Բաժիններ՝

«Տարեկան 3-3.5% տնտեսական աճի դեպքում եվրոպական կենսամակարդակին մենք կհասնենք 240 տարի հետո». Էդվարդ Սանդոյան

Մեր զրուցակիցն է Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:

– Պարոն Սանդոյան, անկախ Հայաստանն արդեն 25 տարեկան է: Որտե՞ղ է հայտնվել մեր երկիրն այս տարիների ընթացքում և դեպի ո՞ւր է գնում:

– Հայաստանը հայտնվել է այնտեղ, որտեղ միշտ եղել է. ինստիտուցիոնալ իմաստով ոչինչ չի փոխվել: Իմ խորին համոզմամբ՝ մենք ոչ մի նոր սխալ չենք գործել, ոչ մի նոր խոսք չենք ասել, մարդկության պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ նման զարգացումների և այս կամ այն պետությունների վախճանի կամ ձախողման: Մենք կրկնում ենք հաճախ այն սխալները, որոնք երկար պատմություն ունեն: Օրինակ՝ մեր հայրենակից, հանրահայտ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն փորձել է մարդկության ամբողջ պատմությունը ինստիտուցիոնալ վերլուծության արդյունքում ներկայացնել 2 խոշոր կատեգորիաների միջոցով՝ ինքլյուզիվ (inclusive) և էքստրակտիվ (extractive) ինստիտուտների և դրանց զարգացումների, հետևանքների տեսանկյունից (ինքլյուզիվ ինստիտուտներ՝ հասարակության լայն շերտերին հասանելի է երկրի հարստությունը, հնարավորություն է տալիս երկարաժամկետ զարգանալու, էքստրակտիվ ինստիտուտներ՝ քաղաքական ուժը կենտրոնանում է հասարակության մի փոքր խմբի մոտ, որն օգտագործում է այդ ուժը տնտեսական ռեսուրսներն իր մոտ կենտրոնացնելու և իր օգտին շահագործելու համար-խմբ.):

Ցավում եմ, բայց մեր ժողովուրդն այդպես էլ չարդիականացավ: Մենք ունենք շատ դաժան հազարամյա պատմություն և միշտ գործել ենք էքստրակտիվ ինստիտուտների դաշտում, պարծենում ենք այն հատվածներով, որտեղ ունենում ենք ժամանակավոր հաջողություններ էքստրակտիվ ինստիտուտների՝ «ուժեղ», կենտրոնացված իշխանության շնորհիվ, երբ բոլոր որոշումները կայացվում են բուրգի գագաթին, իսկ ովքեր խանգարում են շուկաների ու քվոտաների բաշխմանը, նրանք պետք է պատժվեն, և պետությունը դրանով է պետություն, որ պետք է ունենա հզոր պատժիչ ինստիտուտներ, որոնք որքան «արդյունավետ» են, այնքան պետությունը հզոր է և կայացած: Այդ երևույթները աշխարհում գոյություն ունեն 5000 տարի, և մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ վերջինը: Եթե մենք դիտարկենք այսօր զարգացած ու զարգացող երկրների պատմությունը, գործընթացները, մշակութային առանձնահատկությունները, ազգային գենետիկական կոդը, ապա այլ հավասար պայմաններում տարբեր պատմություն ունեցող սոցիումները դրսևորվում են լրիվ այլ կերպ:

– Հայի գենետիկ կոդը Ձեզ ի՞նչ է հուշում:

– Զարգացող երկրների 99%-ից ավելին զարգացող չեն, և դաժան հումոր է, կարծես, որ զարգացող ենք անվանում չզարգացող պետությունները, որոնք կարող են 100-200 տարի չզարգանալ: Մի տեղ կվերանա տվյալ պետությունը, նույնիսկ ազգային հավաքական կոդը՝ ենթարկվելով մուտացիայի, և, ցավոք սրտի, մենք գտնվում ենք չզարգացող երկրների ցուցակում և կարող ենք այսպես չզարգանալ ևս 100 տարի, եթե պատմությունը մեզ թույլ տա: Բայց արդյոք պատմությունը մեզ կների՞, և արդյոք պատմությունը մեզ օժտե՞լ է նման ժամանակային ռեսուրսով, արդյոք մենք ունե՞նք նման հնարավորություն: Անցած տարի իմ աշակերտների հետ հետազոտություն կատարեցինք և եկանք այն եզրակացության, որ այսպես շարունակելու, տարեկան 3-3.5% տնտեսական աճ ունենալու դեպքում, երբ վերջին 7 տարում մենք կումուլյատիվ աճել ենք ընդամենը 9.7%-ով, թեև մեզ այդքան աճ հարկավոր է նվազագույնը տարեկան, իսկ Եվրոպայում եթե միջին աճը լինի 1.5%, ապա մենք եվրոպական այսօրվա կենսամակարդակին կհասնենք 240 տարի հետո: Մենք ունե՞նք 240 տարի ժամանակ: Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև գործընթացներն արագանում են, ժամանակները փոխվել են, այլևս 21-րդ դարում ենք ապրում: Ինչո՞ւ է շատերին թվում, թե ՌԴ-ում բոլորը քնում ու արթնանում են մի մտքով՝ ինչպես անել, որ Հայաստանը զարգանա ու լավ ապրի, մի խումբ մարդկանց էլ թվում է՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում են բոլորը երազում Հայաստանի հաջողությունների ու զարգացման մասին: 1915թ.-ին էլ էին հայերն այդպես կարծում ու զարմանում, թե մենք ցեղասպանության ենք ենթարկվում, իսկ եվրոպացիները ելույթներ են ունենում, թե չի կարելի այդպես:

Նման բան չկա, ավելին՝ եթե նախկինում ամբողջ մարդկության պատմությունը հայտնի է դաժան պատերազմներով, ապա 21-րդ դարը շատ ավելի նուրբ գործիքակազմ ունի, բայց նպատակները չեն փոխվել: Ավելին (և սա էլ է գալիս խորհրդային տարիներից)՝ շատերին թվում է, թե երկրի ղեկավարն ազգի հայրիկն է, ով միշտ մտածում է ժողովրդի մասին, ու նեղանում ենք, թե ինչո՞ւ ժողովրդի մասին չի մտածում: Այդպիսի բան չի լինում, մարդկության պատմությանը հայտնի չեն նման դեպքեր՝ բացառությամբ մի քանիսի, օրինակ՝ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն, որը Սինգապուրն ամենաաղքատ երկրների շարքից դարձրեց առաջադեմ երկիր:

Եվ ահա, 1991թ.-ին մենք հայտնվեցինք այնպիսի իրավիճակում, երբ Աստված որոշում կայացրեց, որ վերջապես ժամանակն է, հայերը մեղք են, թող անկախություն ստանան: Մեզանից ոմանք համոզված են, որ մենք պայքարի արդյունքում հասանք դրան: Եվ իսկապես մենք պայքարել ենք, Ղարաբաղյան շարժումը սկսվեց ազգային-ազատագրական գաղափարախոսության հենքի վրա և ավարտվեց անկախության գաղափարախոսությամբ: Այդ ժամանակահատվածը ՀՀ «վաղ ռոմանտիզմի» տարիներն էին, երբ իսկապես կար ռոմանտիզմ, հավատ, վստահություն, կոնսոլիդացիա: Եվ իրոք մենք ունեցանք հաջողություններ, որ այսօր փնովում ենք: Սկսեցինք արժեզրկել այն ինստիտուտները, որոնք զարմանալիորեն մեզ հաջողվել էր ստեղծել, օրինակ՝ ժամանակակից բանկային համակարգը, հետխորհրդային տարածքում լավագույն բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության ինստիտուտը և այլն: Բայց չհասցրինք շատ բաներ իրականացնել, և պատմությունը մեզ պատժեց դրա համար: Օրինակ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ինստիտուտների մասին չէինք մտածում, և տարերային զարգացումն առաջին հերթին բերեց շուկաներում կենտրոնացման, հետո սկսվեց եկամուտների կենտրոնացում, որը վերածվեց սեփականության կենտրոնացման, հետո սկսվեցին սեփականության վերաբաշխման գործընթացներ, հրաշալի ինստիտուտը՝ հողի սեփականաշնորհումը, որը մենք առաջինն ենք սկսել Խորհրդային Միության փլուզումից հետո, և որը մեզ պետք է բերեր շատ զարգացումներ. մինչ օրս մեր վիճակագիրներին բախտ է վիճակվել, երբ չի բավականացնում տնտեսական աճը, բայց անհրաժեշտ է այն ունենալ, նրանց փրկում է գյուղատնտեսությունը: Բայց դա էլ, ըստ էության, հետադարձ գործընթացի ենթարկվեց, գյուղը սկսեց թշվառանալ, գյուղացիները՝ էլ ավելի աղքատանալ, ագրարային ոլորտում զարգացումներ չեղան, նոր տեխնոլոգիաներ չեկան: Եվ մենք շարունակում ենք այսօր միջնադարյան մեխանիզմներով, միջնադարյան ինստիտուտներով, միջնադարյան հարաբերություններով շարժվել առաջ, նոր տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, գիտելիքահեն արտադրությունները մեզ մոտ շատ չնչին տեղ են զբաղեցնում, և չի երևում, որ այդ ոլորտներով կարող ենք դուրս գալ որոշակի աճի, չնայած այդտեղ ձեռքբերումներ ունենք:

Մենք շարունակում ենք դոփել տեղում, և ապացույցն այն բանի, որ այս ձևով այլևս չի կարելի շարունակել, այն է, որ մենք զարգացման ոչ մի մոդել էլ չենք ընտրել, մենք 25 տարում ոչ մի անգամ չենք որոշել, որ սա է մեր մոդելը, այսպիսի ինստիտուտներ պետք է լինեն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, հասնենք այս-այս նպատակին, և, խնդրեմ, մեկ ինստիտուտի չձևավորման հետևանքը՝ չունեինք տնտեսական մրցակցության պաշտպանության ինստիտուտ, ձևականորեն սկսեցինք ստեղծել շատ ուշ՝ 2000-ականներին, որը, բնականաբար, արդեն չէր կարող կայանալ, որովհետև օլիգարխիան էր ձևավորվել: Ի դեպ, մի սխալ էլ ունենք. մեր բնակչությունն օլիգարխին չի տարբերում հարուստ մարդուց:

Մեծահարուստը որքան հարուստ է, այնքան արժանի է հարգանքի և կարող է լինել երիտասարդության համար օրինակելի կերպար, եթե այդ հարստությունը ազնիվ ճանապարհով է ձևավորել, իսկ օլիգարխն այն անձն է, որը կարողանում է ազդել որոշումների վրա, հարկային քաղաքականության, մաքսային վարչարարության, մրցակցության պայմանների, դատաիրավական վճիռների, քաղաքական որոշումների և այլնի վրա: Դա տեղի է ունենում, երբ իշխանությունը սերտաճում է բիզնեսի հետ, դաշտը կենտրոնացվում և մոնետիզացվում է, այսինքն՝ տրանսֆորմացվում է քաղաքական իշխանության: Այստեղ է հարցերի հարցը՝ ինչո՞ւ այսպես ստացվեց, որովհետև սկզբում չհասցրինք ստեղծել այս ինստիտուտները:

Թեկուզև մենք առաջատար էինք հետխորհրդային տարածքում, կամաց-կամաց գնացինք, ընկանք աուտսայդերների դաշտը, և տեսանելի ապագայում ես դրական արդյունքներ չեմ սպասում, որովհետև մենք, չհասցնելով զարգացնել սահմանափակող ինստիտուտները, թույլ տվեցինք օլիգարխիա, ընդ որում՝ նույնիսկ դժվար է ասել, թե ո՞րն ավելի շուտ կայացավ՝ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական դաշտի մոնոպոլիզացիան: Մեզ մոտ դասական օրինակ է, և կարող ենք դասագրքեր գրել աշխարհի ազգերի համար, որպեսզի նրանք չկրկնեն այս փորձը:

Մեզ 25 տարում հաջողվեց ոչ միայն պահպանել Խորհրդային Միությանը բնորոշ էքստրակտիվ բոլոր ինստիտուտները, այլ նաև նրանք է՛լ ավելի խորացնել և նույնիսկ վերականգնել պատմությունից վաղուց մոռացված ֆեոդալականին բնորոշ ինստիտուտները՝ հողային սեփականության հարաբերություններ, սեփականության կենտրոնացում, պառլամենտի սեփականաշնորհում, քաղաքական բոլոր ինստիտուտների արժեզրկում ու վերացում և քաղաքական դաշտի մոնոպոլիզացիա: Այդպիսի մոնոպոլիզացիան սնվում է տնտեսական մոնոպոլիաների ճանապարհով: Եվ մենք ընդամենը կրկնում ենք այն բոլոր սխալները, որոնք տարբեր ազգեր տարբեր ժամանակներում իրականացրել են:

Պատմությունը կարծես մեզ հետ է տանում 4-5-րդ դար, որպեսզի մենք 15 դար հետո զարգանանք, դառնանք ժամանակակից ազգ: Ես ցավով եմ ասում, որովհետև մեր կենցաղային հարաբերությունները, մտածելակերպը, վերաբերմունքը դեպի իշխանավորը մնացել են խորհրդային, անգամ ասում ենք՝ մեր ղեկավարները: Բայց խոսքը ընտրովի պաշտոնյաների մասին է, որոնք, ժամանակակից լեզվով ասած՝ մենեջերներ են, վարձու աշխատողներ, որոնց, եթե լավ չաշխատեն, կվերընտրենք: Բայց՝ ոչ, չենք վերընտրի, որովհետև ընտրության ինստիտուտը չի կարող գործել նման դաշտում, իսկ քանի դեռ այն չկա, մենք ոչ մի բանի չենք հասնի:

– Դեղատոմսը ո՞րն է:

– Նախ՝ մի քանի փաստարկ, որ տեսնենք, որ անիմաստ է խոսել ընթացիկ հարցերից՝ 3% աճ և այլն: Համոզված եմ՝ ոչ մի նշանակություն չունեն անուններն ու ազգանունները, թե ով է նախագահը, ով՝ վարչապետը, ԱԺ պատգամավորը և այլն: 1991թ.-ից մենք գնում ենք տարերային զարգացումներով, քաղաքական դաշտը փակ է, մոնոպոլացված, որոշումները կայացվում են կենտրոնացված, մնացած հարաբերություններն այդ քաղաքական մոնոպոլիզացիայի ածանցյալ են: Մանկամտություն է երազել, որ վաղը օլիգարխիան որոշում կկայացնի, որ այսպես չի կարելի, եկեք զիջենք շուկան մրցակիցներին, եկեք ավելի քիչ փող աշխատենք, իշխանությունը չզբաղեցնենք: Կամ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում հավաքվում են ամենակոռումպացված մարդիկ և սկսում են իրենք իրենց դեմ պայքարել: Նման բան պատմության մեջ չի եղել, և դժվար թե մենք լինենք աշխարհում առաջին ազգը, որ գնա դրան:

Դրա համար այն, ինչ գրվում և ասվում է, թողնենք մի կողմ և հասկանանք իրողությունը, որ եթե իսկապես ուզում ենք ունենալ կայացած, զարգացած պետություն, իսկ չերազել չենք կարող, որ այս սիրուն, ջիգյարով, Աստծո կողմից շնորհ ստացած ազգն իսկապես ապրի բնականոն և նորմալ պայմաններում ժամանակակից 21-րդ դարում: Էքստրակտիվ զարգացումների գլխավոր պայմաններից մեկն է, որ բնակչությունը լինի աղքատ, որովհետև աղքատ մարդն ամբողջությամբ կառավարելի է: Այսօր պաշտոնական վիճակագրությամբ ունենք 30% աղքատություն, որի էքստրեմալ շեմը ամսական 23384 դրամ է, ներքին շեմը՝ 33101 դրամ, իսկ վերին շեմը՝ 40264 դրամ, այսինքն՝ ովքեր 23 հազարից ցածր եկամուտ ունեն, ծայրահեղ աղքատ են, 33 հազարից ցածր՝ շատ աղքատ, 40 հազարից՝ աղքատ: Սակայն ակնհայտ է, որ եթե քո նվազագույն սպառողական զամբյուղն այսօր 61999 դրամ է, շեմը պետք է ընտրել ոչ թե 40 հազար, այլ 62 հազար դրամ, և այդ դեպքում մենք կունենանք ոչ թե 30% աղքատություն, այլ շուրջ 60-70%:

Ստացվում է՝ բնակչության մեծ մասը չի մասնակցում տնտեսական աճին, ներդրումներ չի անում, բիզնեսով չի զբաղվում, նոր արժեք չի ստեղծում, չի նպաստում տեխնոլոգիական զարգացմանը, որովհետև փող չունի, ընդամենը գոյատևում է: Ես հաշվարկել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Վրաստանի որոշ ցուցանիշներ. և այսպես՝ մենք պաշտոնապես ունենք 30% աղքատություն, Ադրբեջանը՝ 6%, Վրաստանը՝ 14.8%, Ռուսաստանը՝ 11.2%, Ղազախստանը՝ 2.8%: Տեսեք՝ որքան ենք մենք նահանջել: Գործազրկությունը Հայաստանում 17.1% է, Ադրբեջանում՝ 5.2%, Վրաստանում՝ 13.4%, Ռուսաստանում՝ 5.1%, Ղազախստանում՝ 4.1%: Հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք այսպես էլ բոլորից վատ պետք է լինեինք:

Մենք հաշվարկել ենք 1991-2015թթ.-ի կումուլյատիվ աճը, և այս 25 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գումարային աճել է 142.7%, Ադրբեջանը՝ 121.7%, Վրաստանը՝ 14.1%, Ռուսաստանը՝ 19.3%, Ղազախստանը՝ 72.7%: Վերահաշվարկել ենք ՀՆԱ-ն, և ստացվել է, որ 1991թ.-ին Հայաստանը միջինում 1.21 անգամ ավելի լավ էր ապրում, քան Ադրբեջանը, Վրաստանից՝ 1.27, զիջում էինք Ռուսաստանին՝ 0.5, Ղազախստանին՝ 0.85: Սակայն այսօր մեր կենսամակարդակը վրացիների համեմատ 0.92 է, այսինքն՝ 8% զիջում է, Ադրբեջանի համեմատ՝ 0.64, Ռուսաստանի համեմատ՝ 0.39, Ղազախստանի համեմատ՝ 0.33: Ինչպե՞ս եղավ, որ մենք մեկնարկային ավելի լավ պայմաններից և ավելի լավ զարգանալուց հետո այս երկրներից վատ ենք ապրում: Այս հանելուկը բացատրություն չունի:

Եվ սրանք պաշտոնական թվեր են: Եկեք տեսնենք՝ ինչ տեղի ունեցավ 2008թ.-ի ճգնաժամից հետո: 2009-2015թթ. կումուլյատիվ աճը Հայաստանում 9.75% է, Ադրբեջանում՝ 25.4%, Վրաստանում՝ 26.8%, Ղազախստանում՝ 31.4%, Ռուսաստանում՝ 2.72%: Այսինքն՝ բացի Ռուսաստանից, որտեղ ճգնաժամը դեռ շարունակվում է, մենք անգամներով զիջում ենք մյուսներին: Սա նշանակում է, որ վերջին 7 տարին մենք ստագնացիայի վիճակում ենք, և 2008թ. ՀՆԱ ցուցանիշը դոլարային արտահայտությամբ մինչ օրս չենք հաղթահարել: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2017-ին կարող է գերազանցենք: Բայց 9 տարի ստագնացիայի իրավունք ունե՞նք: Այստեղ արդեն խոսքը ոչ թե տարիների, այլ որակական երևույթի մասին է: Ես կարծում եմ՝ մենք չունենք նման ժամանակ: 1990թ.-ին Հայաստանն աշխարհի երկրների շարքում բացարձակ ՀՆԱ ցուցանիշով զբաղեցնում էր 142-րդ տեղը, 2008-ին՝ 122-րդ, 2015-ին՝ 136-րդ: Եվ կարևոր չէ, թե որ թվին ո՛ր նախագահի, ո՛ր կառավարության օրոք ի՛նչ սխալ արվեց:

Ուսումնասիրել ենք հայ-ռուսական, ԵՏՄ-ի հետ հարաբերությունները, և չնայած այս տարվա առաջին կեսին արտահանման էական փոփոխություն ունենք, բայց այստեղ կա ավելի կարևոր գործոն: 2016թ. կիսամյակը, որ համարվում է մեծ նվաճում, ըստ էության, զիջում է 2014թ. ցուցանիշին: Մենք մոռացել ենք, որ 2015թ.-ին մեծ անկում ունեցանք, և 2016թ. աճը 2014-ին չի հասնում: Մենք ապրում ենք մեկ տարով՝ մոռանալով, որ դրանից առաջ ևս կյանք է եղել: Օրինակ՝ եթե 2014թ.-ին ՌԴ Կենտրոնական բանկը հրաշալի ձևով ազատ լողացող արժույթի քաղաքականություն վարեց՝ ֆինանսական շուկայի փոփոխություներին համահունչ, նավթի էժանացմանը զուգընթաց ռուբլու փոխարժեքը թանկացավ, Հայաստանում որոշեցին, որ դրամի էական արժեզրկում չի կարելի թույլ տալ, որովհետև բյուջեն և տնտեսությունը դրա տակից դուրս չեն գա, մարդկանց կենսամակարդակն է՛լ ավելի անկում կապրի, և դա կարող է բերել սոցիալական և քաղաքական հետևանքների:

Սակայն անցած տարի ՀՆԱ նկատմամբ մեր բյուջետային եկամուտները նվազել են նախանցած տարվա համեմատ: Ավելին՝ 2016-ի եկամուտները պլանավորել ենք ավելի քիչ, քան 2015-ին էր: Նման բան 25 տարում չէր եղել: Բայց սրանք բոլորը հետևանքներ են, անձերն այստեղ որևէ նշանակություն չունեն, մեղավորներ չկան, համակարգն է պահպանվում: Գործընթացները կարելի է շտկել, փոխել քաղաքականությունը, բայց ամբողջ 25 տարվա ամփոփումը թույլ է տալիս եզրակացնել, որ մենք կորցրել ենք շատ մեծ հնարավորություններ, որոնք գուցեև արդեն մատչելի չլինեն: Բայց մենք վերջնականապես չենք կորցրել մեր ներուժը, և եթե հասկանանք, կանգ առնենք ու երկրի զարգացման մոդելը մշակենք պարտադիր ինքլյուզիվ հենքի վրա, այն լինի շահերի բախման դաշտում, կարող է շանս ունենանք շատ արագ փոխել իրավիճակը, քանի որ փոքր երկիր ենք:

«Ի՞նչ անել». այս հարցը ես չեմ սիրում: Ակնհայտ է, որ նման իրավիճակից մի ելք կա՝ հեղափոխություն, բայց ոչ թե ուժի, զենքի, ոչ թե էլիտայի փոփոխության ապստամբություն, այլ մտքի՝ նոր մտածելակերպ, ազատ ու անկաշկանդ մտածողություն, խոսքի իրավունք: 25 տարվա զարգացումները բերեցին նրան, որ ի տարբերություն Վրաստանի՝ մենք մի սերունդ հետ ենք մնացել վրաց ժողովրդից, որը գիտի՝ ինքն է իր երկրի տերը: Ֆիզիկական հեղափոխությունները միշտ բերել են ավելի վատ հետևանքների, իսկ բնականոն ընթացքի դեպքում, եթե նոր կերպով մտածող երիտասարդը կազմի հասարակության որոշակի տեսակարար կշիռ, նա կարող է հասնել հաջողության: Օրինակ՝ «էլեկտրիկ Երևան» և այլ շարժումներն ի հայտ բերեցին հրաշալի տղաների և աղջիկների, նոր կեցվածքով, ինչը նոր մարդկային կապիտալ է: Ու եթե այդ լուսավոր երեխաները կազմեն նոր սերնդի գոնե 10%-ը, մենք կունենանք նոր պետություն, նոր երկիր, նոր հասարակություն, նոր հարաբերություններ: Ժամանակ է պետք, թեև ժամանակ չունենք …

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս