«Վաղուց արդեն ժամանակն է գիտության բնագավառում առավել ամբիցիոզ լինելու». Ռուբեն Վարդանյան
Այսօր Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի մեծ դահլիճում մեկնարկեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Համահայկական գիտական համաժողովը», որը կազմակերպվել էր ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո` Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (հ/կ) հետ համատեղ:
Համաժողովին մասնակցում էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հայազգի հայտնի գիտնականեր ու գործարարներ՝ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև մեծ թվով երիտասարդ գիտնականներ:
Համաժողովի մասնակից գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր ելույթը սկսեց Անկախության 25-ամյակի շնորհավորական խոսքով, այնուհետև անդրադարձ կատարեց համաժողովից սպասվող ակնկալիքների, ինչպես նաև հայկական իրականության մի շարք ցավոտ խնդիրների:
Ռ. Վարդանյանը համոզված է՝գիտության բնագավառում վաղուց արդեն ժամանակն է առավել ամբիցիոզ լինելու՝ ազատվելով այն մտքից, թե իբր մենք ընդունակ չենք մեծ գործերի: Սրա համար, ըստ բանախոսի, պետք է կարողանալ համախմբել ամբողջ աշխարհի հայերին: Սփյուռքը, Ռուբեն Վարդանյանի բնորոշմամբ, գետոյացված կարգավիճակում է, թեև ինքը շատ լավ հասկանում է՝ այս բառերը ցավալիորեն դառն են հնչելու մեր ականջներին:
Գիտության զարգացմանն առավել արդյունավետ ընթացք տալու համար Ռուբեն Վարդանյանն անհրաժեշտ համարեց գիտական նոր հիմնադրամի ստեղծումը, որը կարող է հավակնել տարեկան մինչև 2 մլրդ դոլարի ներդրում ունենալու: Խոսելով հիմնադրամի ստեղծման գաղափարի մասին, նա անդրադարձ կատարեց նաև Հայաստանում առկա անվստահության մթնոլորտին, որը մեծ խնդիրներ է առաջացնում նմանօրինակ նախագծերը հաջողությամբ առաջ տանելու համար: Բարերարը վստահ է՝ անվստահության մթնոլորտն իր հետևից բերում է երկխոսությունների մեծ բաց, որը, սակայն, կարելի է կոտրել՝ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ:
Հայազգի գիտնական, տեսաբան-բյուրեղագետ, պրոֆեսոր, ժամանակակից բյուրեղագիտության հիմնադիր Արտյոմ Օգանովը, ով հանդիսանում է նաև Համահայկական գիտական համաժողովի նախաձեռնողներից մեկը և համաժողովի ընթացքում հանդես եկավ «Արգելված քիմիա» զեկույցով, 168.am-ին պատմեց գիտաժողովի նախաձեռնության անհրաժեշտության և գլխավոր նպատակների մասին.
«Հայաստանում բովանդակության առումով նման կարգի նախադեպը չունեցող միջոցառումը կազմակերպվում է հայ գիտությանը կարևորագույն ծառայություն մատուցելու առաքելությամբ՝ մեկտեղելու աշխարհասփյուռ հայության և Հայաստանի գիտական հզոր մտքի արգասիքը: Այս համաժողովը հիանալի առիթ է, որպեսզի միմյանց հանդիպեն և իրենց փորձով ու գիտելիքներով փոխանակվեն այստեղ ժամանած բազմաթիվ մեծանուն հայազգի գիտնականներ»:
Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր մեկնարկած համաժողովի շրջանակներում նախատեսված են բաց դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ:
«Նորարարությունները կյանքի մասին գիտություններում» թեմայով քննարկումից հետո 168.am-ը զրուցեց նաև թեման ներկայացնող ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար, «Flagship VentureLabs» տեխնոլոգիական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ.
«Շատ ուրախ եմ, որ այս համաժողովն արդեն իրականություն է, և հուսամ, որ այս գիտնականների համագործակցության գաղափարը կզարգանա՝ իրար օրինակ ծառայելով և միմյանց օգնելով՝ զարգացնելու Հայաստանի գիտության ոլորտը: Գիտությունն ինքն իրենով ռիսկային ոլորտ է, որովհետև փորձում ենք կյանքի կոչել այն գաղափարներն ու ծրագրերը, որ գոյություն չեն ունեցել նախկինում: Հույս ունեմ՝ արդյունավետ քայլեր կձեռնարկվեն՝ ոլորտին նոր կյանք հաղորդելու ուղղությամբ, և ես կանեմ հնարավոր ամեն բան՝ օգտակար լինելու այս ծրագրին»:
Համահայկական գիտական համաժողովի մասնակից, հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն իր ելույթից առաջ 168.am-ի հետ զրույցի ընթացքում ներկայացրեց Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների մասին պատմող իր զեկույցի ընդհանուր առանցքները.
«Ես համաժողովում խոսելու եմ այն մոլորակների զարգացման, էվոլյուցիայի և տարբերությունների մասին, որոնք գտնվում են այլ աստղերի շուրջ: Արդյո՞ք այդ մոլորակների վրա կարելի է կյանքի հետքեր փնտրել, կամ ի՞նչ մեթոդներով փնտրել, և առհասարակ՝ ներկայացնելու եմ վերջին 20 տարվա ընթացքում այլմոլորակային համակարգերի շուրջ կատարված բոլոր տեսակի հայտնագործությունները»:
Տեղեկացնենք նաև, որ հայ և հատկապես՝ հայ երիտասարդ գիտնականներին աջակցելու նկատառումներով՝ համաժողովը նպատակ ունի նախատեսվող գիտական քննարկումների արդյունքում հիմնել համաշխարհային ճանաչում ունեցող հայ գիտնականներից կազմված կառույց, որն իր գործունեությունը կուղղի հայ գիտական դպրոցներում գիտական մտքի ներդրման կարևոր գործին: