Մստիսլավ Ռոստրոպովիչի խորհրդավոր սիրուհին
«Աշխարհի մեծագույն թավջութակի հետ հանդիպեցի 1956 թվականին Ամերիկայում: Ըստ իս՝ ես երրորդ խորհրդային արտիստն էի, որը հայտնվեց այնտեղ հեղափոխությունից հետո: Ես նվագում էի Նյու Յորքում՝ ոչ մեծ սրահում, ինձ քչերն էին ճանաչում, քիչ մարդ կար, սակայն Նյու Յորքի բոլոր թավջութակահարները եկել էին այդ համերգին, իսկ հետո՝ նաև կուլիսներ: Նրանց հետ եկել էր նաև մի հիանալի մարդ՝ բանկիր, թավջութակի երաժշտության սարսափելի սիրահար Ջերմ Վորբուրգը:
Նա հարցրեց. «Սլավա, ուզո՞ւմ ես տեսնել Ստրադիվարիուսի «Դյուպորը»: Ես ցնցվեցի: Բանն այն է, որ բոլոր մեծագույն գործիքներն ունեն անուններ: Սովորաբար դրանք մեծագույն երաժիշտների անուններն են կրում, որոնց պատկանել են:
Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Պիեռ Դյուպորը Տյուրիլյիում նվագել էր կայսր Նապոլեոնի համար: Նապոլեոնին այնքան էր դուր եկել, որ նա ասել էր. «Տվե՛ք ինձ ձեր թավջութակը, ուզում եմ փորձել»:
Վերցրեց, նստեց, ու այստեղ լսվեց Դյուպորի ճիչը: Բանն այն է, որ Նապոլեոնի ճտքավոր կոշիկի վրա խթաններ կային, սակայն ուշ էր: Կոշկախթաններից մեկը հասցրել էր քերծել թավջութակը:
Ահա այդ լեգենդար գործիքը՝ Նապոլեոնի քերծվածքով, ինձ առաջարկվում էր տեսնել: Գիշերը ես չքնեցի: Մտածում էի թավջութակի մասին: Ես հասկանում էի, որ քանի որ երբեք այն չեմ ունենա, պետք չէ նաև հանդիպել, սակայն գայթակղությունը մեծ էր, մարդը՝ թույլ:
Առավոտյան ես գնացի թավջութակի հետ «հանդիպման»: Եվ այն ինձ ցույց տվեցին: Ես խնդրեցի դրան դիպչել: Ինձ թույլատրեցին, իսկ Վորբուրգի կինն անգամ պոլարոիդով լուսանկարեց այդ պահը: Ես դիպչել էի միֆին: Եվ Մոսկվա տարա ապացույց լուսանկարը: Մոսկվայից ինձ վտարեցին 1974թ. մայիսի 26-ին: Ամեն ինչ վերցրեցին մաքսատանը: Ինձ մնաց միայն Կուզյա շնիկը, իսկ Անգլիայում խեղճ Կուզյային բռնեցին և գցեցին ճաղերի հետևը: Կարանտին՝ կես տարով, իսկ ինձ փրկեցին ընկերներս:
Անսպասելիորեն զանգեց Մարկ Շագալն ու ասաց, որ սեպտեմբերի 10-ին բացվում է իր ցուցադրությունը Չիկագոյում՝ Առաջին ամերիկյան բանկում: «Չե՞ս կարող Բախ նվագել բացմանը»: Դե, ես չէի կարող մերժել նրան:
Մեկնեցի Չիկագո, մտա հյուրանոցային համար, լսեցի հեռախոսազանգ, բարձրացրի լսափողն ու լսեցի կանացի ձայն: «Սլավա, ես Ջերրի Վորբուրգի այրին եմ: Նա մահացել է 2 տարի առաջ և մահից առաջ ասել է ինձ. «Առաջարկիր մեր թավջութակը Ռոստրոպովիչին: Եթե նա այն չգնի, թող թավջութակը մնա մեր ընտանիքում: Գիտեմ, որ դուք այն չեք կարող գնել, բայց զանգում եմ՝ իրականացնելու ամուսնուս վերջին կամքը»:
Ես փշաքաղվեցի համարձակությունիցս, սակայն ասացի, որ նա անհապաղ ուղարկի ինձ այդ թավջութակը:
Այրին խորը շունչ քաշեց և ասաց, որ կուղարկի: Եվ համերգը սկսելուց առաջ դուռը բացվեց, դրա հետևում կանգնած էր մարդ՝ ձեռքում պահած Ստրադիվարիուսի «Դյուպորը»:
Ծալվող ծնկներով ես ուղևորվեցի նվագելու: Փոքրիկ սրահում՝ բուխարու մոտ, նվագում էի Բախի երրորդ սյուիտը, ու ամեն ինչ լողում էր աչքերիս առաջ, ձեռքումս երգում էր իմ թավջութակը … Իմ, քանի որ ես ընկեր ունեի՝ Պաուլ Սահերը, Շվեյցարիայում: Ես նրա մոտ գնացի հաջորդ օրը: Նա հարցրեց, թե որքան է անհրաժեշտ, ու անմիջապես դուրս գրեց չեքը: Այն ձևակերպվել էր՝ որպես գնում 1 դոլարով: Այդպես է ընդունված, երբ վաճառվում է իրը, որն անգին է:
Եվ անգամ այն գումարը, որ ես վճարեցի, ոչինչ է, իսկ այդ գործիքը՝ մարդկության սեփականությունն է, և ես դրա վրա նվագում եմ:
Իրականում, ես զգում եմ թավջութակն այնքան, ինչպես երգիչը զգում է իր ձայնալարերը: Ոչ մի դժվարություն՝ ձայների արտաբերման ժամանակ: Այն դադարեց լինել գործիք»:
Մստիսլավ Ռոստրոպովիչի հարցազրույցից («Օգոնյոկ», № 34, 20 օգոստոսի 1996):
– Դուք ունեք երկու հիանալի գործիք՝ Ստրադիվարիուսն ու Ստորիոնին: Որի՞ վրա եք նախընտրում նվագել:
– Ստորիոնին կինն է, որի հետ ես արդեն ավելի քան 30 տարի եմ, նրան վերցրել եմ դեռ Մոսկվայից և չեմ բաժանվում: Իսկ սիրուհի համարում եմ Ստրադիվարիուսի հայտնի գործիքը: Այն պատվիրվել էր մոտավորապես 1709թ. Լիոնից ոմն բժշկի կողմից, որը ցանկանում էր ունենալ աշխարհում լավագույն գործիքը:
Վարպետը պատասխանեց. «Չեմ երաշխավորում, սակայն կփորձեմ՝ ես հիանալի ծառ ունեմ»: Երբ բժիշկը եկավ 1711-ին, Ստրադիվարիուսը նրան ասաց, որ պատրաստ է: Պատվիրատուն, նվագելով գործիքի վրա, վճարեց կրկնակի, այնուհետ այդ թավջութակն աճուրդում վաճառվել է 30 հազար ոսկե ֆրանկով, ընկել կոմպոզիտոր և թավջութակահար Դյուպորի ձեռքը:
«Ռոստրոպովիչն ու Մուսան», Գավրիլ Գլիկման
P.S. Ռոստրոպովիչի կինը՝ սոպրանո Գալինա Վիշնևսկայան, երաժիշտի մահից հետո երաժշտի «Սիրուհուն» վաճառեց 20 միլիոն դոլարով Մշակույթի ճապոնական ասոցիացիային (Ռոստրոպովիչը «Դյուպորի» համար վճարել է 500 հազար դոլար):
Այսօրվա դրությամբ Դյուպորի թավջութակը համարվում է ամենաթանկ երաժշտական գործիքներից մեկը: