«Եթե վարչապետը սկսի անվանական տալ մենաշնորհներ ունեցողների անուններն ու նշի նրանց դեմ պայքարի մեթոդները, ես կհավատամ…». Անուշ Սեդրակյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականի, նոր կառավարության ձևավորման փաստին՝ ըստ էության որևէ նոր բան չասաց, այլ ընդամենը կրկնեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում ասած խոսքերը։

«Նախագահի ելույթում հստակ արձանագրվեց, որ սահմանադրական փափոխություններն արդեն իսկ ենթադրում էին արմատական փոփոխություններ, ինչի ականատեսը լինում ենք հիմա։ Չի կարելի ասել, որ չսպասված փոփոխություններ էին։ Կարծում եմ` թեկնածուն քաջ հայտնի է բոլորիս, անձամբ ես ոչ միայն լավատես եմ, այլև իրատես, ու այն ակնկալիքները, որ ունենք, կտեսնենք կատարված»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագահին տեսանելի է` կոնկրետ ով և որ պահին կարող է փոփոխություններ իրականացնել։ Իսկ Կարեն Կարապետյանի որոշումը` գլխավորել կառավարությունը, գերհամարձակ քայլ է համարում։

Մինչդեռ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ այս փոփոխությունները պայմանավորված էին երկու ներքին հոսանքներով. «Առաջինը սոցիալական ընդվզումն էր, որն արտահայտվեց բավականին ռադիկալ միջոցներով։ Երբ մենք խոսում ենք հրաժարականների մասին, կարծես մոռանում ենք այն վերջին իրադարձությունները, որ ապրիլից մինչև հուլիս եղան Հայաստանում։ Այդ սոցիալական դժգոհության համար պետք էր գտնել որոշակի պահապան շերտ, որպեսզի հասարակությունը բացահայտ հիասթափությունից անցներ գոնե ժամանակավոր սպասման գոտի, որը կարող էր բերել միայն կառավարության փոփոխությունը»։

Նրա խոսքով՝ վարչապետի անձի ընտրության մեջ մեծ դեր է խաղացել վրացական մոդելը.

Կարդացեք նաև

«Բիձինա Իվանիշվիլին իր անձնական միջոցները ներդնում էր Վրաստանի տնտեսության մեջ։ Մենք մոռանում ենք, սակայն, որ Հայաստանի տնտեսական խնդիրների 50-60%-ն այն համակարգի ընտրության մեջ է, որում հիմա գտնվում ենք։ Այսինքն՝ մեր տնտեսական նվազումներն արձանագրվում են ԵՏՄ տնտեսական նվազումներին զուգահեռ։ Մենք տնտեսական այնպիսի գոտում ենք, որ, եթե անգամ անձերն իրենց ողջ կարողությունը ներդնեն տնտեսության բարելավման համար, դժվար թե այդ տնտեսությունը կարողանան ճգնաժամից հանել։ Սակայն կառավարության փոփոխությունը մի խնդիր հաստատ կատարելու է. դա մինչև ընտրությունները հասարակական դժգոհությունը հասարակական սպասման վերածելն է»։

Ա. Սեդրակյանն ընդգծեց՝ երբ ասում են` պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն, համաձայնությունը քաղաքական կատեգորիա չէ. «Համաձայնությունն էմոցիոնալ կատեգորիա է, և պետք է լիներ թափանցիկ և օրինապաշտ կառավարություն, որ մենք բոլոր հարցերը լուծեինք։ Երկրորդ՝ մենք Ռուսաստանի հետ գլոբալ խնդիրներ ունենք, և անընդհատ պարզվում է, որ Հայաստանը կյանքով մեկ պարտք է Ռուսաստանին։ Անհասկանալի պատճառներով՝ մեր գազային պարտքն է անընդհատ աճում, մեր կոմունիկացիոն ուղիներն են փակուղու մեջ հայտնվում։ Միգուցե հույս կա, որ Կարեն Կարապետյանը գալով այդ երկրից՝ կկարողանա ներքին կարգով լուծել այդ խնդիրները, քանի որ Ռուսաստանը նույնպես ներքին կարգերի, այլ ոչ՝ թափանցիկ օրենսդրական դաշտերի երկիր է։ Բայց քանի որ կա գլոբալ ստրատեգիա տարածաշրջանում, այդ անձնական կապերը չեն աշխատելու»։

Նրա խոսքով՝ բոլոր վարչապետները խոստացել են, որ պայքարելու են մենաշնորհների դեմ և լուծելու են ռեսուրսների սպառման թափանցիկության խնդիրը՝ մոռանալով ասել, որ Հայաստանում թե՛ մենաշնորհները, թե՛ ռեսուրսներին տիրապետող խմբերը խիստ թափանցիկ անվանական խմբեր են. «Եթե վարչապետը սկսի անվանական տալ մենաշնորհներ ունեցողների անուններն ու նշի նրանց դեմ պայքարի մեթոդները, ես կհավատամ, որ Հայաստանում նոր տնտեսական լիազորություններով և ազատություններով ինչ-որ փոփոխություն կլինի։ Քանի անուններ չեն տվել, ես ոչ մի բանի չեմ հավատում։ Ընդհանուր ինչ ասես՝ կարելի է խոսել։ Բոլորը պայքարում են կոռուպցիայի դեմ. ամենաուժեղը կոռուպցիայի դեմ պայքարում են նրանք, ովքեր զբաղված են կոռուպցիայով»։

 

Տեսանյութեր

Լրահոս