«Անկախ՝ նրանց մտքին ինչ կա, անկախ՝ ով ում հետ ինչ է պայմանավորվել, մենք էլ ենք մտնում խաղի մեջ». Գագիկ Մակարյան
«Գործարար համայնքն էլ այդքան միամիտ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գործարար աշխարհի՝ նոր կառավարությունից ունեցած ակնկալիքների մասին՝ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նա նշեց, որ նոր կառավարության քայլերին արձագանքելու համար ժամանակ է հարկավոր. «Ես «վստահություն» բառը չեմ օգտագործում դեռ, ես ասում եմ` սիրաշահել և հույսեր արթնացնել հանրության մեջ, այդ թվում՝ նաև բիզնեսի մեջ»։
Գ. Մակարյանի խոսքով՝ տնտեսվարողները շատ զգուշավոր են, և նրանք, կարծես, բնության տրված օրենքներով՝ եղնիկի նման ականջներն այս կողմ, այն կողմ են շարժում՝ տեսնելու համար՝ վտանգները որտեղից են գալիս. «Մենք պետք է այդ վտանգները կառավարենք։ Մեր տնտեսությունը չպետք է կախված լինի մեկ կետից։ Մենք պետք է ռիսկերի կառավարման մոդելներ կիրառենք։ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ ճգնաժամի մեջ է եղել, դա խրոնիկական բնույթ է ստացել։ Հետևաբար, մենք մեր մոդելը պետք է ունենանք»։
Նա հայտնեց, որ իրենք կառավարության հետ հանդիպել են անցյալ շաբաթ. «Շատ արագ ընկալման, խնդիրները լսելու տենդենց նկատեցի։ Հաջորդ օրը կառավարության նիստ էր, որոշ կետեր օրակարգում երևացին արդեն։ Հիմա մենք այսօր կառավարության համար մեր առաջարկների փաթեթն ենք ուղարկելու, որտեղ մենք բավականին մեծ բլոկներով տվել ենք մեր տեսակետն ու պահանջները։ Երբ ստանալուց հետո տեսնեմ՝ ինչ վերաբերմունք կա, դրանից հետո պարզ կլինի մեր արձագանքը, բայց հույսեր ներշնչում է։ Անկախ՝ նրանց մտքին ինչ կա, անկախ՝ ով ում հետ ինչ է պայմանավորվել, մենք դա դնում ենք մի կողմ, մենք էլ ենք մտնում խաղի մեջ՝ մեր դիրքով, հեղինակությամբ, ազդեցությամբ, և ճնշելով, սեղմելով, քշելով՝ պետք է տանենք առաջ»։