Սիրիահայերն ուզում են գալ Հայաստան, պարզապես ինքնաթիռի տոմսի գումար չունեն
«Դժբախտաբար, Մերձավոր և Միջին Արևելքի մեր ամենակենսունակ հայ համայնքներից մեկը հայտնվեց ծանր հարվածների տակ, և շուրջ 250 հազար հայությունից այնտեղ այսօր բնակվում է շուրջ 20 հազար հայ։
Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առավել մեծ սրումներ տեղի ունեցան պատերազմական իրադարձություններում, և մենք հայ համայնքից ունենք 8 զոհ, 11 վիրավոր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ նշելով, որ այսօր վիճակն ավելի ծանր է, ու Հայաստանի կառավարությունը երեկ առաջին սննդով բեռնված ինքնաթիռն է ուղարկել Սիրիա։
«ԻԼ-76-ով 20 տոննա սննդամթերք ենք տեղափոխել Լաթաքիա, որտեղից ռուսական զորքի հսկողությամբ կտեղափոխվի Հալեպ։ Այսօր կամ վաղը կթռչի երկրորդ ինքնաթիռը՝ նույն բեռով։ Հիմնական խնդիրը սննդամթերքին ու ջրին է վերաբերում, և օգնությունը կկրի համակարգային բնույթ»,- ասաց նա։
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ սիրիահայերը չեն տեղափոխվում Հայաստան, նա պատասխանեց.
«Այնքան էլ ուղիղ կամ հեշտ չէ սիրիահայերի տեղափոխման կազմակերպումը Հայաստան։ Սիրիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերն ունեն բազմաթիվ պարտականություններ այդ պետության հանդեպ. Նրանք ունեն և՛ զինապարտության նկատմամբ պարտականություններ, և՛ բանկային ինչ-ինչ խնդիրներ ունեն, և այլն։ Ամենից առաջ՝ մարդն ինքը պետք է ցանկանա գալ։
Հայաստանից չենք կարող գնալ՝ նրանց բերել, դա բավականին լուրջ տարաձայնությունների տեղիք կտա երկու պետությունների միջև։ Մեր հայրենակիցները պետք է դիմեն Սիրիայի Հայկական հյուպատոսարան։
Եթե հյուպատոսարանին չեն դիմում, թող դիմեն շտապօգնության ուժերի համակարգող պարոն Ռայեսյանին։ Եթե որևէ սիրիահայ կարող է վկայել, որ ինքը դիմել է այդ պաշտոնական աղբյուրներին, և միջոցներին ու քայլեր չեն ձեռնարկվել մեր կառավարության կողմից, ես պատրաստ եմ իմ ամեն բառի համար պատասխան տալ։ Հայտնի դեպքերից հետո 20 հազարից ավելի սիրիահայեր եկան Հայաստան, նրանցից 13 հազարն արդեն ունի Հայաստանի քաղաքացիություն, նրանց աշակերտների ուսումնական խնդիրները լուծվել են, ուսանողների վարձավճարների խնդիրները լուծվել են, իրավական, առողջապահական խնդիրները լուծվել են»։
Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ նրանք նախընտրում են մնալ պատերազմական գոտում, քան գալ Հայաստան, որտեղ վիճակն ավելի վատ է, նա այսպես արձագանքեց.
«Դուք ի՞նչ եք կարծում՝ պատերազմական իրավիճակում ամեն օր արյուն տվող մարդն ավելի լավ կհամարի այդ իրավիճակում ապրե՞լը, թե՞ մի քիչ սոցիալական խնդիրներին դիմակայելով՝ ապրի Հայաստանում»։
«Հալեպ» հայրենակցական բարեսիրական հ/կ տնօրեն Հայասա Թահմազյանը, սակայն, նշեց, որ սիրիահայերն ուզում են գալ Հայաստան, պարզապես ինքնաթիռի տոմսի գումար չունեն.
«Երբ 2015թ. մեծ թափ ստացան Սիրիայի հայկական թաղամասերի ռմբակոծությունները, Հայաստանում հաստատված մեծաթիվ սիրիահայեր դիմեցին մեր կազմակերպությանը, որ օգնենք Սիրիայում գտնվող իրենց հարազատներին՝ ձեռք բերել մեկ ուղղությամբ տոմս՝ դեպի Հայաստան։
Այս առիթով մենք նախաձեռնեցինք «Փրկիր մի կյանք» ծրագիրը և ստացանք մոտավորապես 600 դիմումագիր, որպեսզի իրենց հարազատները գան Հայաստան։ 2015թ. մինչ օրս մեր կազմակերպությունը հավաքագրել է 350 տոմսի գումար (յուրաքանչյուր տոմսի արժեքը 500 դոլար է)։ Այսօրվա դրությամբ այս ծրագրի շրջանակներում 250 սիրիահայ տեղափոխվել է Հայաստան, իսկ մինչև նոյեմբեր 100-ն էլ տեղափոխվելու է։ Այս երկու ամսվա ընթացքում դիմել է 30 հոգի, որոնք հենց այդ 100-ի մեջ են»։
Ասուլիսի երկու բանախոսների այս հակասությունը նրանք բացատրեցին նրանով, որ սիրիահայերից շատերն ունեն որոշակի ունեցվածք, որ պետք է վաճառեն ու գան Հայաստան։ Հայասա Թահմազյանն ասաց, որ խնդիրը հենց դա է.
«Մարդիկ ցանկանում են պատերազմական իրավիճակում վաճառել իրենց ունեցվածքը։ Նույնիսկ ունեինք դիմումներ՝ Հայաստան գալու համար, բայց զուտ ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվում են։ Մենք նրանց հորդորում ենք գալ Հայաստան՝ նշելով, որ տոմսերով ապահովում ենք, բայց կենցաղային խնդիրների պատճառով շատերը հրաժարվում են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: