Ովքեր են ԱԺ դոլարային միլիոնատերերը, որքան դրամական միջոցներ ունեն խմբակցությունները և ավելին (գծապատկերներ)
«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն այսօր ներկայացնում էր ՀՀ ԱԺ պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերի մշակված տվյալները։
Ինչպես հայտնի է, ԱԺ պատագամավորներն ու նրանց հետ փոխկապակցված անձինց լրացնում են տարեկան հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում։
Հայտարարագրերը հրապարակվում են PDF ձևաչափով և ընդհանուր վերլուծություններ անելու համար անհրաժեշտ է նախ առանձին-առանձին վեր հանել տվյալները, որը բավականին ժամանակատար և ռեսուրսատար գործ է։
«ԱԺ մոնիտորինգ»-ը պատգամավորների մասով լուծել է այդ խնդիրը. մշակվել են ԱԺ 5-րդ գումարման բոլոր պատգամավորների տվյալները՝ դրամական միջոցների, եկամուտների, գույքի և փոխառությունների մասով՝ 2012 և 2015 թվականի համար։ Ստեղծվել է հարմար գործիք, որի օգնությամբ, օգտագործելով ճկուն ֆիլտրեր, կարելի է միանգամից տեսնել՝ որքան են, օրինակ, ՀՀԿ խմբակցության դրամական միջոցները կամ ինչ եկամուտներ են ունեցել մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները։
Տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը «ԱԺ մոնիտորինգ»-ի համար իրականացրել է B4B.am կենտրոնը։ Մշակմանը զուգահեռ՝ կատարվել է նաև համառոտ վերլուծություն, որի արդյունքներն այսօր «Մեդիա-Կենտրոնում» ներկայացրեց կենտրոնի հիմնադիր Բաբկեն Թունյանը։
Ներկայացնենք առավել կարևոր հատվածները։
Ամենից շատ դրամական միջոցներ 2015 թվականի վերջի դրությամբ հայտարարագրել է Գագիկ Ծառուկյանը՝ 16.6 մլրդ կամ 34.4 մլն դոլար։ Ծառուկյանին հաջորդում են Սամվել Ալեքսանյանը՝ 8.8 մլն դոլարին համարժեք դրամական միջոցներ, և Գրիգորի Մարգարյանը՝ 5.2 մլն դոլարին համարժեք դրամական միջոցներ։
ԱԺ բոլոր 131 պատգամավորները միասին 2015թ. ավարտին հայտարարագրել են 12 մլրդ 555 մլն 318.9 հազար դրամ, 47 մլն 722.5 հազար դոլար, 15 մլն 310.9 հազար եվրո, 3.7 մլն ռուբլի և 7000 շվեյցարական ֆրանկ։
Դրամային արտահայտությամբ ԱԺ բոլոր պատգամավորների տարեվերջին հայտարարագրած ընդհանուր գումարը 43 մլրդ 463.7 մլն դրամ է, դոլարային արտահայտությամբ՝ 89.8 մլն դոլար։
Ընդհանուր գումարը տարեսկզբին եղել է 93.7 մլրդ դրամ, տարեվերջին նվազել 50 մլրդ դրամին համարժեք գումարով։ Նվազման հիմնական «մեղավորը» Գագիկ Ծառուկյանն է, որի դրամական միջոցները նվազել են 47 մլրդ դրամով։
Դրամական միջոցների մեծ մասը՝ 53%-ը, 2015 թվականի վերջին եղել է ԱՄՆ դոլարով։ ՀՀ դրամով դրամական միջոցների տեսակարար կշիռը 29% է, եվրոյինը՝ 18%։ Ուշագրավն այն է, որ 2015 թվականի սկզբին գերակշռել են ՀՀ դրամով պահվող դրամական միջոցները։
Ըստ առանձին խմբակցությունների՝ ամենից շատ դրամական միջոցներ 2015 թվականի վերջին ունեցել է ԲՀԿ-ն (եթե ԲՀԿ անդամ դիտարկենք նաև
Գագիկ Ծառուկյանին)։ ԲՀԿ պատգամավորները միասին դրամային արտահայտությամբ ունեցել են 25.4 մլրդ դրամ, ՀՀԿ-ն՝ 14.9 մլրդ դրամ, ՀՅԴ-ն՝ 343.6
մլն դրամ, որը կազմում է կազմում է ընդհանուր դրամական միջոցների 58.75%-ը։
ՀՀԿ-ին բաժին է ընկնում ընդհանուր դրամական միջոցների 34.44%-ը, խմբակցությունների մեջ չընդգրկված պատգամավորներին՝ 5.89%-ը։
2012-2015 թվականների ընթացքում ամենից շատ նվազել են ՀԱԿ խմբակցության պատգամավորների ընդհանուր դրամական միջոցները՝ 64.9%-ով։ Իսկ ամենից շատ՝ 116.2%-ով, աճել են ՕԵԿ-ի փողերը։
Ինչ վերաբերում է եկամուտներին, նշենք, որ ԱԺ 131 պատգամավորների ընդհանուր
եկամուտները 2015 թ. ընթացքում կազմել են շուրջ 18.7 մլրդ դրամ։ 2012 թ. համեմատ ԱԺ պատգամավորների տարեկան եկամուտները նկատելիորեն ավելացել են. 2012-ի
ընթացքում նրանք հայտարարագրել էին մոտ 13 մլրդ դրամի եկամուտ։
2015 թվականի ընթացքում ամենից շատ եկամուտ ստացել է Գագիկ Ծառուկյանը՝ 6.28 մլրդ դրամ, երկրորդ տեղում Աշոտ Արսենյանն է՝ 6 մլրդ դրամ, երրորդում՝ Գուրգեն Արսենյանը՝ 1.8 մլրդ դրամ։
Իսկ ինչ աղբյուրներից են գոյացել պատգամավորների եկամուտները։ Ինչպես տեսնում եք ներկայացված աղյուսակից, ընդհանուր եկամուտների մոտ 45%-ը գոյացել է հանձնած փոխառությունների դիմաց ստացված հատուցումներից և տոկոսներից։ Հաջորդ տեղում շահաբաժիններն են (33.75%)։
Աշխատավարձը կազմում է ընդհանուր եկամուտների 4.9%-ը։ Նշենք նաև, որ 131 պատգամավորներից 68-ը որպես եկամտի միակ աղբյուր նշել են աշխատավարձը։