
Երկաթե նանոմասնիկները կարող են քաղցկեղի դեմ պայքարի միջոց դառնալ. գիտնականներ

Գիտնականները պատահաբար հայտնաբերել են, որ երկաթե նանոմասնիկները, որոնք ստեղծվել են որպես դեղ սակավարյունության դեմ, իմունիտետին հարկադրում են ուշադրություն դարձնելու քաղցկեղային բջիջների վրա եւ ոչնչացնելու դրանք: Այս մասին ասված է Nature Nanotechnology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Մենք խիստ զարմացանք, որ այդ նանոմասնիկները մկան մարմնի ներսում մակրոֆագերին հարկադրեցին գրոհելու քաղցեղային բջիջների վրա: Մենք կարծում ենք, որ այդ նույն եղանակը կգործի նաեւ մարդու օրգանիզմում ուռուցքների բուժման ժամանակ: Մեր շատ գործընկերներ նանոմասնիկները համարում են սոսկ դեղը տեղ հասցնելու միջոց, բայց դրանք կարող են ինքնին հետաքրքրական ազդեցություններ առաջացնել, որոնք մենք չենք տեսնի, եթե ընդհուպ չուսումնասիրենք դրանք»,- պատմում է Հայկե Դալդրուփ Լինքը Ստենֆորդի համալսարանից (ԱՄՆ):
Դալդրուփ Լինքը եւ նրա գործընկերներն այս հայտնագործությունն արել են՝ դեղ մշակելով երկաթե նանոմասնիկների հիմքի վրա, որը սակավարյունությամբ տառապող կամ մեծ քանակությամբ արյուն կորցրած մարդկանց օգնի օրգանիզմում վերականգնելու հեմոգլոբինի մակարդակը: Այդ դեղը՝ Ֆերումոկսիտոլը, վերջերս հավանության է արժանացել ԱՄՆ-ի առողջապահական մարմնների կողմից, եւ գիտնականներն այն ստուգում Էին հնարավոր կողմնակի ազդեցությունների առկայության առումով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն պատրաստուկն արդեն անվտանգ է մարդու առողջության համար՝ գիտնականներն առաջարկում են մոտ ժամանակներս կլինիկական հետազոտություններ սկսել քաղցկեղով հիվանդների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: