ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանում և պատրաստ է հետագայում զարգացնել այս առաքելությունը երկու կողմերի հետաքրքրությունների շրջանակներում: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ Ազգային ժողովում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսից հետո ԱԺ-ում ունեցած իր ելույթում հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:
«Մենք նորից կանգնած ենք ԵՄ նոր համագործակցության ծրագրի հետևում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր առումներով: Մենք խոստանում ենք, որ ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել, որպեսզի խաղաղության գործընթացը հաջող եզրահանգման գա: Ես խոր հույս ունեմ, որ խաղաղության բանակցությունները հաջողության կհասնեն»,- ասաց նա:
Կլոդ Վիզլերը նաև ընդգծեց՝ մինչև երկարատև խաղաղության հասնելը շատ կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ բաց, ազնիվ և կառուցողական երկխոսությունը կարող է զարգանալ:
«Եկեք գործադրենք մեր բոլոր ջանքերը՝ խոչընդոտները վերացնելու համար: Դրա համար մենք անհապաղ պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկություն տրամադրի անհայտ կորած անձանց մասին: Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման, և սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ, որոնց նրանք պարզապես արժանի են»,- ասաց նա:
Դահլիճում հնչեցին ծափողջույններ: