«Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելու ռուսական քաղաքականությունը հարկադրված է, որը թույլ է տալիս խուսափել աղետից». Սերգեյ Ստանկևիչ

«Ռուսաստանը մեծապես ունակ է կանխարգելել ԼՂ զինված հակամարտության սրումը, բայց միայնակ չի կարող արագացնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց «Անատոլի Սոբչակի ֆոնդի» փորձագետ Սերգեյ Ստանկևիչը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ու դրանում ռուսական դերակատարությանը։

Գնահատելով Հարավային Կովկասում Արևմուտքի մեկուսացման ռուսական քաղաքականության արդյունավետությանը՝ Ստանկևիչն ասաց, որ Ռուսաստանը պնդում է, որպեսզի Հարավային և Հյուսիսային Կովկասի երկրների անվտանգության ապահովման հարցը լուծվի բացառապես այս տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտության։

Բացառություններ, նրա պարզաբանմամբ, հնարավոր են ՄԱԿ-ի ուղիղ միջամտության դեպքում, օրինակ՝ ԼՂ հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ «Թեև ԱՄՆ-ի և իր կողմնակիցների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա ազդելու փորձերը նախկինի նման շարունակվում են, որևէ էական և երկարաժամկետ փոփոխություններ այդ ջանքերը չեն բերում, ինչը նշանակում է, որ Կովկասում Ռուսաստանի ռազմավարական ուղին հարաբերականորեն հաջողված է»,- ասաց Ստանկևիչը։

Վերջինիս բնորոշմամբ՝ նախկինում Մեծ Կովկասի տարածաշրջանում ռուսական քաղաքականությունը թույլ էր տալիս ցավոտ բացթողումներ։ Վերջին տարիներին, նրա կարծիքով, այստեղ իրականացվում է բավականին կշռադատված և պրագմատիկ քաղաքականություն՝ անվտանգության հարցերում ռազմավարական ինքնաբավություն, արտաքին ազդեցությունների զսպում, Ռուսաստանը, որպես միջնորդ և բազմակողմ խաղաղարարության գործիք։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ապա ռուս փորձագետի խոսքով, այդ հարաբերությունները կարելի է որակել՝ որպես խորը ռազմավարական գործընկերություն։

Ըստ նրա՝ դրանք չի կարելի զոհաբերել նույնիսկ առանձին հարցերում հաճախակի տարաձայնությունների առկայության դեպքում։ Խոսելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին՝ Սերգեյ Ստանկևիչն ասաց, որ Ռուսաստանը մեծապես ունակ է կանխարգելել ԼՂ զինված հակամարտության սրումը, բայց միայնակ չի կարող արագացնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը։ «Այստեղ անհրաժեշտ կլինի նախկինի նման հույսեր կապեր ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ռուսաստանի ու Ֆրանսիայի հավելյալ դիվանագիտական ջանքերի հետ։

Ինքնին ԼՂ հակամարտությունը համաշխարհային պատմության այն եզակի հակամարտություններից է, որը դասվում է «երեք սերունդների հակամարտություն» տեսակի շարքին։ Զինադադարի պայմաններում հակամարտող կողմերում պետք է փոխվի ամենաքիչը երեք սերունդ, որպեսզի հնարավոր լինի վերջնական և ամուր կարգավորում։ Ուստի բոլորին անհրաժեշտ է լցվել պատմական համբերությամբ»,- նման կարծիք հայտնեց Ստանկևիչը։

Հարցին, թե ԼՂ հակամարտությունը կդառնա՞ արդյոք Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության հերթական հարթակը, Ստանկևիչը բացասական պատասխան տվեց։ Նրա պնդմամբ՝ դա չեն ցանկանում ոչ Ռուսաստանը, ոչ Արևմուտքը, ոչ հակամարտող կողմերը։

Պարզաբանելով ԼՂ հակամարտության կողմերին զենք-զինամթերքով զինելու ռուսական քաղաքականությունը՝ ռուս վերլուծաբանը նշեց, որ այս հարցում անհրաժեշտ է սթափ, առանց զգացմունքների գնահատական։

Եթե Ռուսաստանը, ըստ նրա, դադարեցնի զենքի մատակարարումը տարածաշրջան, ապա անհապաղ կերպով կհայտնվեն զենքի արտաքին մատակարարներ։ Արդյունքում՝ մենք կստանանք սպառազինության մրցավազք հակամարտության անխուսափելիորեն լայնամասշտաբ պատերազմի վերաճման հեռանկարով։ Այսպիսով մատակարարումները թույլ են տալիս պահպանել հավասարակշռությունը, զսպել և կանխարգելել հակամարտության ընդլայնումը, դրա մասնակիցների բազմապատկումը։ Ուղիղ ասենք՝ դա հարկադրված քաղաքականություն է, որը թույլ է տալիս խուսափել կատաստրոֆիկ սցենարներից»,- մեկնաբանեց Սերգեյ Ստանկևիչը։

Հարցին, թե ինչո՞ւ է Մոսկվան իր կոմերցիոն հետաքրքրություններն ավելի բարձր դասում, քան ռազմավարական գործընկերությունը, նա արձագանքեց՝ ասելով, որ Ռուսաստանը Մեծ Կովկասում զենքի մատակարարումը չի դիտարկում՝ որպես կոմերցիոն եկամուտի էական աղբյուր։

Նրա խոսքով՝ սկզբունքային կարևորություն ունի այն հանգամանքը, որ չպետք է թույլ տալ տարածաշրջանի բաժանում տարբեր մատակարարների միջև, որը կհանգեցնի սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքի և, փաստորեն, անխուսափելի պատերազմի։ «Ռուսաստանի համար դա այնքան առևտուր չէ, որքան հավասարակշռության պահպանում, կայունության պահպանում և արտաքին ազդեցություն զսպում։ Ցանկացած արմատական փոփոխություն հղի է արագ աղետով»,- ընդգծեց Ստանկևիչը։

Տեսանյութեր

Լրահոս