Բաժիններ՝

«Ուղեղների հոսքը» բավականին լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար

«Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթեւ Բեժանյանի դիտարկմամբ` Հայաստանը լքողների եւ վերադարձողների պատճառաբանությունները գրեթե նույնն են, իսկ Հայաստանից արտագաղթելու հիմնական պատճառ են շարունակում հանդիսանալ սոցիալ-տնտեսական խնդիրները:

«Մարդիկ առաջին հերթին մեկնում են երկրից, որովհետեւ կամ աշխատանք չեն գտնում ընդհանրապես, կամ չեն գտնում մասնագիտությանը համապատասխան, կամ էլ աշխատավարձը չի բավարարում, որ կարողանան ընտանիք պահել: Երբեմն միայն ընտանիքի հայրն է գնում` հետագայում ընտանիքի մյուս անդամներին տանելու մտադրությամբ: Մյուս կողմից էլ մեկնում են, որովհետեւ ցանկանում են երեխաների համար ավելի բարեկեցիկ ապագա ապահովել, ավելի լավ կրթության տալ: Ի դեպ, բավականին շահառուներ ենք ունեցել, որոնք փորձել են իրենց ծնողներին տանել Ռուսաստան ավելի բարձր թոշակ ս տանալու համար: Սակայն կան մարդիկ, որ անկախ ամեն ինչից վերադառնում են երեխաների հետ միասին, քանի որ չեն ուզում, որ երեխաները օտար բարքերի համաձայն մեծանան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կազմակերպության ղեկավարը:

Կազմակերպությունը խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին նախքան արտերկիր մեկնելն, ինչպես նաեւ վերադառնալուց հետո վերաինտեգրման ծրագրերում ներգրավելու համար: Տաթեւ Բեժանյանի խոսքով` միայն 2016 թվականին կազմակերպությունն ունեցել է 400-ից ավելի շահառու, ովքեր դիմել են մեկնելուց առաջ խորհրդատվություն ստանալու համար, իսկ մոտ 100-ը` վերադառնալուց հետո:

«Մեզ դիմող բոլոր շահառուները հիմնականում աշխատանքային միգրանտներ են, ովքեր ինչ-որ կոնկրետ նպատակով են ցանկանում արտերկիր մեկնել, սակայն ոչ ընդմիշտ մնալու համար: Օրինակ` մեկը տղայի հարսանիքը կազմակերպելու համար է մեկնում, մյուսը` երեխայի ուսման վարձը վճարելու կամ բնակարանի վերանորոգման ծախսերը հոգալու: Որպես կանոն` նրանք հիմնականում մեկնում են տարվա սկզբին եւ վերադառնում նոյեմբեր ամսին: Մեզ դիմողների մեծամասնությունը հատկապես Ռուսաստան մեկնելու համար են դիմում, ուզում են տեսնել`արդյոք կան սեւ ցուցակներում, թե ոչ, ծանոթանում են այնտեղ մեկնելու հիմնական քայլերին, օրենսդրությանը»,-ասաց նա:

Տաթեւ Բեժանյանը մտահոգիչ է համարում այն, որ վերջին տարիներին երկիրը սկսել են լքել նաեւ ապահովված ընտանիքները:

«Սա բավականին մեծ վտանգ է երկրի համար, երբ մարդիկ, ովքեր եւ լավ կրթություն ունեն, եւ աշխատանք, ապահովված են, լքում են երկիրը, այսինքն` տեղի է ունենում «ուղեղների հոսք»: Առհասարակ, միգրացիան կապված է գրեթե ամեն ինչի հետ: Տեսնում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր խորհրդարանական ընտրություններից հետո աճում է արտագաղթողների թիվը հիասթափության, այլեւս հեռանկար չտեսնելու պատճառով: Օրինակ` շատերն իրենց գումարները պահում են վրացական բանկերում, որպեսզի ասենք ԴԱՀԿ-ն չկարողանա կալանք դնել իրենց հաշիվների վրա մի 5000 դրամ տուգանքի պատճառով: Նմանատիպ խնդիրներն են, որ անուղղակի կամ ուղղակի կերպով հանգեցնում են արտագաղթի եւ ոչ ներգաղթի աճին»,- եզրափակեց Տաթեւ Բեժանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս