Ի՞նչ իրավունքով է պետությունը միջամտելու մասնավոր ձեռնարկության կառավարմանը
«Ես կարծում եմ, որ ֆինանսական աջակցության քննարկումը կոնկրետ մթերող կազմակերպության ֆինանսական առողջացման նպատակով շատ ավելի լուրջ տնտեսագիտական քայլ է, քան պարտադրել որևէ գործարանի խաղողի մթերում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ Աղավնաձոր գյուղում «Վեդի Ալկո» ընկերության ունեցած պարտավորությունների խնդիրը լուծելու համար քննարկվում է պետական ֆինանսավորման և ամբողջ կառավարումն իր վրա վերցնելու հարցը:
Ըստ նրա` աջակցությունը միայն ֆինանսական չպետք է լինի. «Կարծում եմ` կառավարության կողմից պետք է լինի նաև մթերված խաղողի արտադրանքի իրացման հետ կապված աջակցության ճանապարհներ փնտրելը: Ես համոզված եմ, որ նոր ձևավորված կառավարությունը կաշխատի նաև այդ ուղղությամբ, որպեսզի մթերող կազմակերպությունների տնտեսական առողջացման համար աջակցի նաև այդ առումով` իրացման շուկաների փնտրման և արտադրված արտադրանքի իրացման ճանապարհներ որոնելու ուղղությամբ»:
Թե ի՞նչ իրավունքով է պետությունը միջամտելու մասնավոր ձեռնարկության կառավարմանը, Գ.Մելիքյանը նշեց, որ դա ընդամենն աջակցություն է, միջամտություն չէ, և մասնավորը դեմ չի լինի, եթե իրացման շուկաների խնդիր ունենա, հակառակ պարագայում մասնավորն իրականում չի ցանկանա, նաև դա գյուղատնտեսության վրա նույնպես բացասական հետևանքներ կունենա. «Բայց երբ մենք իրացման շուկաների հայթայթման պարագային կարողանանք աջակցություն ցուցաբերել մթերող կազմակերպության համար, այդ ժամանակ իսկապես տնտեսական աճ, տնտեսության զարգացում կունենանք: Մենք բոլորս համատեղ պետք է աշխատենք, որպեսզի մթերված արտադրանքից ստացված արդյունքը կարողանանք ճիշտ ճանապարհով իրացնել, շուկաներ հայթայթել»:
Դիտարկմանը, որ, փաստորեն, նախորդ կառավարությունները, երբ մթերողներին պարտադրում էին ցանկացած պարագայում մթերել խաղողը, սխա՞լ էին, Գ.Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ տնտեսագիտության տեսակետից դա այնքան էլ արդյունավետ ճանապարհ չէ, բայց հակառակ պարագայում էլ գյուղացին է հայտնվում խնդիրների առաջ»: