Քանի մեքենա է ներկրվել Հայաստան և որ երկրներից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն վերջերս տեղեկանք էր հրապարակել՝ հունվար-օգոստոսին հավաքագրված հարկերի վերաբերյալ։
Այդտեղ նշվում էր, որ ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոնների թվում է ներմուծումների ծավալների անկումը և ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:
Երրորդ երկրներ ասելով՝ ՊԵԿ-ը նկատի ունի ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրված մեքենաները, որոնց մաքսազերծման համար վճարվում է 20% ԱԱՀ և 10% մաքսատուրք։
Իսկ որքանո՞վ է նվազել ներկրվող մեքենաների քանակը, և ինչպիսին է փոփոխությունը՝ ըստ առանձին երկրների։ ՊԵԿ մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյալները արդեն հնարավորություն տալիս են պատասխանել այս հարցերին։
Դիտարկենք միայն մարդատար մեքենաները (արտաքին առևտրի 8703 կոդի ներքո), քանի որ հենց դրանք են մեծամասնություն կազմում։
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ներկրվել 11500 հատ մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմել էր 64.5 մլն դոլար։ Այս տարվա առաջին կիսամյակում ներկրված մեքենաների քանակը 6800 է, մաքսային արժեքը՝ 33.4 մլն դոլար։
Այսինքն, բնեղեն արտահայտությամբ՝ ՀՀ ներկրվող մեքենաները բնեղեն արտահայտությամբ նվազել են 40.8%-ով, իսկ գումարային արտահայտությամբ՝ 48.2%-ով։
Սակայն ինչպես նշեցինք, բյուջեի եկամուտների տեսանկյունից շատ ավելի կարևոր է երրորդ երկրներից ներկրված մեքենաների վիճակագրությունը։
Ներկրված 6800 մեքենաներից 6500-ը երրորդ երկրներից են, որոնց ընդհանուր մաքսային արժեքը մոտավորապես 29.8 մլն դոլար է։ 2015-ի առաջին կիսամյակում երրորդ երկրներից ներկրվել էր ավելի քան 9700 մեքենա՝ 55 մլն դոլար մաքսային արժեքով։
Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ներկրված մեքենաների ներկրումը՝ գումարային արտահայտությամբ, նվազել է ավելի քան 25 մլն դոլարով։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ պետբյուջեն միայն ԱԱՀ-ի մասով կորցրել է 5 մլն դոլար, որը կստացվեր 25 մլնի հարկումից։
Ո՞ր երկրներից են ներմուծվում մեքենաները։
Մեծ մասը՝ 3100-ը, ներմուծվել են Գերմանիայից, երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 2400 մեքենա, երրորդում ԱՄՆ-ը՝ 338 մեքենա, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 265 մեքենա։
Ինչ փոփոխություններ է կրել մեքենաների ներկրումը՝ հիմնական երկրներից։ Պատկերն այսպիսին է.
Գերմանիա, 2015թ. առաջին կիսամյակ՝ 5300 մեքենա, 2016թ. առաջին կիսամյակ՝ 3100 մեքենա, 41.5% նվազում
ԱՄՆ, 2015թ. առաջին կիսամյակ՝ 631 մեքենա, 2016թ. առաջին կիսամյակ՝ 338 մեքենա, 46.4% նվազում
Ռուսաստան, 2015թ. առաջին կիսամյակ՝ 1735 մեքենա, 2016թ. առաջին կիսամյակ՝ 265 մեքենա, 84.7% նվազում
Կորեա, 2015թ. առաջին կիսամյակ՝ 219 մեքենա, 2016թ. առաջին կիսամյակ՝ 129 մեքենա, 41.1% նվազում
Այսինքն, բոլոր երկրներից կա մեքենաների նվազում։ Ամենազգալի նվազումը Ռուսաստանից ներկրված մեքենաների մասով է՝ 84.7%: Դա պարզ բացատրություն ունի. մեր հայրենակիցներից շատերը ՌԴ-ում գնված մեքենաները պարզապես չեն մաքսազերծում և ՌԴ պետհամարանիշերով վարում են Հայաստանում։ Այդ իսկ պատճառով էլ շատացել են ռուսական համարներով մեքենաները։
Վերջում անդրադառնանք նաև մեքենաների ներկրման կառուցվածքի փոփոխությանը։
Գերմանիայից ներկրված մեքենաների տեսակարար կշիռը շարունակում է գերակշռող մնալ՝ 45.6% (2015-ի առաջին կիսամյակում 46.1%)։
Լուրջ փոփոխությունները վերաբերում են Ճապոնիային և Ռուսաստանին։ ՌԴ-ից ներկրված մեքենաների տեսակարար կշիռը 15.1%-ից նվազել է մինչև 3.9%, իսկ Ճապոնիայի կշիռը 24.3%-ից աճել է մինչև 35.3%։
Մյուս երկրների մասով էական տեղաշարժեր չկան։
2015թ. 1-ին կիսամյակ | 2016թ. 1-ին կիսամյակ | |||||
Գերմանիա | 46,1 | 45,6 | ||||
Ճապոնիա | 24,3 | 35,3 | ||||
Ռուսաստան | 15,1 | 3,9 | ||||
ԱՄՆ | 5,5 | 5,0 | ||||
Կորեա | 1,9 | 1,9 | ||||
Կանադա | 1,0 | 1,0 | ||||
Իսպանիա | 0,8 | 0,7 | ||||
Թուրքիա | 0,5 | 1,2 | ||||
Այլ երկրներ | 4,9 | 5,5 |