SOCAR-ը փոխզիջումներ է ակնկալում Հունաստանից DESFA գազային օպերատորի բաժնետոմսերի գնման հարցում
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) փոխզիջումային առաջարկություններ է ակնկալում Հունաստանից` հունական DESFA գազային օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի հաջող ավարտի համար, Իզմիրում լրագրողներին հայտնել է SOCAR Energy Greece-ի ղեկավար Անար Մամեդովը:
Նրա խոսքով` Հունաստանում գազի սակագների հաշվարկի նոր կանոնները բացասական ազդեցություն կունենան DESFA-ի եկամտաբերության վրա:
«Նոր պայմաններում նախագիծը դադարում է այդքան հետաքրքիր լինել մեզ համար: Այդ պատճառով մենք պատրաստ ենք հունական կառավարության հետ աշխատել, առաջարկել ենք նրանց փոխզիջում: Մեր կողմից նախագծի նկատմամբ հետաքրքրություն կա, սակայն կոմերցիոն տեսակետից իմաստ պետք է ունենա, իսկ նոր պայմաններում SOCAR-ը կարող է այնքան էլ պատրաստ չլինել մասնավորեցմանը»,- ասել է Մամեդովը:
Նրա խոսքով` ներկայումս SOCAR-ը Հունաստանից ակնկալում է պատասխան առաջարկություններ:
«Հունաստանի կառավարությունը տեղյակ է մեր դիրքորոշման մասին: Եթե նրանք հետաքրքրված են գործընթացի ավարտով, ապա պետք է մեզ դա ցույց տան: Մենք մտադիր չենք դիմել դատարան, սակայն կա հավանականություն, որ ստիպված կլինենք հրաժարվել այդ կոնկրետ նախագծից»,- ասել է նա:
Նրա խոսքով` նախնական գնահատականների համաձայն` նոր սակագների պարագայում հունական ընկերությունը կորցնում է իր արժեքի 40-50 տոկոսը:
Մինչ այդ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը հայտարարել էր, որ Հունաստանի կառավարությունը խախտել է DESFA ընկերության մասնավորեցման մրցութային ընթացակարգը
2013 թվականի դեկտեմբերին SOCAR-ը 400 միլիոն եվրոյով ձեռք էր բերել DESFA գազաբաշխիչ ցանցի օպերատորի բաժնետոմսերի 66 տոկոսը: Ադրբեջանական ընկերությունը դրա մասնաբաժնի 31 տոկոսը գնել էր Հունաստանի կառավարությունից, իսկ 35 տոկոսը՝ Hellenic Petroleum SA ընկերությունից:
Հունաստանի կառավարությունը, ելնելով մենաշնորհ թույլ չտալու սկզբունքից, առաջարկում է DESFA-ի բաժնետմոսերի 17 տոկոսը վաճառել երրորդ կողմին: Իտալական Snam ընկերությունը շահագրգիռ է գնել բաժնետոմսերի 17-տոկոսանոց փաթեթը: