«Այն քաղաքացին, որն ասում է՝ ա՜յ Փաշինյան ջան, որ էդ Շարմազանովը ձեռքս ընկնի՝ փրթիկ-փրթիկ կանեմ, Շարմազանովին էլ ասում է՝ էդ Փաշինյանը որ ձեռքս ընկնի, փրթիկ-փրթիկ կանեմ»
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց, որ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքում ևս մեկ անգամ հասկանալի դարձավ՝ մեզանում ԿԸՀ-ի դերն ու նշանակությունն ընտրությունների արդյունքների ձևավորման գործում չափազանցված է և չհասկացված. «Նա արձանագրում է ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ՝ թե ով է տվյալ պահի իշխանությունը, ով է տիրապետում իրավիճակին և ով է իր հսկողության տակ առնում իշխանությունը։
ԿԸՀ-ն ու Սահմանադրական դատարանը, ըստ էության, նույնական գործառույթ են իրականացնում։ Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ապա կարևոր է հասկանալ, թե դրանք ինչպես ձևավորվեցին։
Ժամանակն է արձանագրել, որ Հայաստանում կա մի ազդեցիկ ընտրական ինստիտուտ, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել. դա ընտրական հարյուրապետերի ու հազարապետերի ինստիտուտն է։ Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց թաղերում, իրենց շենքերում ամենամեծ ազդեցությունն ունեն մարդկանց կարծիքի ձևավորման վրա։ Նույնիսկ ավելի մեծ ազդեցություն, քան ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած իշխանավոր։ Այս մարդիկ, ըստ էության, միջնորդի դերակատարում են ստանձնում իշխանության և բնակիչների միջև, տարբեր նյութական և ոչ նյութական ծառայություններ մատուցում, և, ի վերջո, ընտրական կողմնորոշումը դարձնում են այն գործոնը, որի միջոցով իրենց ծառայությունը պետք է շարունակեն»։
Նրա խոսքով՝ վերջին ՏԻՄ ընտրություններում ընտրական արդյունքներն 90%-ով ձևավորվել են տեղամասեր եկած քաղաքացիների արած քվեարկության շնորհիվ, և ըստ նրա՝ ստացվում է, որ Վանաձորում, Գյումրիում և այլ տեղերում ՀՀԿ-ն առաջին տեղն է գրավել. «Ես հիմա հասկանում եմ, թե ամեն անգամ այս ամբիոնից, երբ հանրապետականներին ասում են, որ ժողովուրդն իրենց ատում է, իրենցից զզվում է, ինչու է այդ շարքերում խլրտում սկսվում։
Երկար ժամանակ մտածում եմ հետևյալի մասին, որ այն քաղաքացին, որն ինձ փողոցում բռնում ու ասում է՝ ա՜յ Փաշինյան ջան, գիտե՞ս, որ էդ Շարմազանովը ձեռքս ընկնի՝ փրթիկ-փրթիկ կանեմ, ո՜նց եմ դրանից զզվում, նույն կերպ էլ Շարմազանովին տեսնելիս ասում է՝ Շարմազանով ջան, էդ Փաշինյանը որ ձեռքս ընկնի, է՜, փրթիկ-փրթիկ կանեմ, չես պատկերացնի՝ ո՜նց եմ դրանից զզվում»։
Այս ամենի պատճառը, ըստ Փաշինյանի՝ այն է, որ Հայաստանում քաղաքականությամբ հետաքրքրվող մարդկանց 95%-ը կոնկրետ շահագրգռություն ունի. «Ինձ տեսնում, մտածում է՝ սա կարող է վաղը-մյուս օրը մի լավ գործի գնա, կասեմ՝ հիշո՞ւմ ես՝ Շարմազանովին ինչ էի անում։ Շարմազանովի համար էլ մտածում է՝ դե՛, նաղդ իշխանություն է, թող տեսնի, որ այդ ընդդիմադիրներից զզվում եմ, մի քյար կլինի։ Սա լուրջ հարց է, պետք է մտածենք՝ պատճա՞ռ է, թե՞ հետևանք։
Հայաստանում քաղաքականության մեջ ներգրավված գաղափարական մարդ չկա։ Ես նկատի ունեմ քաղաքական էլիտային ու ընտրողին։ Իր համար ավելի կարևոր է՝ ատամի պրոթեզի հարցը կարողանո՞ւմ ես լուծել, ակնոց կարողանո՞ւմ ես տալ, իրեն գործի կարողանո՞ւմ ես ընդունել, իր ռեցիդիվիստ եղբորը բանտից կարողանո՞ւմ ես ազատել, թե՞ ոչ…. սա է քաղաքական գործոնը, այսինքն՝ հիմնական քաղաքական գործոնը փողն է։ Եվ հիմա հարց է ծագում՝ ի՞նչ պետք է անի այն ընդդիմությունը, որը կցված չէ որևէ օլիգարխի և, ասենք, ֆինանսական հոսքեր չունի»։
Փաշինյանի կարծիքով՝ փոփոխությունների միակ հիմքը ժողովրդի կամարտահայտությունն է. «Այն ուժը, որն ընտրություններին 3-5 տոկոս է հավաքում, չի կարողանա հեղափոխություն անել, եթե անգամ 3 հատ տանկ տան։ Երբ «Սասնա ծռերն» ասացին՝ ապստամբության կոչ ենք անում, զենք վերցրեք, քանի՞ հոգի զենք վերցրեց։ Համոզված եմ, որ իրենց հազար հոգի ասել էին՝ խփեք դրանց, իսկ Շարմազանովին տեսնելիս էլ երևի ասում են՝ փակեք դրանց, գնան»։