Կարեն Կարապետյանի հակասականությունը

Ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում է փոփոխություններ իրականացնել ու հաջողություններ արձանագրել։ Վստահաբար, դա ցանկացել են նաև նրա նախորդներն ու ցանկանալու են հաջորդները։ Խնդիրը ցանկանալու ու ցանկությունն իրականացնելու կարողությունների միջև խզումն է, որը՝ առնվազն մինչև այս պահը տեսանելի ու լսելի ուղերձներից դատելով՝ շատ մեծ է։

Խոսքը ոչ թե այս կամ այն նախարարի անվան ու ազգանվան, կիսաքրեականին կիսագիտնականով փոխարինելու դրական, ու գողականին ոչ գողականով   չփոխարինելու՝ առայժմ չարձանագրված բացասական փաստերի, այլ ավելի հայեցակարգային, ինչպես ասում են, համակարգային խնդիրների մասին է։ Կարեն Կարապետյանը ներկայացել է ու ամեն օրվա հետ ավելի շատ ներկայանում է՝ որպես ապաքաղաքական վարչապետ՝ ինքզինքը և իր նշանակած ոչ քաղաքական նախարարներով։

Հնարավոր է՝ դա նրա նշանակման պայմաններից մեկն է, գուցե՝ գլխավորը։ Բայց, անկախ պատճառներից, նրա ապաքաղաքականությունը, որ կարծես ներկայացվում է՝ որպես հաջողության գրավական, իրականում նրա՝ անհաջողության մատնվելու ամենալուրջ պատճառը կարող է դառնալ։

Հայաստանում տնտեսական կյանքում հաջողություններ, ոչ թե կոսմետիկ ու քարոզչական հաջողություններ արձանագրելու համար անհրաժեշտ են, առաջին հերթին, բացառապես ու խորապես քաղաքական որոշումներ։ Ոչ միայն դասագրքային այն թեզի պահանջով, որ տնտեսությունը քաղաքականության հայելային արտապատկերն է ու հակառակը, այլ՝ որովհետև Հայաստանում տնտեսական ու քաղաքական համակարգերը, ոչ թե համակարգերը, այլ որպես այդպիսիք ներկայացող մուտացված գոյացություններն այնքան են սերտաճած  ու այնքան են փոխպայմանավորվող, որ առանց քաղաքական որոշումների, ընդ որում, համարձակ, ցավոտ ու իշխանական շահեր սպասարկող անձնական շահերի դիպչող որոշումների, ոչնչի հնարավոր չէ հասնել։

Այսպիսով, ապաքաղաքական ամպլուան, որի մեջ ամեն օր մտնում է Կարեն Կարապետյանը, կամ որով ամեն օրվա հետ ավելի խորությամբ են  նրան ներկայացնում սեփական տեխնոլոգները, իրականում նրան անդառնալիորեն հեռացնում են իր իսկ ցանկությունների իրականացումից։ Որովհետև վարչապետի պաշտոնում հաջողության բանաձևը, որն այդքան բարդ է թվում՝ առաջին հայացքից, ու այդքան որպես բարդ է ներկայացվում անհաջողությունների պատասխանատուների կողմից, իրականում պարզ է ու պարզունակ այնքան, որքան գողությունները, որոնք դադարեցնելու մասին հայտարարում է Կարեն Կարապետյանը. ցանկանում ես արմատական փոփոխություննե՞ր տնտեսության մեջ՝ վերացրու արատները, որոնք ծնվել են քաղաքականության պատճառով։

Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը տնտեսական հաջողությունների հասնելու համար պետք է առաջին հերթին՝ պայքարի ոչ միայն ու ոչ այնքան տնտեսական արտահայտություն ունեցող խնդիրների, որքան՝ դրանք ծնած քաղաքական պատճառների դեմ։ Ստվերային տնտեսությունը, որը ներկայացվում է՝ որպես Հայաստանի զարգացման թիվ մեկ թշնամին, իրականում ոչ թե չմուծված հարկերի հավաքականությունն է, այլ առաջին հերթին՝ տնտեսական լծակների միջոցով ստվերային քաղաքական ազդեցությունը, որի ինդուլգենցիան իշխանությունը տվել է բոլորին՝ ինքնապահպանման ու ինքնավերարտադրության նպատակով։ Կկարողանա՞ Կարեն Կարապետյանն այդքան խորշելով քաղաքականությունից ու քաղաքական ընկալվելուց՝ պայքարել այդ չարիքի դեմ։

Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, հավատալը չափազանց դժվար է, որովհետև հավատալ՝ նշանակում է՝ չմտածել, որ իշխանությունը չի կարող ինքնավերացման քայլեր անել։

Կարեն Կարապետյանի հակասականության մյուս ասպեկտն արտաքին քաղաքականությունն է, որից նա խուսափում է նույնքան, իսկ գուցե ավելի, քան ներքին քաղաքականության հետ իդենտիֆիկացիայից։

Հայաստանի տնտեսության, իր իսկ խոսքերով, այսչափ ծանր վիճակի պատճառները զգալիորեն արտաքին քաղաքական են, արտաքին քաղաքական ընտրությամբ պայմանավորված տնտեսական սահմանափակումների տեսքով, ընդհանուր առմամբ։ Վերացնել այդ պատճառները, նշանակում է՝ առնվազն փորձել փոխել այն արտաքին քաղաքականությունը, որի պատճառով Հայաստանի տնտեսությունը հայտնվել է այս վիճակում։

Կկարողանա՞ Կարեն Կարապետյանը գոնե փորձել նման քայլեր կատարել։ Ամենամեծ ցանկության դեպքում՝ հավատալը չափազանց դժվար է, որովհետև հավատալ՝ նշանակում է՝ համակերպվել սեփական ամնեզիզմի հետ՝ չհիշելով, թե որտեղից է եկել Կարեն Կարապետյանը։

Ակնհայտ է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում է փոփոխություններ իրականացնել ու հաջողություններ արձանագրել։ Խնդիրը ցանկանալու ու ցանկությունն իրականացնելու կարողությունների միջև խզումն է, որը՝ դատելով նրա անձնական ու համակարգային հակասականությունից, սարսափելիորեն մեծ է։

Դրանք հաղթահարելու համար Կարեն Կարապետյանը պետք է անի, ըստ էության, անհնարինը, որի համար ոչ թե կախարդական փայտիկ է պետք, այլ քրիստոնեական կամք՝ ցանկությունն իրագործելու ու հալածվելուց չվախենալու համար։ Հայաստանում ու Հայաստանից դուրս։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս