«Թոշակի անցած մարդիկ, ովքեր այս պահին Նոր Կյանքում պաշտոնակատար են ինչ-ինչ գործերի, պետք է հեռանան». Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ
«Չնայած նրան, որ մի քանի տեղ ընդդիմությունը կարողացել է հաղթանակ տանել, բայց չի կարելի ասել, որ ընտրություններին իշխանությունների կողմից դրական տեղաշարժեր կան, որ նրանք այլ գործելաոճ են ընտրել, բոլոր տեղերում էլ փորձել են կեղծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ իրենք մասնակցել են Ոսկեվազում, Նոր Կյանքում և Իրինդում կայացած ընտրություններին, սակայն հաղթանակ են գրանցել միայն Նոր Կյանքում, որտեղ ՀՀԿ-ական գործող գյուղապետին հաղթել է ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանը: Ըստ Ա. Սիմոնյանի՝ այս հաղթանակը համարում են իրենց թիմի աշխատանքի արդյունքը:
Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ արդեն մեկ տարուց ավելի ինքը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Մի քանի ամիս առաջ հիմնել են ՔՊ-ի տարածքային կառույցը, որի նախագահն է ինքը, ու որոշել են, որ պետք է անպայման մասնակցեն ընտրություններին:
«Տեղում աշխատել է շատ լավ, ուժեղ թիմ, որը կազմեց ծրագիր` վերհանելով առաջնահերթ խնդիրները, մեր բյուջեի սահմաններում իրատեսական ծրագիր կազմեցինք, որը կասկածի տեղիք չէր տալիս, դրա համար նորկյանքցիները քվեարկեցին այդ ծրագրի օգտին: Գիտենք, որ ժողովրդի մեջ կա թյուր կարծիք, որ ընտրություններն այլ կերպ են արվելու, բայց մեր օրինակն այլ բան ցույց տվեց: Մենք հիմնականում շեշտադրում էինք, որ մենք մեր քվեն պահելու ենք, ու ոչ մեկը չի կարող իմանալ ձեր քվեարկությունը, լինելու է բացարձակ վերահսկողություն ամեն հանձնաժողովի անդամի նկատմամբ»,- նշեց Գ. Սարգսյանը:
Ա. Սիմոնյանը վստահ է, որ գնալով՝ իրենք կարողանալու են հասել նրան, որ բոլոր ընտրատեղամասերում կարողանալու են ապահովել վերահսկողություն: Նա նշեց, որ իրենք Նոր Կյանքում օգտագործեցին Հրազդանի ընտրությունների իրենց փորձը և հույս ունեն, որ Վանաձորում, Գյումրիում իրենք ևս մեծ հաջողություններ կգրանցեն:
Գ. Սարգսյանի խոսքով` իրենց գյուղում բացարձակ ոչ մի լարվածության նշույլ անգամ չկա, «գյուղում բոլորի տրամադրությունը բարձր է, ով հանդիպում էր, իրար շնորհավորում էին, որ այս 17 տարվա ընթացքում վերջապես գյուղապետ փոխվեց:
«Մեր գյուղի մեծ մասը գնում է արտագնա աշխատանքի, շատ հեռախոսազանգեր են լինում, ինձ շնորհավորում են, սպասում են, թե օր առաջ երբ են վերադառնալու իրենց գյուղ, ու քննարկենք գյուղը ոտքի հանելու հարցերը»,- նշեց 29-ամյա գյուղապետը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասում է՝ միևնույն է, համայնքապետ ով էլ ընտրվի, պետք է իրենց հետ աշխատի, Գ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Լեռնիկ Ալեքսանյանը մեր մարզից է՝ Արարատ գյուղից, Վազգեն Սարգսյանի եղբոր բարեկամն է: Ես հանրաքվեի ժամանակ աշխատել եմ՝ որպես դիտորդ Արարատ գյուղի դպրոցում, առավոտվա ժամը վեցից եղել եմ այնտեղ ու աշխատել եմ իմ հնարավորությունների սահմաններում թույլ չտալ, որ այնտեղ ընտրախախտումներ լինեն, այդ տեղամաս է մուտք գործել նաև Լեռնիկ Ալեքսանյանը, այդ տեղամասը եղել է համակ ուշադրության կենտրոն, ու ոչ մեկը ոչինչ չի կարողացել անել, որպեսզի ոչ քվեարկված որևէ քվեաթերթիկ չհաշվարկվի։ Ինչպե՞ս է դա պատկերացնում Լեռնիկ Ալեքսանյանը, եթե չի կարողացել նա ազդել մեկ դիտորդի վրա, որ աշխատի իրենց հետ, նա կարո՞ղ է ազդել արդեն ընտրված համայնքի ղեկավարի վրա, որպեսզի ես աշխատեմ ՀՀԿ-ի հետ»։
168.am-ի հարցին, թե այն ժամանակ փորձեր եղե՞լ են իր վրա ազդելու, Գ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ինձ առավոտից փորձել են համոզել, իմ ընկերներն են եկել, մեր բարեկամներին են ուղարկել, որպեսզի ինձ համոզեն ու դուրս բերեն ընտրատեղամասից, եկել են հարկայինի աշխատողներ, ոստիկաններ, թաղի հեղինակություններ, ամեն կերպ ինձ փորձել են ընտրատեղամասից դուրս բերել, վերջում նույնիսկ ինձ իրավապահ մարմինների աշխատող է զանգել, խնդրել է գոնե 10 րոպեով իր հետ զրուցելով՝ դուրս գալ տեղամասից, որպեսզի իրենք իրենց գործն անեն, ես նրան էլ եմ մերժել»։
Երիտասարդ գյուղապետը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ին, որ բոլոր գյուղերում աշխատանք անեն, «իրենց անգործությամբ իրենք պարտվելու են, ինչպես եղավ Նոր Կյանքի դեպքում». «17 տարի նա պեչատ դնող կամ չդնող էր, նա իր տեղում չէր, եթե ուզում են հաղթեն, թող գործ անեն»:
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ այդ հաղթանակով իշխանափոխության գործընթացը սկսվել է, Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Մենք միշտ աչքի ենք ընկել ռեալ գործով և խոսքով, սա իշխանափոխության սկիզբը չէ, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծման սկիզբ է, իսկ «իշխանափոխություն» բառն օգտագործելու ենք մեկ անգամ, երբ վստահ կլինենք, որ տասնհինգ օրում կամ երեսուն օրում մենք այդ իշխանափոխությունը կանենք»:
Նորընտիր գյուղապետը, սակայն, կարծում է, որ սա առաջին դեպքն էր, որ իրոք «ռեժիմը խուճապի մեջ էր»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե Նոր Կյանքում կադրային ջարդ լինելո՞ւ է, թե՞ ոչ, Գ. Սարգսյանը պատասխանեց, որ մարդը եթե չի աշխատում, չի անում գործ, որ նպաստ է բերում համայնքին, նա պետք է հեռանա. «Պետք է նոր սերունդ գա՝ ավելի խելացի, ավելի ճկուն, և աշխատի այդ պաշտոնում, իսկ թոշակի անցած մարդիկ, ովքեր այս պահին Նոր Կյանքում պաշտոնակատար են ինչ-ինչ գործերի, պետք է հեռանան»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։