«Կարեն Կարապետյանի նշանակմանը հավանություն տվողները կարո՞ղ են բացատրել՝ ինչո՞ւ է այդ նշանակումն այսօր ճիշտ և ինչո՞ւ երեք տարի առաջ սխալ կլիներ»
Դեռևս 3 տարի առաջ՝ 2013թ. հոկտեմբերին, «168 Ժամում» տպագրված «Եթե չենք կարողանում հաղթել, գոնե կարողանանք արժանապատվորեն պարտվել» վերտառությամբ իր հոդվածում քաղաքագետ Էդվարդ Անտինյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության առիթով ասել էր. «Միամտություն է կարծել, թե հիշյալ հայտարարությունը մեր երկրի հանդեպ անվստահություն է առաջացրել միայն ԵՄ-ի մեր գործընկերների շրջանում: ՌԴ-ն, քաջ գիտակցելով, որ, եթե 4 տարի բանակցելուց հետո «թռել ենք» իրենց ուղղությամբ, ապա ի՞նչ երաշխիք, որ «հետթռիչք» չենք կատարի: Ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի «կտրի մեր թևերը»: Մինչդեռ մենք խնդիր ունենք ՌԴ իշխանություններին բացատրելու, որ հարկավոր է լայնածավալ աջակցություն ցուցաբերել մեզ, որպեսզի դրանով Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային հստակ հասկացնել տան, թե ինչ կորցրեցին ԵՄ-ի հետ ասոցիացվելու պատճառով, այլ ոչ թե մեզ փոշմանեցնել կատարած ընտրության հարցում: Բայց դրա համար մեզանում իշխանության «առաջին գիծ» պետք է դուրս գան ՌԴ-ի համար վստահելի գործընկերներ, որոնք հավասարը հավասարի պես են հարաբերվում մեր ռազմավարական գործընկերոջ քաղաքական ու իշխանական վերնախավի հետ` անկախ մեր երկրների քաշային կատեգորիաներից: Բերեմ կոնկրետ օրինակ: Գաղտնիք չէ, որ նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը ժամանակին հրաժարական տվեց որոշ տարաձայնությունների պատճառով, և թեպետ այդ մասին չբարձրաձայնեց, սակայն դրդապատճառները բոլորին էլ պարզ էին: Մնաց թիմի մեջ, միաժամանակ` շարունակելով իր բարեգործական ծրագրերը, չաշխատեց իր թիմի դեմ ու իր մոսկովյան կապերն օգտագործելով` մեր երկրի վրա «տղա չբերեց»: Եվ եթե դառնայինք ԵՄ ասոցիացված անդամ, այդպես էլ նա համբերատար կմնար «երկրորդ գծում»: Բայց հիմա, երբ պատրաստվում ենք Մաքսային միություն մտնել, պարզից էլ պարզ է, որ իշխանական թիմի ներսում հենց նման գործիչները պետք է առանցքային դերակատարություն ստանձնեն: Նույնը կարելի է ասել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի դեպքում, ով աշխատում էր մի առանձնահատուկ «դրայվով» և այդ կարճ ժամանակում մի տեսակ թարմություն մտցրեց մեր մայրաքաղաքային կյանքում, բայց տարաձայնությունների պատճառով արժանապատվորեն հրաժարական տվեց ու հեռացավ երկրից»:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Շրջադարձ հանուն զարգացման» նորաստեղծ հ/կ-ի նախագահ Էդվարդ Անտինյանի հետ:
– Պարոն Անտինյան, եթե չենք սխալվում, Դուք այդ հոդվածը գրելու ժամանակ Մշակույթի նախարարության Ֆինանսատնտեսագիտական վարչության պետն էիք: Փոքր-ինչ անսովոր էր, երբ պետական պաշտոնյան իշխանություններին հրապարակավ քննադատում է և պաշտոնանկ արված անձանց ավելի բարձր պաշտոնների նշանակելու առաջարկ է անում՝ հաստատ իմանալով, որ դա դուր չի գա իշխանություններին:
– Դե՛, դրա համար էլ այդ հոդվածից մի քանի ամիս անց հրաժարական ներկայացրեցի, քանի որ հասկացա, որ մեր իշխանություններին օգտակար խորհուրդներ տվողներ պետք չեն, այլ միայն հլու-հնազանդ կամակատարներ են անհրաժեշտ, որոնք սազն առած՝ Կարեն Կարապետյանի գովքն են հիմա անում, մինչդեռ այդ նշանակումը պետք է լիներ հենց մեր երկրի ԵԱՏՄ մտնելու առիթով, որպեսզի հասկանայինք, որ այդ տնտեսական համակարգին անդամակցելու, դրանով իսկ՝ նոր տնտեսական քաղաքականություն որդեգրելուն համահունչ են համապատասխան նշանակումներ արվել: Իսկ այսօր Կարեն Կարապետյանի նշանակմանը միանշանակորեն հավանություն տվողները կարո՞ղ են մի հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչո՞ւ է այդ նշանակումն այսօր ճիշտ, իսկ երեք տարի առաջ սխալ կլիներ: Այո, ես այդ հոդվածում ասել եմ առավելագույնը, որ լինելով պետական պաշտոնյա, քաղծառայող՝ կարելի էր ասել. ավելին ասելու համար, ցավոք, ստիպված էի գործից դուրս գալ ու «դրսից» ասել:
– Այս օրերին կարծիքներ հնչեցին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ստիպեցին հրաժարական տալ, այն դեպքում, երբ նա իշխանության ու ՀՀԿ-ի առանցքային դերակատարություն ունեցող ներկայացուցիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հրաժարականը:
– Նախ՝ ես վստահ չեմ, որ Հովիկ Աբրահամյանին հրաժարականը պարտադրվել է: Ավելի շուտ, նա կանխազգալով, թե ինչ անմաքուր խաղ են խաղում իր որոշ թիմակիցներն իր գլխին, որպեսզի իրենց համար հարմար պահի նրան «քավության նոխազ» դարձնեն, Աբրահամյանն ընդառաջ քայլ արեց ու շատերին փաստի առաջ կանգնեցրեց: Իշխանության որոշ ուժեր Հովիկ Աբրահայմանին «հրելով»՝ ուզում էին ծուղակը գցել, բայց մեր նախկին վարչապետն այդքան հեշտ ծուղակն ընկնող տեսակից չէ, ուստի ճիշտ պահին կանգ առավ: Արդյունքում՝ իշխանության մեջ արևմտամետ ասոցիացվող թևն իներցիայով ինքը հայտնվեց այդ իսկ ծուղակում:
– Ըստ ԶԼՄ-ների՝ Հովիկ Աբրահամյանին առաջիկայում կառաջարկվի ԱԺ ընտրությունների ընթացքում ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը:
– Նախ՝ շատ անլուրջ կլինի նման առաջարկ անելը, եթե այնպես ներկայացրեցին, թե փոփոխված Սահմանադրության պարագայում Հովիկ Աբրահամյանը չի համապատասխանում իշխանության ապագային միտված ազգային համաձայնության ծրագրերին, որից հետո նրան առաջարկել ղեկավարել գալիք ընտրությունների շտաբ, որով մեր երկրի ապագան է կանխորոշվելու: Խիստ կասկածում եմ, որ Հովիկ Աբրահամյանը նման առաջարկին կհամաձայնի, եթե մի պահ մտածենք, որ այն, այնուամենայնիվ, կարվի:
– Դուք Ձեր հիշյալ հոդվածում նաև նման միտք եք հայտնել. «Եվ այս համալիր զարգացումների արդյունքում ենք համոզվելու, թե ճի՞շտ ենք վարվում արդյոք, որ գնում ենք Մաքսային միություն: Իսկ սխալի կեսից հետ դառնալու համար մեզ արժեհամակարգային ու գաղափարական հզոր ընդդիմություն է հարկավոր, որը պետք է ձևավորվելու նշաններ ցույց տա վիլնյուսյան գագաթաժողովից առաջ: Չանեն դա ընդդիմադիրներն այսօր, դրանով իսկ զրկելով երկիրը մանևրելու հնարավորությունից, դա կանեն իշխանությունները վաղը` ստեղծելով արևմտամետ ուժերի ազդեցիկ թիմ, որն էլ առաջիկայում իշխանությունների դեմ այլընտրանքի իմիտացիա կապահովի, քանի որ մեզ համար այնքան վտանգավոր չէ Մաքսային միություն մտնելը, որքան այն, որ կոշտ արտաքին քաղաքականություն վարող պաշտոնական Կրեմլին պարզ դառնա, որ մենք գնալու տեղ այլևս չունենք»: Իշխանական ո՞ր թևի պարտությունն եք ակնարկում՝ ասելով, որ իրենք էլ ծուղակն ընկան:
– Եթե ուշադիր նայենք, ապա գաղափարական արևմտամետ ազդեցիկ ընդդիմություն այդպես էլ չունեցանք, իսկ խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն: Ավելի ճիշտ, ոչ թե չունեցանք, այլ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այդպիսին չձևավորվի: Իսկ հիմա ՌԴ-ին հաճոյանալու, խաթարված վստահությունը վերականգնելու համար փորձ արվեց ցույց տալ, թե մեր ռազմավարական դաշնակցի դեմ իշխանության մի թևի «տակից» գործելը բացահայտված է, «մեղավորներն» էլ՝ պատժված, ինչի վկայությունն են նախագահի մերձավոր շրջապատից որոշ պաշտոնանկություններ: Իրականում, սակայն, այդ թիմի մեղքը նվազագույն էր, եթե չասենք՝ զրոյական: Պարզապես մեզ արդեն վաղուց հայտնի՝ երկու լարի վրա խաղալու ձախողված արտաքին քաղաքականության համար նաև այդ թևից քավության նոխազներ ընտրվեցին:
– Խոսում եք առաջիկա ընտրություններից, հասկանալի է՝ մեր հասարակության մեջ մեծ անվստահություն կա իշխանությունների հանդեպ, ու դրա համար կան բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, բայց ընդդիմադիրների հանդեպ էլ վստահություն չկա, ու հիմա մի խայտառակ իրավիճակ ունենք՝ համընդհանուր հիասթափություն: Ի՞նչ է սպասվում առաջիկայում ներքաղաքական կյանքում:
– Այն, որ իշխանությունների հանդեպ վստահություն չկա՝ դա միանշանակ է, ու մեզ անհրաժեշտ են արմատական և համակարգային փոփոխություններ, ու դրան հասնելու ձևն այլևս մնացել է գալիք ընտրություններն ու դրանց արդյունքում ձևավորվելիք՝ հասարակության վստահությունը վայելող իշխանությունները: Ու ամեն ինչ պիտի անել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն, որպեսզի իշխանության գան արժանավորները: Ծեծված խոսք պիտի ասեմ ստիպված, բայց իրոք այս անգամ մեր երկիրն ընտրակեղծիքին դիմանալու ոչ մի ռեսուրս չունի: Համամիտ եմ, որ ընդդիմությունն էլ իր բարձրության վրա չէ, ուստի այստեղ էլ առաջիկայում պետք է ունենանք արմատական փոփոխություններ, որ հասարակության մոտ հույս արթնանա առաջիկա ընտրական զարգացումների հանդեպ:
Երբ վերջերս Գևորգ Կոստանյանը հրաժարական ներկայացրեց գլխավոր դատախազի պաշտոնից, դուք տեսա՞ք, թե ինչպիսի գովեստի խոսքեր էին շռայլվում նրա հասցեին համացանցում ու որոշ լրատվամիջոցներով: Մարդիկ մոռացել էին, որ նրա պաշտոնավարման ժամանակ, ինչում ասես, որ չէին մեղադրում նրան: Բայց բավական է մարդը հրաժարական տար, անգամ իշխանությունների հասցեին քննադատական խոսք չասեր՝ նույնիսկ չմիանալով ընդդիմությանը, ուղղակի սուսուփուս հեռանար, որ նրան մեծարեին ու միայն դրականորեն ներկայացնեին: Ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, այդ օրերին ուղղակի ամաչում էի՝ հասկանալով, որ մեր հասարակությունն այնքան է ընդդիմությունից հիասթափվել, որ արժանապատիվ ու պատվախնդիր պաշտոնյա է փնտրում, որպեսզի նրա հետ հույս կապի, ու եթե այդպիսին չի գտնում, պատրաստ է անգամ հորինել: Ու այս օրինակը մեզ լուրջ դաս է, որ ժողովուրդը հոգնել է ճղճղան ընդդիմադիրներից ու նրանց ոչնչի չհասցնող կոչերից: Ու սա նաև դաս պետք է լինի մեր շատ իշխանավորների համար, որպեսզի որոշեն՝ ուզո՞ւմ են իրենց ջանքերն այսուհետ ևս ներդնել, որպեսզի ամեն գնով Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովեն, թե՞ պատրաստ են անկեղծորեն ասել, որ այսպես ապրել այլևս չի կարելի, ու մեր երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ լինեն դանք «վերևից», թե «ներքևից», բայց պարտադիր՝ հասարակական վստահությամբ ու աջակցությամբ:
– Շատ է խոսվում, որ Ձեր հիմնադրած «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունն առաջիկայում դարձնելու եք կուսակցություն ու դրանով մասնակցելու ընտրություններին: Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այդ լուրերը, ի դեպ, նաև որոշ հայտնի անուններ են նշվում, որ լծված են այդ գործին:
– Հասարակական կազմակերպությունը կուսակցություն դարձնելու խնդիր էլ չկա, դրա իմաստն էլ: Մեր կազմակերպությունն ունի կոնկրետ ծրագրեր ու անելիքներ, հիմնականում՝ բարեգործական, ու դրանք կապված չեն առաջիկա ընտրությունների հետ, այլ լինելու են շարունակական: Իսկ ինչ վերաբերում է անելիքներին քաղաքական դաշտում, ես երբեք չեմ թաքցրել, որ առաջիկա քաղաքական պրոցեսներին ակտիվ մասնակից եմ լինելու, իսկ թե ինչ ձևաչափ կընտրվի, դա անգամ ինձ պարզ չի: Իսկ այն անունները, որ այսօր շրջանառվում են, լավ կլինի իրենց դիմեք, ես նրանց փոխարեն պատասխանել չեմ կարող: