Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսության համար նույնպես «երանելի» ժամանակներ չեն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակը Հայաստանի համար բնութագրվեց միջին տնտեսական ակտիվության ցուցանիշով, որն իր հերթին՝ պայմանավորված էր արդյունաբերության և ծառայությունների ոլորտների բարձր ակտիվությամբ: Բարձր ցուցանիշներ էր գրանցում նաև արտահանման ոլորտը: Սակայն «ճնշված» վիճակում էր գտնվում շինարարության ոլորտը, մտահոգիչ էին նաև մանրածախ առևտրի և ներմուծման ծավալների բացասական ցուցանիշները: Համենայն դեպս, երկրորդ կիսամյակի սկզբին՝ հուլիսին, աճի թափը կարծես կոտրվեց: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին կազմեց 3% աճ, այն դեպքում, երբ հունվար-հունիսին այն կազմել էր 4,8% աճ:

Սա՝ Հայաստանում, իսկ ինչպիսի՞ն է տնտեսական ակտիվությունն աշխարհում: Կարելի է ասել, որ գլոբալ տնտեսության համար վիճակն այնքան էլ միանշանակ չէ, ավելի շուտ՝ դեռևս բարդ է: Զգացնել է տալիս 2008թ.-ի ճգնաժամի հետևանքները: Թույլ տնտեսական աճ, անհավասարության խորացում, ցածր պահանջարկ, նվազող ներդրումներ, արտադրական հզորությունների կրճատում, ահա այսպես է բնութագրել ընթացիկ տարում համաշխարհային տնտեսության վիճակը Միջազգային արժույթի հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը՝ Պեկինում G20-ի հանդիպումից մի քանի օր առաջ:

Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, ներառյալ՝ պետական և մասնավոր սեկտորների պարտքի մեծ բեռը, բերում է պահանջարկի նվազման: Սա իր հերթին՝ զսպում է առևտուրը: Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2015 թ.-ին արտահանումը նվազել է արժեքային արտահայտությամբ 10,9%-ով, իսկ ներմուծումը՝ 10,3%-ով (այս ցուցանիշները պայմանավորված են դոլարի ուժեղացմամբ և բորսայական ապրանքների էժանացմամբ): Իսկ գլոբալ ինվեստիցիաների (ներդրումների) մակարդակը 2%-ով ցածր է 2007-20014 թթ.-ի ներդրումների միջին մակարդակից: Նվազում է նաև առաջարկը:

Դեռևս ցածր են բորսայական ապրանքների գները: Հումք արտահանող երկրների եկամուտները նվազում են, որոնց համար նոր տնտեսական իրականություն է ձևավորվում, որի համար էլ ժամանակ է պետք: Իսկ զարգացող երկրները, որոնք բորսայական ապրանքների ներմուծողներ են, ավելի քիչ են տուժում, քան արտահանողները: Սակայն նրանց օգուտն էլ էներգակիրների և այլ բորսայական մետաղների գների նվազումից այնքան էլ մեծ չէ:

Համաշխարհային տնտեսության համար ռիսկային է համարվում նաև ազգային արժույթների փոփոխականությունը և ֆինանսական շուկաների անկայունությունը: Զարգացող երկրներից կապիտալի արտահոսքն աճում է: Կապիտալի արտահոսքը մեծ է նաև Չինաստանից: Այսինքն՝ քիչ լիկվիդներ են մնում այդ երկրներում տնտեսական աճի համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարծում է, որ հիմա շատ կարևոր է սպառողական պահանջարկի մակարդակի պահպանումը: Եթե դա տարիներ շարունակ իրականացվում էր կենտրոնական բանկերի կողմից ակտիվ խթանման քաղաքականությունների շնորհիվ, ապա ներկայումս իրականացվող դրամավարկային քաղաքականություններն արդեն սպառել են իրենց ռեսուրսները: Իսկ դա նշանակում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է խաղա առավել էական դեր: Անհրաժեշտ է մեծացնել պետական ներդրումները և արդիականացնել ենթակառուցվածքները: Ինչպես նաև ակտիվացնել առևտուրը՝ առևտրային ծախսերի նվազեցման և առևտրային արհեստական արգելքների վերացման ճանապարհով:

Աճի տեմպերի պահպանման հույսը կրկին Չինաստանը և Հնդկաստանն են: 2-րդ եռամսյակում Չինաստանը ապահովել է 6,7% աճ, իսկ Հնդկաստանը՝ 7,1%: Սակայն Չինաստանի զարգացման նոր քաղաքականությունը ենթադրում է տնտեսության աճի դանդաղ տեմպեր, որը կարող է ծանր նստել համաշխարհային տնտեսության վրա: Տնտեսության կայունացումը պայմանավորված է ներկայումս բյուջետային խթանումներով: Չինական տնտեսությունը գտնվում է սպասման փուլում: Այստեղ տեղի է ունենում տնտեսության վերակողմնորոշում՝ ներդրումային տնտեսությունից՝ դեպի սպառում, և արտաքին պահանջարկից անցում՝ դեպի ներքին պահանջարկ: Սակայն դա Չինաստանի առևտրային գործընկերների համար ծանր կարող է նստել, այն գործընկերների, որոնք կախված են չինական արտահանումից, դա կարող է բերել գնային փոփոխությունների:

Ցածր է նաև ԱՄՆ-ի տնտեսական ակտիվությունը՝ այն երկրորդ եռամսյակում ապահովել է 1,2% աճ 2015 թ.-ի երկրորդ եռամսյակի նկատմամբ: Մինչև տարվա վերջ ենթադրվում է, որ ԴՊՀ-ի կողմից կբարձրացվեն տոկոսադրույքները, և դոլարը կուժեղանա: Եվրամիությունում տնտեսությունն ավելի արագ է աճում, քան ԱՄՆ-ում, երկրորդ եռամսյակում ունեցել է 1,8% աճ, սակայն դա էլ ցածր է դեռևս: Այն նվազել է Իտալիայի և Ֆրանսիայի պատճառով: Իսկ Մեծ Բրիտանիան ունեցել է 2,2% աճ երկրորդ եռամսյակում, որը վատ ցուցանիշ չէ Brexit-ից հետո, սակայն ենթադրվում է, որ այն այսուհետ ավելի ցածր կլինի: Անգլիայի Կենտրոնական բանկը շարունակում է կորպորատիվ պարտավորությունների և տարբեր ակտիվների ձեռքբերումը Brexit-ի բացասական հետևանքները մեղմելու համար: Եվրամիությունում փախստականների բերած խնդիրները, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների բացասական ազդեցությունները գումարվել են նախկինում եղած տնտեսական խնդիրներին:

Ճապոնիայում առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 0,5 տոկոս, իսկ երկրորդում՝ 0,2 տոկոս: Նվազել են արտահանումը և կապիտալ ծախսերը: Վարչապետ Սինձո Աբէն նախատեսում է ֆինանսական ակտիվների ձեռքբերման արդյունքում ևս 265 մլրդ դոլարին համարժեք ճապոնական իենի ներմղում ճապոնական տնտեսություն:

Ռուսաստանում կարծում են, թե արդեն ռեցեսիայից դուրս է եկել և մտել ստագնացիայի փուլ, քանի որ երկրորդ եռամսյակում Ռուսաստանում տնտեսական աճի բացասական տեմպը երկու անգամ կրճատվել է, եթե առաջին եռամսյակում անկումը կազմել է -1,2 %, ապա երկրորդ եռամսյակում այն կազմել է -0,6%: Անկման տեմպերի դանդաղումը պայմանավորված է նավթի գների կայունացմամբ: Սպասվում է, որ երրորդ եռամսյակում տնտեսությունը փոքր աճ կգրանցի: Իսկ Բրազիլիայում շարունակվում է ռեցեսիան: Հիշեցնենք, որ անցած տարի Ռուսաստանում և Բրազիլիայում տնտեսական անկումը կազմել էր համապատասխանաբար՝ 3,7 և 3,8%:

Տնտեսական ակտիվությունն այնքան էլ բարձր չէ մեր հարևանների մոտ: Եթե Թուրքիան առաջին եռամսյակում գրանցել էր 4,8% աճ, ապա հուլիսյան հեղաշրջման փորձից հետո աճի տեմպերը բավականին նվազել են, իսկ թուրքական լիրայի արժեզրկման տեմպերն աճել են: Վրաստանում առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 2,9%: Իսկ Ադրբեջանում հունվար-հուլիսի կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, տնտեսական անկումը կազմել է -3%:

ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս