Թափորի փոխարեն՝ պարադ, ու տրնգի՝ ռեքվիեմի փոխարեն
Սեպտեմբերի 3-ը Հայաստանի պետական տոնացույցում որևէ գույնով նշված չէ։ Նշված չէ ո՛չ կարմիրով, որը սեպտեմբերի 3-ի պատճառ դարձած երկրի ղեկավարության գաղափարական հայրերի ու հոգեբանական շեղվածությունն արտահայտող գույնն է, ո՛չ էլ սևով, որը կարող էր ու պետք է նշված լիներ պետական տոնացույցում՝ արտահայտելու սեպտեմբերի 3-ի նշանակությունը Հայաստանի համար։
Բայց քանի որ տոնացույցը պետական է այնքանով, որքանով Հայաստանի մյուս պետական սուբստանցիաները, այսինքն՝ պետական չէ ընդհանրապես ու այլևս, սեպտեմբերի 3-ը որևէ գույնով նշված չէ։ Ոչ թե՝ որովհետև սեպտեմբերի 3-ը կարմիրով նշելու արտաքին պարտադրանք չի եղել ու սևով իրականությունն արձանագրելու ներքին առաքինությունը չի բավականացրել, այլ՝ որովհետև սեպտեմբերի 3-ն իրականացրածներին՝ որպես թեյավճար, թույլ են տվել նույն տոնացույցում պահպանել սեպտեմբերի 21-ը։ Կարմիրո՛վ։ Թույլ են տվել ոչ միայն՝ պահպանել, այլև՝ նշել ինստիտուցիոնալ այդ մազոխիզմի ողբերգականությունը խլացնող առանձնակի տոնականությամբ ու հանդիսավորությամբ՝ առավոտվա պարադով ու գիշերվա սալյուտով անգամ։
Հայաստանի անկախության հռչակման 25-ամյակն այս տարի նշվելու է աննախադեպ ու գլխապտույտ առաջացնող ճոխությամբ։ Որպեսզի հանկարծ մարդիկ գլխի չընկնեն, որ հոգեհացի կամ հուշ երեկոյի փոխարեն, որին պետք է մասնակցեին, եթե իրերը կոչվեին իրենց անուններով ու երևույթները գնահատվեին իրենց իմաստներով, մասնակցում են տոնախմբության, որն իր էժանությամբ անգամ խրախճանք չէ ժանտախտի ժամին, այլ սովորական թամաշա։ Իսկ ավելի ճիշտ՝ ստրկահացի զանգվածային ակցիա։ Առանց հացի՝ բնականաբար։ Որովհետև սեպտեմբերի 21-ը ոգեղենություն ունեցող օր է, իսկ այդ օրը հատկապես ու առավել ևս՝ արքունիների բանկետներն օրհնող պալատական տերտերները հիշեցնում են, որ կյանքը ոչ միայն հացիվ է։
Սեպտեմբերի 3-ը, ի տարբերություն սեպտեմբերի 21-ի, որևէ կերպ չի նշվում ու չի հիշատակվում ու չի շնորհավորվում ու, առավելևս՝ չի ցավակցվում։ Որովհետև սեպտեմբերի 3-ի արդյունքն ամենօրյա կյանքն է ու դեռևս անհասկանալի այն գոյացության կերպը, որն ինքնասփոփանքով անվանում ենք պետություն։
Սեպտեմբերի 3-ը չի նշվում, որովհետև մարդկության պատմությունը կարծես թե չունի նախադեպեր, երբ հանրայնորեն նշում են անկախության ու պետության կորուստը։ Չի նշվում, որովհետև սեպտեմբերի 3-ը մեր կյանքի բովանդակությունն է, սեպտեմբերի 21-ը՝ դեռևս մնացած ձևը։
Իսկ մենք անբովանդակ ձևերի առանձնակի սիրահար ենք ու հասկանալիորեն նշելու ենք Անկախության 25-րդ «տարեդարձը»։ Ու քանի որ այդ օրը տոնական է լինելու, իսկ տոնական օրերին անգամ ակնհայտ իրողությունների մասին խոսելը համարվում է բայղուշություն, սեպտեմբերի 21-ին պատեհ չի լինելու ու ավելի նվաստացնող է լինելու խոսել այն ամենի ու այն ամենքի մասին, որոնց պատճառով Անկախության տոնը վերածվել է անհիշելի ժամանակներում կորած ազգականի ծննդյան արարողության, ում մահվան մասին գիտենք, բայց չենք խոստովանում։
Սեպտեմբերի 3-ը հենց այդ ամենի մասին խոսելու օրն է, որն իրականում այդ ամենի մասին լռելու օր է։ Որովհետև սեպտեմբերի 3-ը մեզ տեղափոխել է այնտեղ, որտեղ խոսքը ոչ մի արժեք չունի ու ոչինչ չի փոխում։
Պետք է լռել այդ ամենի մասին ու փակել ականջները՝ չսելու համար այն ռաբիս երգերը, որ անկախության մասին հնչելու են մի քանի օր հետո։ Պետք է լռել այդ ամենի մասին ու փակել աչքերը՝ չտեսնելու համար այն պլպլան պաստառները, որ անկախության մասին կախվելու են մի քանի օր հետո։ Պետք լռել այդ ամենի մասին ու անջատել ուղեղը՝ չընկալելու համար այն շնորհավորանքները, որ անկախության մասին հղվելու են մի քանի օր հետո։
Ահագին խելոք մարդկանցից մեկն ասում էր, որ ամենամեծ ստրկությունն ազատություն չունեցողների՝ իրենց ազատ համարելու ինքնախաբեությունն է։ Այդ մարդու անունը հայերի մեծամասնությունն ասոցիացնում է պաշտոնյա դառնալու համար անհրաժեշտ ամենակարևոր հատկության հետ։ Այդ մարդու համարյա հայրենակիցներից մեկն էլ գրում էր ստեղծագործությունը, որը պետք է հնչեր սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հիշատակի առթիվ, բայց չի հնչելու։ Որովհետև այդ մյուսի անունն էլ հայերի մեծամասնության համար փայլուն թղթով շոկոլադ է կամ Նալբանդյան փողոցի վրա գտնվող կարաոկե ակումբ։
Այսօր սեպտեմբերի 3-ն է։ Ինչպես 3 տարի առաջ հենց այս նույն օրը։
Հարություն Ավետիսյան