Ինչպես կազդի քաղաքացու գրպանի վրա նոր Հարկային օրենսգիրքը

Հարկային օրենսգրքի փոփոխված տարբերակը, որը երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, բավականին ուշ հայտնվեց ԱԺ պաշտոնական կայքում։ Պատգամավորներն ու փորձագետները, ըստ էության, ժամանակ չունեցան ծանոթանալու առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխություններին և հիմնականում ստիպված եղան առաջնորդվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի ելույթով և պատասխաններով։
Ամեն դեպքում, էական որոշ հարցերի գծով փոփոխություններ կատարվել են։ Քանի որ հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հարցերին` պարզաբանենք միայն եկամտային հարկի մասը։

Այսպես, Հարկային օրենսգրքի լրամշակված տարբերակն առաջարկում է եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերն ու շեմերը։

Մինչև 150 հազար դրամ` 23%, 50 001 դրամից մինչև 2 մլն դրամ` 34 500 դրամ` գումարած 50 000 դրամը գերազանցող գումարի 28%-ը, 2 000 001 դրամից ավելի` 552 500 դրամ` գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 36%-ը։

Առաջին ընթերցմամբ ընդունված ՀՕ նախագծով սահմանվում էին հետևյալ դրույքաչափերը.

Մինչև 120 000` ՀՀ դրամ 23%, 120 001 – 1 000 000 ՀՀ դրամ` 27 600 ՀՀ դրամ` գումարած 120 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 28%-ը, 1 000 000-ից ավելի` 274 000 ՀՀ դրամ` գումարած 1 000 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 33%-ը։

Իսկ այսօր գործող օրենսդրությամբ` հետևյալ մեխանիզմն է գործում.
Մինչև 120 000 դրամ` 24.4%, 120 001 – 2 000 000 դրամ` 29 280 դրամ` գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ը, 2 000 000 դրամից ավելի` 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%։

Ինչպես տեսնում եք, կատարվել է 3 հիմնական փոփոխություն.

1. նվազագույն շեմը 120 հազարից բարձրացվել է 150 հազար դրամ,
2. երկրորդ շեմը 1 մլն դրամից բարձրացվել է 2 մլն դրամ,
3. 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում դրույքաչափը
33%-ի փոխարեն` դարձել է 36%։

Ի՞նչ է սա նշանակում, ո՞վ է շահելու, ո՞վ է տուժելու և որքանո՞վ։

Վ. Միրումյանն արդեն նշել է, որ դրույքաչափերի արդյունավետ նվազեցում է նախատեսվում. մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները կունենան եկամտահարկի տնտեսումներ։ Այսինքն, ավելի քիչ կվճարեն, քան այսօր։
Նա, իհարկե, ճիշտ է ասում, սակայն պարզաբանենք։

Մինչև 279 հազար դրամ (ներառյալ) աշխատավարձ ստացողների եկամտային հարկի բեռը կթեթևանա` տարբեր չափով։

tax-code01
Ամենից շատ կթեթևանա 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի բեռը. նրանք այսօրվա 37080 դրամի փոխարեն` կվճարեն 34500 դրամ` 2580 դրամով պակաս։

Հետո այդ «օգուտը» սկսում է նվազել և եկամտային հարկերի մեծությունը 279 հազար դրամ աշխատավարձի վրա զրոյանում է. գործող օրենսդրությամբ, 279 հազար դրամ աշխատավարձից պահվում է 70620 դրամ եկամտային հարկ, այսօր քվեարկության դրված ՀՕ նախագծով` 279 հազարի դեպքում վճարվելիք եկամտային հարկի չափը նույնն է` 70620 դրամ։

280 հազար դրամից սկսած` եկամտային հարկի բեռը սկսում է ծանրանալ ու գնալով աճում է։

Օրինակ, ամսական 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները այսօր վճարվող 128080 դրամի փոխարեն` կվճարեն 132500 դրամ` 4420 դրամով շատ։

Ավելի պարզ ասած, պետությունը այստեղ շեշտը դրել է ցածր և միջին աշխատավարձ ստացողների վրա։ Առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի համաձայն` փոփոխություններից շահում էին մինչև 204 հազար դրամ ստացողները, իսկ այժմ` մինչև 280 հազար ստացողները։ Այսինքն` ՀՕ-ից գոհ մնացող մարդկանց թիվն աճել է և հասել 550 հազարի, որը Վախթանգ Միրումյանի խոսքով, վարձու աշխատողների շուրջ 90%-ն է։

Իսկ մյուսնե՞րը։ Խոսքը վերաբերում է միջինից բարձր աշխատավարձ ստացողներին (առաջին հերթին` ՏՏ ոլորտի և ֆինանսական հատվածի աշխատողներին)։
Նրանց համար պետությունը փոխզիջումային տարբերակ է առաջարկում` երկրորդ շեմը 1 մլն դրամից դարձնելով 2 մլն դրամ։

Ի՞նչ է սա նշանակում։ Բարձր աշխատավարձ ստացողները կվճարեն ավելի շատ եկամտային հարկ, քան այսօր, սակայն ավելի քիչ, քան նախատեսվում էր առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով։

tax-code02

Օրինակ, ամսական 1 մլն 200 հազար դրամ ստացողն այսօր վճարում է 310080 դրամ եկամտային հարկ։ Ներկայումս քննարկվող ՀՕ նախագծով կվճարի ավելի շատ` 328500 դրամ։ Սակայն ՀՕ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով պետք է վճարեր է՛լ ավելի շատ` 340000 դրամ։

Կարճ ասած, բարձր և գերբարձր աշխատավարձ ստացողների հարկային բեռն ավելանում է, սակայն ոչ այնքան, որքան նախկին տարբերակով։ Կբավարարի՞ արդյոք դա այս խմբի մեջ մտնող վարձու աշխատողներին, թե՞ ոչ` արդեն այլ հարց է։

Տեսանյութեր

Լրահոս