Թուրքիան Գյուլենին արտահանձնելու նպատակով ԱՄՆ կուղարկի երկրի ներքին գործերի և արդարադատության նախարարներին
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարն ու Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ կմեկնեն՝ քննարկելու թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Այդ ահաբեկչին (Գյուլենին) վերաբերող փաստաթղթերը ԱՄՆ ուղարկվել էին դեռևս մինչ հեղաշրջման փորձը: Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո նախապատրաստված փաստաթղթերը նույնպես կհանձնվեն ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությանը … Մեզ մոտ է ժամանել ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը:
ԱՄՆ կմեկնի մեր արդարադատության նախարարության և ներքին գործերի նախարարության ղեկավարների գլխավորած պատվիրակությունը՝ համատեղ աշխատելու տվյալ հարցի վրա»,- հայտարարել է Էրդողանը G20-ի շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:
«Հատկանշական է այն փաստը, որ մեր տարածաշրջանում տեղ գտած ահաբեկչական հաձակումները ժամանակագրական առումով գրեթե համընկել են հեղաշրջման փորձի հետ: Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ մենք պետք է մշակենք միասնական մոտեցում բոլոր ահաբեկչական հարձակումների նկատմամբ, որոնք իրականացվում են աշխարհում ,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Օբամային՝ հեղաշրջման փորձից հետո վերջինիս աջակցության համար Թուրքիայի օրինական իշխանություններին:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկարաժակետ ռազմավարական գործընկերությունը վերածվել է իր տեսակի մեջ համագործակցության մոդելի:
Երկու երկրների միջև հարաբերությունները կրում են յուրահատուկ բնույթ և շարունակում են ամրապնդվել, նշել է նա: