Ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում իր հենասյուներից
Իշխող քաղաքական ուժի հենասյուներ համարվող Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը և այլք ընդամենն ազատվել են վարչական պաշտոններից, պետական ծառայությունից, բայց այդ անձինք ՀՀԿ անդամ են և կուսակցությունից չեն հեռացվել, այսինքն՝ կուսակցությունը կարող է նրանց օգտագործել ոչ միայն՝ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մեքենան աշխատեցնելու համար, այլև՝ ապագայում ԱԺ պատգամավորի մանդատ շնորհել նրանց։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «սուրիկխաչատրյանների» փոփոխությունը նշանակո՞ւմ է, որ իշխանությունը հրաժարվում է իր հենասյուներից։
«Նրանց հեռացումը դեռևս ոչինչ չի նշանակում, նրանք մնում են իշխող կուսակցության ղեկավար ներկայացուցիչներ, որովհետև Գագիկ Բեգլարյանն անգամ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, այսինքն՝ իշխող կուսակցության ամենաբարձր մարմնի անդամ է, իսկ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ խորհրդի անդամ է: Այսինքն՝ միջին ղեկավար օղակի անդամ է, և նրանք իրենց դիրքերը պահպանում են կուսակցության մեջ»,- ասաց Ա.Բադալյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի ասել, որ հենց այդ անձինք էին ընտրակեղծիքների հենասյուները, որովհետև ընտրակեղծիքների համար ստեղծվել է ինստիտուտ, որտեղ Գագիկ Բեգլարյա՞նը, Սուրիկ Խաչատրյա՞նը կլինի, թե՞ մեկ այլ անձ, այդ ինստիտուտը կաշխատի մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ արդյունավետ, կամ ոչ այնքան, բայց այնուամենայնիվ, այդ ինստիտուտն աշխատում է՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ ինստիտուտի օղակները։ Ա.Բադալյանի կարծիքով՝ այդ օղակներին փոխելն էական դերակատարում չունի, կարևոր է այդ ընտրակեղծիքների ինստիտուտը վերացնելը.
«Չմոռանանք, որ մյուս տարի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, և մենք չգիտենք՝ հեռացված անձինք այդ ինստիտուտում դերակատարում ունենալո՞ւ են, թե՞ ոչ, որպեսզի ասենք՝ հենասյուները վերացվե՞լ են, թե՞ ոչ։ Շատ հնարավոր է՝ նրանք այդ ինստիտուտն աշխատեցնող օղակի դերը պահպանեն և որպես պարգև ստանան որևէ այլ պաշտոն կամ պատգամավորի մանդատ։ Այսինքն՝ այսօր նրանց հեռացումը դեռևս ոչինչ չի նշանակում»։
Դիտարկմանը, որ նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում, ենթադրվում է, որ Կարեն Կարապետյանն իր թիմով համալրելու է ՀՀԿ-ի շարքերը, իսկ վարչապետը զբաղեցնելու է նաև ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը, Ա.Բադալյանը պատասխանեց, որ դա դեռևս տեղի չի ունեցել, և կարելի կլինի խոսել միայն դրա իրականություն դառնալուց հետո։
«Բայց մի բան կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը կառավարության ձևավորմամբ չի ավարտվել։ Իսկ ՀՀ իշխանության ձևավորման վրա մեծ դերակատարում ունի ինչպես՝ Ռուսաստանը, այնպես էլ՝ Արևմուտքը, նաև ՀՀ որոշ կլանային խմբավորում։ Եվ, բնականաբար, Ռուսաստանը, որ ակտիվ մասնակցություն ունեցավ կառավարության ձևավորման գործընթացին, չեմ կարծում, որ միայն դրանով կբավարարվի։ ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը մինչև խորհրդարանական ընտրություններ տեղի կունենա և դրանից հետո էլ կշարունակվի։
«Իշխանության ձևավորման գործընթաց» ասելով՝ մենք պետք է հասկանանք ոչ միայն՝ կառավարության անդամների, մարզպետների նշանակում, այլ նաև իշխող ՀՀԿ մարմնի ձևավորում, այլ քաղաքական ուժերի ստեղծում-ձևավորում և ընտրական գործընթացի անցկացում և խորհրդարանի քաղաքական համայնապատկերի ստացում։ Ես չեմ կարող ասել՝ Կարեն Կարապետյանը կանդամագրվի՞ ՀՀԿ-ին, թե՞ ոչ, բայց հնարավոր են տարբեր զարգացումներ, և չի բացառվում նաև այդ տարբերակը»,- ասաց Ա.Բադալյանը՝ կրկին շեշտելով, որ բոլոր այն գործոնները, ինստիտուտները, որոնք հանդիսանում են ՀՀ ղեկավար մարմիններ, դրանց վերաֆորմատավորման գործընթացն արդեն սկսվել է, տեսանելի է, և սկսվել է ավելի շատ դրսից, քան ներսից։ Թե ո՞ւր է տանում այդ գործընթացը, ըստ Ա.Բադալյանի՝ կերևա առաջիկայում, բայց եթե վարչապետը նշանակվել է Ռուսաստանից, դա միանշանակ չի նշանակում, որ ՀՀ ղեկավար մարմինը ռուսամետ է լինելու, քանի որ կան շատ չերևացող գործոններ։