Արմեն Ամիրյանի դաժան, բայց երջանիկ երկընտրանքը
Կառավարությունում տեղի ունեցած բոլոր փոփոխություններից ամենասպասվածը մշակույթի նախարարի փոփոխությունն էր։ Հոգնածության պատճառով։ Նույն չինովնիկին այդքան երկար տեսնելն ու լսելը, լսելն ու չհասկանալը հոգնեցնում է։ Հոգնածները, այսպիսով, հանգստացան, հանգստանալով՝ տեղ-տեղ պայծառացան ու ոգևորվեցին՝ հատկապես Արմեն Ամիրյանի նշանակմամբ։ Եթե այլ առավելություններ էլ չունենա նախորդի համեմատ, գոնե վարժ հայերեն խոսում է, ինչն արդեն հաճելի է։
Բայց եթե մտածում ենք մշակույթի ոլորտում հեղափոխությունների մասին ու հեղափոխության հույսը կապում ենք Արմեն Ամիրյանի հետ, ինչպես ոգևորվողները, ապա՝ ոչ միայն նորանշանակ նախարարին, այլ՝ ինքներս մեզ հարգելով ու խնայելով, պետք է իսկույն ևեթ հրաժարվենք այդ հույսից՝ գոնե հերթական ֆրուստրացիայից խուսափելու համար։ Որովհետև մշակույթի ոլորտում հեղափոխություն իրականացնելու մեկ, ընդամենը ու բացառապես մեկ քայլ կա, որ Արմեն Ամիրյանը կարող է կատարել, բայց հազիվ թե կատարի, որովհետև հազիվ թե այդ նպատակով նրան նշանակած լինեն։ Իսկ այդ եզակի ու միակ քայլը, որը կես էջի վրա ներկայացվելիք հիմնավորմամբ կառավարության քննարկմանը դրվելիք քայլ է՝ կարող է կամ պետք է վերնագրված լինի՝ «Առաջարկ՝ մշակույթի նախարարությունը լուծարելու մասին»։
Երկրորդ քայլը, որով Արմեն Ամիրյանը կարող է նպաստել հինգհազարամյա պատմություն ունեցող հայ մշակույթի եթե ոչ՝ վերածնմանը, ապա՝ գոնե չխորտակմանը, չկա։ Ուղղակի չկա։ Եթե խնդիրն իրական մշակույթի մասին է, որն ըստ էության արվեստների հավաքականության բյուրոկրատական անվանումն է։
Իրական արվեստը, թող լինի մշակույթը, անհատական ապրումների ծնունդ է։ Անհատական ապրումը, որը, եթե հանճարի ապրում չէ, այլ գոնե տաղանդի, սովորաբար ծնվում է մուսայի, ողբերգականության, դրամատիզմի պայմաններում ու ընդհանուր առմամբ ըմբոստության արտահայտում է։ Սեփական անձի, սեփական անձի ու սոցիումի դեմ, որում ստեղծագործողը տեղավորել է ինքզինքը, տեղավորել ու հարմարվել է ամենայնին, որին հարմարվելու պատճառով, ժամանակ առ ժամանակ, գուցե կյանքում մի անգամ ապրում է ինքնաընդվզումն ու ինքնապոռթկումը։ Ու եթե ընդունում ենք սահմանադրական թեզը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու պետությունների մասին իրավական ու տեսական սահմանումները, որ հանրույթներն անհատներից բաղկացած հավաքականություններ են, ուրեմն ստեղծագործողի ինքնապոռթկումը կամ ինքնաընդվզումը պոռթկում ու ընդվզում է հանրույթի դեմ, որի կառուցվածքային միավորը պետությունն է, իսկ կառուցվածքային շնչավոր միավորների ամբողջությունը՝ իշխանությունը։
Եվ ուրեմն, իրական արվեստը հակահամակարգային արվեստն է ու հակաիշխանական արվեստն է։ Իրական արվեստը պետականաշեն է ու պետականասպասարկ, բայց հակաիշխանական է ու հակապետական՝ այն իմաստով, որով իշխանությունն իրեն նույնացնում է պետության հետ։ Իսկ դա նշանակում է, որ որևէ մարմին, կառույց, գերատեսչություն՝ անվանումից սկսած, իրականում հակամշակութային է ու դեմ է արվեստին։ Որովհետև նախարարությունը, պետական հիմնարկը կանոններ սահմանող ու թելադրել փորձող հիմնարկ է, այսինքն՝ ֆորմալության գրասենյակ է արվեստի ոլորտում։ Իսկ ստեղծագործողը, արվեստ ու մշակույթ արտադրողը, եթե պետպատվերով արտադրող չէ, հակաֆորմալիստ է անայլընտրանքայնորեն։
Ասվածը, իհարկե, չի նշանակում, թե Արմեն Ամիրյանը դեռ պաշտոնը չստանձնած՝ պետք է տվայտանքներ ապրի ու վշտանա մտածումներից, թե ինչպես են սերունդները ներելու իրեն՝ Մշակույթի նախարարի պաշտոնը կրելով՝ հակամշակութային գործունեություն ծավալելու համար։ Այդ ամենից խուսափելու շատ կարճ ճանապարհ կա, որը նաև ազնիվ քայլ կարող է լինել, իսկ բոլոր ազնվությունները գնահատվում են սերունդների կողմից։ Արմեն Ամիրյանը կարող է կառավարության առաջին իսկ նիստին ներկայացնել առաջարկ ոչ թե՝ Մշակույթի նախարարությունը լուծարելու մասին, ինչը, բնականաբար, չի կարող՝ սեփական ցանկության ու համարձակության բացակայության պատճառով ենթադրաբար, այլ առաջարկություն՝ իր ղեկավարած կառույցը վերանվանելու ու «Մշակույթի նախարարությունը» «Պետական մշակույթի նախարարություն» անվանակոչելու մասին։ Բացի այն, որ անվանափոխումները հիմա մոդայիկ են, այդպիսով նաև կառույցը կհամարժեքանա իր կատարած գործողություններին։
Մշակույթի նախարարությունն իրականում զբաղվում է մշակութային փաթեթավորում ունեցող ախմախություններն ու անորակությունները ֆինանսավորելով՝ պայմանով, եթե ախմախություններն այդ իշխանությունը գովերգող ու սազանդարող ախմախություններ են։ Իսկ քանի որ, ինչպես նշվեց վերը, Հայաստանում իշխանությունն իրեն նույնացնում է պետության հետ, ինչի պատճառով այն օրին ենք, որը ժողովրդական բանահյուսությունն անվանում է շան օր, ահա դրա համար, «Պետական մշակույթի նախարարությունը» կհամապատասխանի իր իրական կոչմանը, ու կյանքը կդառնա ավելի երջանիկ։ Չէ՞ որ երջանկությունը նաև առողջարար է, քանի որ ազատում է զանազան տվայտանքներից։ Իսկ մեզ պետք են առողջ ու ժպտադեմ նախարարներ։