Կառավարության նոր կազմին սպասելիս
Կամաց-կամաց հայտնի է դառնում նոր կառավարության կազմը: Նախագահն ու նոր վարչապետն ընտրել են կառավարության ձևավորման փուլային տարբերակ: Ուստի առայժմ միայն հայտնի է, թե ինչ կառուցվածք է ունենալու կառավարությունը: Հրապարակված չէ նաև կառավարության ծրագիրը:
Ծրագրի հրապարակման գործընթացն օրենսդրորեն կարգավորված է, և այն սահմանված ժամկետում հայտնի կդառնա: Այդ պահին արդեն հայտնի կլինի կառավարության վերջնական կառուցվածքն ու կազմը: Նման իրավիճակներում քաղաքագետներն ու քաղաքական գործիչները հրաժարվում են վերլուծել կատարվածը կամ որևէ գնահատական տալ:
Ըստ նրանց՝ այս պահին տվյալները բավարար չեն վերլուծությունների համար: Իսկ երբ վերջնականապես հայտնի կդառնա կառավարության գործունեության ծրագիրը, կառուցվածքն ու կազմը, նոգյն քաղաքագետներն ու քաղաքական գործիչները բոլորիս կհիշեցնեն հարյուր օրվա ավանդույթի մասին: Իբր՝ կառավարությանը հարկավոր է հարյուր օր տալ՝ ազատ ու անքննադատ գործելու համար, և հետո գնահատականներ հնչեցնել: Հարյուր օրվա ավանդույթին հավատարիմ է մնում նաև մամուլը, որքան էլ որ այն հակասում է լրատվության հիմնական սկզբունքներին ու բնույթին: Ուստի, առաջիկա երեք ամսում, դեռ մի բան էլ ավելի, լրատվամիջոցներում համարյա ոչինչ չենք գտնելու կառավարության գործունեության մասին: Բացառությամբ պարզ տեղեկատվությունից, իհարկե:
Մինչդեռ արդեն որոշակի մոտեցումներ կան, որոնք կարելի է արձանագրել: Ամենաառաջինն աչքի է զարնում այն, որ կառավարության ձևավորման վրա կառավարող կուսակցությունը համարյա ազդեցություն չունի: Սա, իհարկե, ինքնին նորարարություն չէ:
Ռոբերտ Քոչարյանն իշխանությունն ամրապնդելուց հետո հայտարարեց, որ իր կուսակցությունը ժողովուրդն է, և նվազագույնի հասցրեց Հանրապետական կուսակցության դերակատարումը կառավարության ձևավորման գործում: Հիմա կարծես պատկերը կրկնվում է:
Միակ բացառությունն այն է, որ նորանշանակ վարչապետը պարտավորված է այս գործում հարգելու ՀՅԴ կուսակցության հետ կոալիցիոն պայմանավորվածությունը:
Հետևաբար՝ նոր կառավարության կազմում առնվազն երեք նախարար «ակամա» է նշանակելու:
Հաջորդ ակնհայտ փաստն այն է, որ նոր վարչապետն առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու տնտեսությանը: Նախ՝ վարչապետն ինքը հայտարարեց, որ տնտեսությունը ծանր վիճակում է: Երկրորդ՝ տնտեսության ոլորտի կառավարչի համբավ ունեցող մարդուն երկրի վարչապետի պաշտոնում առաջադրելու փաստն ինքնին դրա ապացույցն է:
Նախարարների նշանակումը սկսվեց տնտեսական ոլորտներից՝ երևի նույն պատճառով: Վարչապետն իր նշանակած նախարարներին բնութագրելիս՝ ասում է, որ հաշվի է առել նրանց՝ ոլորտի կառավարիչ լինելը:
Այս դեպքում էլ չենք կարող ասել, թե մեր նորօրյա պատմության մեջ սրա նախատիպը չկա: Ռոբերտ Քոչարյանի ձևավորած կառավարությունն էլ ինքն իրեն այդպիսին էր համարում: Հիշո՞ւմ եք «Արհեստավարժների կառավարություն» անունը:
Իհարկե, կարելի է նաև տարբերություն նկատել՝ ընդգծելով, որ Արմեն Դարբինյանի «արհեստավարժներն» իրականում տեսաբան մասնագետներ էին և ոչ ոլորտի պրակտիկ կառավարիչներ: Մամուլին տված իր փոքրիկ հարցազրույցում Կարեն Կարապետյանը չի բացառել, որ ընդդիմությանն էլ առաջարկի պաշտոն՝ «Եթե լավ մասնագետ լինի, ինչո՞ւ ոչ»: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ կառավարության ձևավորման համար հիմնականը համարվելու են ոչ թե՝ քաղաքական հայացքներն ու մոտեցումները, ոչ թե՝ կուսակցական պատկանելությունը, այլ՝ կոնկրետ անձի կառավարչական հմտությունները:
Այս պարագային գայթակղությունը մեծ է նախահարձակ քննադատություն սկսելու, թե մեր իշխանությունները կրկին երկրի կառավարումը շփոթում են բիզնես ոլորտի կառավարման հետ: Բայց առաջարկում եմ ուշադրություն դարձնել ևս մեկ փաստի վրա:
Եթե չեմ սխալվում, նոր վարչապետի առաջին նշանակումը Գագիկ Մարտիրոսյանին վարչապետի խորհրդական նշանակելն էր: Գագիկ Մարտիրոսյանն 90-ականների ամենահակասական ընկալում ունեցող ղեկավար-մենեջերներից է:
Նա 1995-98թթ. ՀՀ Էներգետիկայի նախարարն էր: Ճգնաժամի ամենածանր պահին՝ 1993թ., պետնախարար, ապա նախարար դառնալով՝ նա, ի վերջո, կարողացավ էներգահամակարգը դուրս բերել ճգնաժամից և վերականգնել շուրջօրյա էներգամատակարարումը:
Իսկ դա նույնիսկ Համաշխարհային բանկը համարեց ճգնաժամային մենեջմենթի լավագույն օրինակներից: Բայց նույն Գագիկ Մարտիրոսյանը 2004-2008թթ. արդեն աշխատել է վարչապետի խորհրդականի պաշտոնում, և այս շրջանի գործունեությունն արդեն նույնքան արդյունավետ չես համարի, որքան նախորդը: Այնպես որ, խնդիրը, հավանաբար, անձերը չեն, այլ աշխատանքային այն մթնոլորտը, որ հնարավորություն կտա հաջողակ մենեջերներին՝ դրսևորել իրենց ունակությունները: Կամ չի տա: Կառավարության արդեն հայտնի անդամների մեջ կան թե՛ կանխատեսելի, թե՛ անսպասելի անուններ:
Մամուլը հիմա փորձում է պարզել, թե երբ ու ինչ հանգամանքներում են կառավարության նոր անդամները ծանոթացել ու շփվել նոր վարչապետի հետ: Դա ինքնին, իհարկե, հասարակական հետաքրքրություն ունեցող փաստ է: Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ հետք կթողնի նրանց գործունեությունը: Սպասենք: