Բաժիններ՝

Երկրի զարգացումը պետք է դիտարկել համալիր միջոցառումների համատեքստում

Սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,75%: Ցածր գնաճային միջավայրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսության և համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի ֆոնի  վրա, սա, իհարկե, հասկանալի և սպասելի քայլ էր ԿԲ-ի կողմից:

ԿԲ-ի կողմից վերջին ժամանակների համար  սովորաբար զգուշավոր 0,25%-ի փոխարեն՝ այս անգամ 0,5%-ով նվազեցումն ինչ-որ չափով պայմանավորված է նաև նոր վարչապետի  կողմից տնտեսությունն արագ տեմպերով աշխուժացնելուն ուղղված քայլերի տրամաբանությամբ: Այնուամենայնիվ, նշենք, որ 6,75%-ը դեռևս բարձր մակարդակ է տնտեսությանն ակտիվ վարկավորելու համար: ԿԲ-ը ընդամենը մի քանի տարի առաջ այս մակարդակից ավելի ցածր տոկոսադրույքներ էլ է սահմանել:

Նշենք, որ 0,5%-ով նվազել են նաև լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները,  որոնք սահմանվել են՝ համապատասխանաբար՝ 8,25% և 5,25%:

Այս ֆոնի վրա, հետաքրքիր է, որ երեքշաբթի օրը հանդիպում է եղել նաև վարչապետի և բանկային համակարգի ներկայացուցիչների միջև: Հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանի կողմից առաջ է քաշվել ոչ ստանդարտ լուծումներով տնտեսությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Բիզնեսի շնչելու և բանկերում առկա ակտիվների միջոցով փոքր և միջին բիզնեսը վարկավորելու խնդիր է դրվել բանկային համակարգի առջև:

Կարդացեք նաև

Երեքշաբթին նշանավորվեց Կառավարության կազմի գրեթե ձևավորմամբ: Կառավարության նոր ցանկին ծանոթանալով՝ կարելի է ասել, որ նոր դեմքերը զբաղեցնելու են հիմնականում տնտեսական բլոկն ընդգրկող նախարարությունները, որոնք, պայմանականորեն կարելի է ասել, վարչապետի թիմի «մարդիկ են»: Դրանք, դեռևս այս պահին հետևյալ անուններով հանդես եկող՝ Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի, Ֆինանսների նախարարություններն են: Առողջապահության նախարարը նույնպես նոր դեմք է կառավարությունում, որը բնութագրվում է՝ որպես հաջողված մենեջեր: Այսինքն՝ այս էտապում Կարեն Կարապետյանի հիմնական ուշադրության կենտրոնում լինելու է իր թիմի ենթակայության տակ գտնվող տնտեսական բլոկը, որի «ռիվոկն էլ» քարշակի էֆեկտ է ունենալու ամբողջ երկրի համար:

Բոլորի համար հասկանալի է, որ Հայաստանը որակյալ  կառավարման խնդիր ունի, որը վերաբերում է մեր երկրի կենսագործունեության բոլոր մակարդակներին: Մեզ հազարավոր որակյալ կառավարիչներ են պետք: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է՝ որպես ճկուն, մոբիլ թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին:  Իհարկե, հասկանալի է վարչապետի կողմից կառավարության օպտիմալացնելու քայլերը, հատկապես՝ ավելորդ բալաստից ազատվելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով կառավարման համակարգի գերուռճացված պատկերը: Սակայն դա խնդրի միայն մեկ կողմն է:

Հիմնական խնդիրը պետական կառույցների աղավաղված բովանդակությունն է: Օրինակ, մեր նախարարությունները կամ մարզպետարաններն այն չեն, որպիսին պետք է լինեին: Ճիշտ է ասվում, որ մեր երկրում ինստիտուցիոնալ ճգնաժամ է, երբ ոչ մի կառույց իր իրական գործառույթները չի կատարում: Նախարարությունների առաքելությունը ժողովրդի և պետության շահերից բխող ինքնուրույն քաղաքականության իրականացումն է և իրենց վստահված գործառույթների որակյալ կատարումն է, այլ ոչ թե՝ բաժնի կամ վարչության մակարդակի գործունեությունը՝ իհարկե, զուգակցված «պրիմիտիվ գողություններով»: Մեզ նոր փիլիսոփայություն և հայեցակարգեր են  պետք պետական կառույցների գործունեության, կադրային քաղաքականության, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգի վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի  տնտեսության իրական զարգացմանը, ապա այն պետք է դիտարկել համալիր միջոցառումների համակարգում:

Սարգիս Մանուկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս