«Ապրիլյան պատերազմը փոխել է ամեն ինչ, շատ բան է փոխվել ոչ միայն ՊՆ-ում, այլև հասարակական գիտակցության մեջ». Կարեն Վարդանյան
«ԴիջիԹեք էքսպո» 2016 ցուցահանդեսն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 3-ից մինչև 5-ը Հայաստանը կմասնակցի Բրազիլիայում անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային կոնգրեսին։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ այս տարի «ԴիջիԹեքն» անցկացվում է ապրիլյան իրադարձություններից հետո և կրում է դրանց ազդեցությունը։ «Կարծում եմ՝ շատ ընկերություններ «ԴիջիԹեքին» կներկայացնեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կիրառելի կլինեն Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու հարցում։ Գիտեք, որ մենք ապրիլին ինժեներական ոլորտում մոբիլիզացիա էինք հայտարարել, և այս 4 ամիսների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել։ Գուցե այդ աշխատանքները չցուցադրվեն այն մասով, որով գաղտնի են, բայց կցուցադրվեն այդ աշխատանքների տարբեր տեխնոլոգիական հատվածներ, որոնք հիմք են հանդիսացել նոր զենքի և զինատեսակների ստեղծմանը Հայաստանում»,- ասաց Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ այս տարի «ԴիջիԹեքում» միջազգային լուրջ մասնակցություն կլինի։
Այսօր արդեն հայտնի է ռուսական, գերմանական, ամերիկյան, Թայվանում, Հնդկաստանում գործող ընկերությունների և կազմակերպությունների մասնակցության մասին. դրանք կիրականացնեն նաև որոշակի միջոցառումներ, որոնք կարևոր են Հայաստանի համար։ Կարեն Վարդանյանը դրական պատասխան տվեց այն հարցին՝ արդյոք հստակ պայմանագրեր կա՞ն Պաշտպանության նախարարության և այն ընկերությունների միջև, որոնք երկրի անվտանգության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիաներ են ներկայացնում։ «Եթե մենք միշտ բողոքում էինք, որ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունն այդքան էլ չի ստացվում, հիմա պետք է արձանագրենք, որ նոր փոխնախարար Դավիթ Փախչանյանի գալու հետ կապված համագործակցությունն շատ ավելի ինտեսնիվ է, և, կարելի է ասել՝ պտղաբեր»,- ասաց Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ ապրիլյան պատերազմը փոխել է ամեն ինչ, շատ բան է փոխվել ոչ միայն ՊՆ-ում, այլևս հասարակական գիտակցության մեջ. «Հասարակության մեջ մեծ պատրաստակամություն կա՝ Հայաստանի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։
Կարեն Վարդանյանն ասաց, որ ապրիլյան իրադարձություններից հետո զորացրված երիտասարդներին 6 ամսվա ընթացքում ծրագրավորման սկսնակ մասնագիտություն տալու ուղղությամբ փորձնական ծրագիր է սկսվել. առաջին խումբն արդեն անցել է ծրագրի կեսը։ Այդ տղաները ևս, Կարեն Վարդանյանի խոսքով, հանդես կգան ցուցահանդեսում։ Ծրագիրն անվճար է։
Ցուցահանդեսի առաջին հարկում, Կարեն Վարդանյանի խոսքով, ցուցադրված կլինեն կոմպլեքս ինժեներական լուծումները, երկրորդ հարկում՝ հիմնականում ծրագրային և բիզնեսին ուղղված լուծումները, երրորդ հարկում՝ մուլտիմեդիայով և անիմացիայով զբաղվող ձեռնարկությունները, ինչպես նաև՝ բոլոր կրթական ծրագրերը։ Նա նաև կարծիք հայտնեց, որ այս տարի կանցնեն 60 հազար այցելությունների եզրագիծը։
«Ucom» ընկերության մարքետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանն ասաց, որ այսօր ցանկացած տնտեսության հիմքում ընկած են ինժեներական տեխնոլոգիաները, տեխնոլոգիական լուծումները, ինչը շատ կարևոր է նաև Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ սա առաջին տարին է, երբ «Ucom» ընկերությունը ցուցահանդեսին կմասնակցի՝ նաև որպես շարժական կապի օպերատոր։