Հայաստանի փոխարտգործնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման 2-րդ փուլի շրջանակներում ծավալված համագործակցությունը, որի շնորհիվ վերագործարկվել է արդիականացված E-VISA էլեկտրոնային համակարգը և մշակվել Հայաստանի քաղաքացիների հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգը:
Միգարա դե Սիլվան հանդիպմանը նշել է, որ Հայաստանի արտգործնախարարության հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է, և կարևորել է ծրագրի 3-րդ փուլով նախատեսված միջոցառումները, որոնք հիմնականում միտված են լինելու նախարարության համակարգում գործող «Էլեկտրոնային հյուպատոսություն» համակարգի ընդլայնմանն ու զարգացմանը:
Կարեն Նազարյանն իր հերթին ընդգծել է, որ նշված միջոցառումները ևս կիրականացվեն նախանշված ժամկետներում, արդյունքում օպտիմալացնելով մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերը, կրճատելով դրանց ժամկետները ու դրանով իսկ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը: Փոխնախարարը հավելել է, որ միջոցառումներն առաջնահերթորեն նպատակ են հետապնդում իրականացնել օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: