«Մենք չենք հավատում, որ դուք կարող եք համակարգի դեմ դուրս գալ. ձեզ պատվեր տվողներն են թաղված դրա մեջ». Արամ Մանուկյանը՝ Արթուր Դավթյանին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր իր ելույթում ասաց, որ Հայաստանի տնտեսության և սոցիալ-քաղաքական ձախողված վիճակի մեջ իր մեղքի բաժինն ունի նաև իրավական համակարգը, այդ թվում՝ Դատախազությունը:
«Հայաստանի տնտեսության բնութագրիչներն են՝ կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիկ համակարգը, ոչ հավասար մրցակցությունը տնտեսական դաշտում։ Դրանք փաստ են, ու դրանց դեմ չկա պայքար։ Հայաստանը համակարգային կոռումպացված երկիր է համարվում, և որքան բարձր է պաշտոնյան, նրա պատասխանատվությունը, նա այդքանով կոռումպացված է։ Պատահական չէ, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ղեկավարում են այն մարդիկ, ովքեր ամենակոռումպացվածն են Հայաստանում»,- ասաց նա։
Դիմելով Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, նա ասաց, ոչ չի պատկերացնում՝ կարողանալո՞ւ է նա այդ համակարգի դեմ դուրս գալ, թե՞ ոչ.
«Երեկ բացել եմ ձեր կայքը, ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչինչ չկա։ Ասեմ ավելին՝ 2016թ. զեկույցի մեջ քոփի-փեսթ են արված 2015թ. ամբողջ թվերը։ Դատախազի պաշտոնական կայքում այսպիսի փնթիությունն աններելի է։ Կարող եք բոլորդ մտնել Դատախազության կայք, նայել կոռուպցիա բաժինը»։
Նա նշեց, որ իրենց խմբակցությունն էլեկտրաէներգիայի ու գազի մասով նյութեր է տվել Դատախազությանը՝ պայքարելու կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ, բայց պատասխան չի եղել.
«Եթե պատգամավորների ու մասնագետների ուսումնասիրությամբ նյութերն են Ձեզ տրվում, ու Դուք նույնիսկ չեք էլ պատասխանում, ես վստա՞հ լինեմ այդ համակարգի վրա, որ ինքը կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում է, ոչ, հիմք չեք տվել։ Ձեզ ուղարկել ենք նաև պաշտոնյաների ապօրինի եկամուտների մասին տեղեկանք, որևէ արձագանք եղե՞լ է, չի եղել ու չի էլ լինելու։ Ձեզ նոր տվյալներն եմ տալիս՝ Հայաստանում առկա տնտեսությունից դեպի ստվեր է գնում տարեկան 1.5-2 մլրդ դոլար գումար. բյուջեի կեսի չափ թվի մասին է խոսքը։ Սա նյո՞ւթ է, թե՞ ոչ, ո՞վ է զբաղվելու սրանով։ Ամեն տարի հայտարարում եմ՝ 1.8 մլրդ դոլար Հայաստանից ապօրինի գումար է դուրս գալիս, սա մարտահրավեր է Հայաստանի տնտեսության համար, բա ո՞վ է զբաղվելու սրանով»։
Դիմելով Ա. Դավթյանին՝ նա նկատեց՝ Դուք մտել եք համակարգ, որտեղ համակարգն է այդպիսին, հիմա կամ Դուք պետք է փորձեք այդ համակարգի դեմ գնալ, կամ էլ գիտեք, որ կամավոր եկել եք այդ համակարգ.
«Մարտի 1-ի պահով էլ ասեմ, որ իշխանությունները հայտարարել են, թե հանցագործությունների մասին կան հարյուրավոր ժամ տեսանյութեր: Հարգելի խորհրդարան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այդ նյութերը հասու չեն փաստաբանների, տուժածների և ծնողների համար։ Իսկ ամենաաղմկոտը՝ կառավարության պատասխանը՝ Եվրոդատարանին, որտեղ տառացիորեն գրված է. «Մահաբեր ուժը, որը կիրառվել է մարտի 1-ի 9 զոհերի նկատմամբ, եղել է բացարձակապես անհրաժեշտ»։ Ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը, այս հարցին պետք է Դատախազությունը պատասխանի։ Եթե այդպես է, ապա ովքե՞ր են եղել կրակողները, ի՞նչ մոտիվացիայով է եղել սպանությունը, որ դուք հայտնաբերել եք, որ ծայրահեղ անհրաժեշտության սպանություններ են։ Եթե հայտնաբերված չէ՝ ովքեր են սպանողներն ու հրահանգողները, ինչպե՞ս եք այսպիսի եզրակացություններ ուղարկել միջազգային կառույցներին։ Կամ նախկին դատախազը ստում է՝ հիմք չունենալով, կամ հիմք ունի ու չի բացահայտում հանցագործներին։ Սա լրջագույն մեղադրանք է Ձեզ։ Մենք չենք հավատում, որ Դուք կարող եք համակարգի դեմ դուրս գալ, որովհետև համակարգն է այդպիսին, Ձեզ պատվեր տվողներն են թաղված դրա մեջ։ ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը»։