընթացները որոշակի բանաձևով կարող են վերջանալ: Կարծում եմ, անկախ ամեն ինչից՝ հայերն այնտեղ արդեն գործ չունեն անելու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։