Հայաստանին հանգստացնում են վարչապետի հրաժարականով. «Կոմերսանտ»

Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին և Երևանի նախկին քաղաքապետ, ռուսական «Գազպրոմ» ընկերության նախկին թոփ մենեջեր Կարեն Կարապետյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Հովիկ Աբրահամյանի իրավահաջորդի գլխավոր առավելությունն այն է, որ նա այդքան ուժեղ կերպով չի ասոցիացվում երկրի ներկայիս իշխանության հետ` չէ՞ որ դեռևս հուլիսին Երևանում ամեն օր տեղի ունեցող միտինգների ժամանակ հնչում էին իշխանափոխության կոչեր:

Նշվում է, որ Հայաստանում իրավիճակը սրվեց ամռանը, երբ ընդդիմության և իշխանությունների միջև հակասությունը զինված բախումներ առաջացրեց: Պարբերականն անդրադառնում է հուլիսի 17-31-ը «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից Էրեբունու ՊՊԾ-ի գրավմանն ու դրան հաջորդող իրադարձություններին:

Արդյունքում` օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդունեց երկրի կյանքում «արմատական փոփոխությունների» անհրաժեշտությունը:
Ազգային համաձայնության կառավարությունը կգլխավորի 53-ամյա Կարեն Կարապետյանը:

Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ վերջինս 2011–2012թթ. եղել է «Գապրոմբանկի» առաջին փոխնախագահ, 2012թ. նոյեմբերին զբաղեցրել «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալի պաշտոնը` պահպանելով «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը, իսկ 2015-ին դարձել է «Գազպրոմ էներգոհոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալը:

«Կոմերսանտը» գրում է, որ նրա ծանոթներն ու գործընկերները «Գազպրոմից» Կարապետյանին բնութագրում են՝ որպես «շատ եռանդուն» և «նորարարական ոգի» ունեցող մարդ, սակայն` իմպուլսիվ:

Պարբերականը հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրում է, թե Կարեն Կարապետյանը լավ հարաբերությունների մեջ է «Գազպրոմի» կառավարման խորհրդի ազդեցիկ անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ, ինչը կարող է նրան օգնել հարաբերությունները կառուցել ռուսական իշխանությունների հետ` արդեն նոր պաշտոնում:

«Կարապետյանի ընտրությունը ես «հաջող» կանվանեի: Նա փորձառու ղեկավար է, տնտեսվար, կապեր ունի Ռուսաստանում և այլ երկրներում: Նա ի վիճակի է ամուր թիմ հավաքել և փորձել հաղթահարել այն բացասական միտումները, որոնց մասին խոսում է հայ հասարակությունը` գործազրկություն, արտագաղթ, արագ աճող արտաքին պարտք»,- պարբերականի հետ զրույցում ասել է Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

Տեսանյութեր

Լրահոս