Բաժիններ՝

«Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ևս մեկ պատերազմի». The National Interest

Ամերիկյան The National Interest-ում գրած հոդվածում լրագրող Միցա Սպանգլերը (Micah Spangler), անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանում դժվար է ինչ-որ մեկին զարմացնել:

150 հազար բնակչություն ունեցող այդ փոքրիկ երկրի բնակիչները ստիպված էին սպասել անսպասելիին, գտնվել անվերջ քաղաքական անորոշության մեջ, որը տեխնիկապես գոյություն չունի, որպես երկու տասնամյակ ձգվող կողմեր՝ մի հակամարտության մեջ, որը դժվար թե երբևէ խորագիր դառնար:

Բայց դա տեղի ունեցավ ընդամենը մի քանի ամիս առաջ։

«Ապրիլյան պատերազմն իսկապես անակնկալ էր մեզ համար»,- ասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարն ինձ՝ այս չճանաչված հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը նշելուց 1 օր անց։
Տոնը հաղթական էր, սակայն դեռ մթագնված էր այդ իրադարձությամբ։

Զանգվածային շքերթն ու հաղթական հրավառությունը խորապես ստվերված էին 5 ամիս առաջ տեղի ունեցած պատերազմի շուրջ 100 զինվորների մահով, երբ Ադրբեջանն ու ԼՂՀ-ն պայքարում էին քառօրյա պատերազմում, ինչը 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր ամենամահացու բախումն էր:

Ադրբեջանի այդ հարձակումների ուժգնությունն այն հողատարածքներում, որոնք պատկանել են նրանց 1924թ. հետո, ակնհայտորեն ցնցեց ԼՂՀ-ի ղեկավարությանը։ Դա սխալ էր, որը կրկնելու իրավունք չունեն։

Լրագրողը նշում է, որ ԼՀՂ-ն ու Հայաստանը մեծ ջանքեր են գործադրում, որ Ադրբեջանը նորից չկարողանա նրանց հանկարծակի բերել։

«Մենք ակտիվորեն ուժեղացնում ենք մեր առաջնագիծը, շատ ինտենսիվորեն։ Ապրիլին մենք առաջնագծում բավարար քանակությամբ տեսախցիկներ չունեինք: Ներկայումս մենք առաջնագծում տեղադրում ենք ժամանակակից C4ISR համակարգեր, որոնք մեզ թույլ կտան հետևել առաջնագծին որոշակի խորությունից»,- Ստեփանակերտում ինձ ասաց ԼՂ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը:

Օգտագործելով այդ նոր՝ արդիականացված համակարգերը, ԼՂ կառավարությունը հայտարարում է, որ իրենք ի վիճակի կլինեն դիմակայել Ադրբեջանի անսպասելի հարձակմանը, քանի որ Ադրբեջանի տարածքի խորքում ցանկացած շարժում արձանագրվում է տարբեր հեռահարության տեսախցիկների միջոցով, ինչը Լեռնային Ղարաբաղի բանակին հնարավորություն է տալիս ցուցաբերել ուժեղ պաշտպանություն և հակահարձակման նախապատրաստվել, անգամ թիրախավորել նրանց սարքավորումներն ու զորամիավորումները։

Ավելին, հավելյալ կինետիկ ռազմական սպառազինությունը, որը մատակարարում է Ռուսաստանը, ճանապարհին է։

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Մոսկվան համաձայնել է Հայաստանին 200 մլն դոլար վարկով վաճառել սպառազինություն։ Գործարքը ստորագրվել էր ապրիլյան պատերազմից երկար ժամանակ առաջ, սակայն սպառազինությունը հասավ ամիսներ անց, իսկ Հայաստանը տարիներ շարունակ ականատես էր լինում, թե ինչպես է իր անհամեմատ հարուստ հարևանը հզորացնում իր ռազմական հարձակողական ունակությունները: Ադրբեջանը, որը հարուստ է նավթի պաշարներով, ռեկորդային չափերի հասնող միլիոնավոր դոլարներ է ծախսում բանակի վրա՝ Ռուսաստանից գնելով սպառազինություն։

9.5 մլն բնակչություն ունեցող երկիրը մոտավորապես 5 մլրդ դոլար է ծախսել իր ռազմական կարիքների վրա միայն 2015թ., այդ թվում՝ գնելով 100 նոր T-90 տանկեր, որը Ռուսաստանի զինված ուժերի ամենաարդիականացված տանկն է։

200 միլիոն դոլարի վարկի սպառազինություների թվում Հայաստանը գնել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ), ՏՕՍ-1 «Բուրատինո» – համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, որոնք, թվում է, թե նախատեսված են 1994թ. հրադադարի գծում տեղակայման համար, որտեղ ապրիլին ռազմական գործողություններ էին ծավալվել։

Մինչ ԼՂ-ում մտածում են, թե արդյո՞ք նոր սպառազինությունն անմիջականորեն կօգտագործվի իրենց ուժերի կողմից, տարածաշրջանային փորձագետները սպասում են, որ դրանք ճանապարհ կբացեն դե դակտո Լեռնային Ղարաբաղի անկախության համար։

«Ոչ մի տարբերություն չկա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև»,- ասել է 1994-1997թթ. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը։

Վերջինս կարծում է , որ չկա Լեռնային Ղարաբաղի բանակ, այդ ուժերն ինտեգրված են Հայաստանի ԶՈՒ-ին, և անհնար է, որ ԼՂ-ն կարողանա հոգալ իր միջոցներով ռազմական ծախսերը։

«Այլ կերպ ասած՝ Հայաստանը Ղարաբաղի համար ձեռք է բերում ռազմական գնումներ»,- կարծում է ամերիկացի դիվանագետը։

Լրագրողի դիտարկմամբ՝ այնպիսի տպավորություն է, թե այդքան էլ երկար ժամանակ չի պահանջվի ԼՂ-ից, երբ նոր սարքավորումները գործի կդրվեն։

Լրագրողը, վկայակոչելով Արտակ Բեգլարյանի խոսքերը, նշում է, որ ապրիլյան պատերազմը սկսելու համար եղել են քաղաքական և ռազմական շարժառիթներ։

«Ճիշտ պահ էր, ճիշտ ժամանակ Ադրբեջանի համար՝ փորձելու օգտագործել Հայաստանի (և Ղարաբաղի) և Ադրբեջանի միջև ռազմական անհավասարակշռությունը: Այդ պահին Ադրբեջանն անհամեմատ ավելի շատ սպառազինություն էր ստացել, իսկ Հայաստանը՝ ոչ։ Ադրբեջանը դա գիտեր, և նրանք փորձեցին օգտագործել այդ հնարավորությունը»,- ասում է նա։

Այս ռազմական անհավասարակշռությունը պահպանվում է, դա օգտագործելու պատճառները՝ ևս։

Լրագրողն այնուհետ անդրադառնում է Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեին, որը երկարաձգում է նախագահ Ալիևի իշխանությունը, և նվազող տնտեսական ցուցանիշների պարագայում թվում է, թե Ղարաբաղին մոտենում է մեկ այլ հարձակման վտանգ։
Արտակ Բեգլարյանն ասում է, որ, եթե Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ բռնկվի, դա կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է, որ ինքը դժբախտաբար կանխազգում է, որ Ադրբեջանը դարձյալ կհարձակվի Արցախի վրա։ Լրագրողի ուշադրությունից չի վրիպում այն, որ վերջինս օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանման ավանդական՝ հայկական անվանումը։

«Հոկտեմբերը կարող է նոր հարձակման համար ժամանակ լինել»,- կարծիք է հայտնել Թևան Պողոսյանը։

Եթե դա տեղի ունենա, ըստ ամերիկացի լրագրողի, դա կնշանակի՝ երկու մահացու բախում Լեռնային Ղարաբաղի համար վերջին 9 ամսում: Դա վերջապես կհիշեցնի աշխարհին, որ այս երկար ժամանակ անտեսված սառեցված հակամարտությունը սկսել է արագորեն տաքանալ։

Լրագրող Միցա Սպանգլերը բնակվում է Վաշինգտոնում։ Նրա հոդվածները տպագրվում են CNN-ում, The Daily Beast-ում, VICE-ում, Maxim-ում, The Week-ում և այլուր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս