««Իսկանդերի» ձեռքբերումով` Հայաստանը մտավ Ռուսաստանի պաշտպանական միջուկային հովանոցի տակ». Արման Նավասարդյան

««Իսկանդեր» զենքը զսպող միջոց է, բայց զենքը չի օգտագործվելու, ինչպես նաև այն ստրատեգիական զենքերը, որ կան Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ նրա՝ զենքը  կլինի զսպման գործիք, բայց դրա օգտագործումը կնշանակի՝ մեծ պատերազմի սկիզբ, դրա համար այն չի օգտագործվի:

«Դրա շուրջ շատ քաղաքական շահարկումներ են լինում, մի մասն ասում է՝ դա ոչ մի բան իրենից չի ներկայացնում, մյուսներն էլ տալիս են այն գնահատականը, ինչն իրոք իրենից ներկայացնում է այդ զենքը: Ժամանակակից հզորագույն զենքերից մեկն է, որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկներ, ավերիչ ուժ ունի այն իմաստով, որ շրջանցում է բոլոր արգելքները և մետրերի վրա կարող է ջախջախել»,- նշեց Ա. Նավասարդյանը:

Խոսելով այն մասին, թե ինչու հենց հիմա Ռուսաստանն այդ զենքը վաճառեց Հայաստանին՝ Ա. Նավասարդյանը նշեց, որ դա ոչ թե նրա համար եղավ, որ Ռուսաստանի համար Հայաստանը շատ կարևոր է՝ որպես գործընկեր,  այլ Ռուսաստանն այստեղ առաջնահերթ իր աշխարհաքաղաքական հարցերն է լուծում.  «ՆԱՏՕ-ի աշխուժացման պարագայում Ռուսաստանն իր կովկասյան ուղղվածությունը խիստ ամրացնում է:  Ռուսաստանն ուզում է իր դիրքերն ամրացնել տարածաշրջանում, մասնավորապես՝ Կովկասում»:

Կարդացեք նաև

Ա. Նավասարդյանի խոսքով՝ այդ զենքի ձեռքբերումը զսպող միջոց է, բայց, ըստ նրա, զենքը չի օգտագործվելու, ինչպես նաև այն ստրատեգիական զենքերը, որ կան Ադրբեջանում. «Օգտագործել այդ զենքերը՝ կնշանակի՝ վերջ բոլոր տեսակի հարաբերություններին, դա կլինի  մեծ պատերազմի սկիզբ, բայց դա շատ մեծ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ և՛ մեզ մոտ, և՛ ադրբեջանցիների: «Իսկանդերի» ձեռքբերումով` Հայաստանը մտավ Ռուսաստանի պաշտպանական միջուկային հովանոցի տակ, ինչը շատ կարևոր է: Հարց է առաջանում՝ այն կտրվի՞ Ադրբեջանին, թե՞  ոչ, կարծում եմ՝ դա չի լինի, որովհետև սա այնպիսի մի զենք է, որը կարող է տրվել միայն այն գործընկերոջը, որի վրա վստահություն ունի Ռուսաստանը: Հնարավոր չէ՝ Ռուսաստանը հիմա հարյուր տոկոսով վստահի Ադրբեջանին, թեկուզ այն պատճառով, որ Ադրբեջանի մեծ եղբայրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս