Բաժիններ՝

«Այս օրենքն ամբողջությամբ խառնաշփոթ է, դուք խրախուսում եք միգրացիան, ներքին արտագաղթը». Հրանտ Բագրատյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը  2 դեմ, 77 կողմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Իսկ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ այս նախագիծը խառնաշփոթ է առաջացնում։ Նա հարց ուղղեց հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին։ «Սահմանադրությունը չի ասում համայնքներին ամրագրել գույքահարկն ու հողի հարկը։ Դա դուք եք օրենքով որոշում, կամ էլ ամեն տարի բյուջեում գրում եք՝ ամրագրել այս հարկերը։ Այդ ամրագրված հարկերն անում են իրենց բյուջեի 25 տոկոսը, մյուս 75 տոկոսը, ասում եք՝ եկեք Երևանից ստացեք։ Գուցե փորձեիք՝ 75-ն այնտեղից ստանային, 25-ը՝ Երևանի՞ց։ Այս օրենքն ամբողջությամբ խառնաշփոթ է, դուք խրախուսում եք միգրացիան, ներքին արտագաղթը։ Դուք օրենքներ եք մոգոնում, որ՝ համայնք, արի պայքարի պետական ռեսուրսի համար,  դուք չեք բերում օրենք, որը  համայնքին խրախուսի՝ մարդկանց պահելու իր մոտ։ Սահմանադրությունն ասում է՝ համայնքներին ամրագրել այնքան միջոցներ, որը բավարար է նրանց գործունեությունն ապահովելու համար։ Իսկ ինչո՞ւ չփորձել անել այնպես, որ 75 տոկոսն իրենց մնա, միևնույն է, համահարթեցման խնդիր կա, կլինի։ Բացատրեք օրենքի առնչությունը Սահմանադրության հետ, ցույց տվեք և ապացուցեք ինձ, որ Սահմանադրությանը չի հակասում այս օրենքը»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Վ. Տերտերյանն ասաց, որ ինքը Սահմանադրությանը հակասելու խնդիր այստեղ չի տեսնում. «Չեմ կարող Ձեզ հետ չհամաձայնել, ինքս խոսքիս մեջ ասացի, որ հիմնական խնդիրը պետք  է դիտվի այն, որ համայնքների սեփական եկամուտները, ցավոք սրտի, նույնիսկ համադրելի չեն պետությունից կամ պետական բյուջեից ստացվող ռոտացիաների հետ, սա հիմնախնդիր է, որը կա, և այս օրենքի խնդիրը չէ։ Բյուջեի մասին օրենքով դեռևս որևէ անգամ այդպիսի հնարավորություն  չենք ունեցել դա իրագործելու։ Այն, որ այդ խնդիրն ունենք, մենք  բազմիցս հայտարարել ենք։ Սա այլ խնդիր է, այս  օրենքի նախագիծը վերաբերում է այսօր պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանսական  ռեսուրսների վերաբաշխմանը, ընդ որում, ոչ բոլոր ռեսուրսների, հատկապես, համահարթեցման սկզբունքով տրամադրվող  ռեսուրսների։  Համահարթեցման սկզբունքով տրվող ռեսուրսները բավականին մեծ ծավալ են կազմում, հատկապես, եթե դա համեմատում ենք իրենց սեփական եկամուտների  հետ։ Այս համահարթեցման մասին օրենքը, մեր համոզմամբ, ավելի բազմագործոն է դարձնում համայնքների միջև ռեսուրսի բաշխումը»։

«Շատ սիրուն չպատասխանեցիք հարցին»,- արձագանքեց Հ. Բագրատյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս