Նվիրվում է «հաղթական» լուծման իդեոլոգներին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 1994թ. մայիսից զինադադար հաստատվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցը նկատելի ներազդեցություն է ունեցել հայաստանյան ներքաղաքական պայքարի վրա, իսկ երբեմն նաև որոշակի ազդակներ հաղորդել ներքաղաքական օրակարգին: Թերևս մոտ ապագայի համար կարելի է բացառել որևէ այլ մոտեցում՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը լինելուց բացի՝ Լեռնային Ղարաբաղի հարցը նաև կենսական նշանակություն ունի ողջ հայության, այդ թվում՝ Հայաստանի հասարակության համար:

Այս տեսանկյունից կասկածից վեր էր, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի, ապա միջնորդական ջանքերի կտրուկ ակտիվացման արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում, իսկ հետո նաև Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումները պետք է անցնեին քաղաքական ու փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակության սևեռուն ուշադրության ներքո: Պարզ էր նաև, որ հանդիպումներից հետո բազմազան գնահատականների, դատողությունների ու կանխատեսումների պակաս չէր զգացվելու, լինելու էին ոչ միայն անաչառ գնահատականներ, այլև իրականությունից կտրված պնդումներ, թե Հայաստանը խոստացել է ինչ-որ կասկածելի խաղաղության դիմաց տարածքներ զիջել: Ու անգամ այս պնդումները կարելի էր ժանրի կանոններով բացատրել, եթե չլինեին ներքին մթնոլորտը շիկացնելուն նպատակաուղղված վերջին իրադարձությունները, որոնք, իբր, նաև պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցով:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին իր տեղեկատվական կոչում Վարուժան Ավետիսյանը, իսկ ավելի ստույգ՝ «Հիմնադիր խորհրդարանը» նշում էր.

«Դիմում ենք Արցախի ղեկավարությանը.
Ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականությունը և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Մնացեք ձեր դիրքերում և համախմբեք արցախցիներին: Մի քանի օր անց դուք կհամոզվեք, թե Հայաստանի իրապես ազգային կառավարությունն ինչպես է մոբիլիզացնում համայն հայությանը հանուն Արցախի անվտանգության ապահովման»:

Երևանյան շիկացած մթնոլորտում Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը պատշաճ ուշադրության չարժանացավ: Ուստի զինված խմբի հանձնվելուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը օգոստոսի 8-ին ընդհատակից արդեն ավելի կոնկրետացրեց. «Արցախի հարցի հետ կապված արտաքին քաղաքական առաջիկա ճնշումներն ուղղակի ներսից պայթեցնելու են ներկայիս վարչախումբը…»: Այսպիսով հաստատվեց այն վարկածը, որ ինչպես «Հիմնադիր խորհրդարանը», այնպես էլ այդ կառույցին մոտ կանգնած մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, հայության համար կենսական նշանակության հարցին նայելով նեղ անձնական շահերի տեսանկյունից, կրկին փորձում էին Լեռնային Ղարաբաղի պատրվակով իշխանափոխություն իրականացնել:

Կարծում ենք՝ պատահական չէ նաև, որ օգոստոսի 25-ին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի վերջին հարցազրույցին՝ իշխանություններին պարտվողականության մեջ մեղադրեց արդեն «Համախմբում» նորաստեղծ կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը.

«Այս հարցազրույցը իսկապես շատ պարտվողական հարցազրույց էր, բոլորովին սխալ ազդանշաններ է ուղարկում և՛ միջնորդներին, և՛ հակառակորդին: Չգիտեմ, այս հարցազրույցից հետո իմ տպավորությունն այն է, որ մենք պետք է տարածքներ վերադարձնենք ընդամենը Ադրբեջանի կազմում ինչ-որ մի ավտոնոմ կարգավիճակի, այն էլ՝ ոչ շատ բարձր ավտոնոմիայի դիմաց, որտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները կճանաչվեն, կհարգվեն, որտեղ մարդիկ կարող են խաղաղ այդ տարածքի վրա ապրել: Սա, նորից եմ կրկնում, աննախադեպ է այս 25 տարիների ընթացքում և բացարձակապես անընդունելի է: Եթե կան մարդիկ, որոնք հաշտվել են այս մտքի հետ, պարտվողական դիրքերից են հանդես գալիս, խնդրում եմ թող զիջեն իրենց դիրքերը. կան ավելի կարող մարդիկ, որոնք կարող են իրավիճակ փոխել, հարցն ավելի հստակ դնել, սկզբունքային դիրքերից հանդես գալ և կտրուկ իրավիճակ փոխել: Ես ուղղակի տեսնում եմ այդ հնարավորությունը»:

Բայց այստեղ արդեն ստիպված ենք արձանագրել, որ Վարդան Օսկանյանի ներկայությունը՝ իբր սկզբունքային դիրքերից հանդես եկողների ճամբարում, ինքնին արժեզրկում է «հաղթական» լուծման գաղափարը: Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի պատրվակով մեկ անգամ արդեն իրականացրած իշխանափոխությունից կարճ ժամանակ անց Օսկանյանը ինքն է բազմիցս հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «հաղթական» տարբերակից` իբր հանուն խաղաղ կարգավորման սկզբունքի, հայտարարելով. «Հայկական կողմը այս փուլում չի պնդում ԼՂՀ անկախությունը կամ այն Հայաստանին միացնելը, քանի որ կարևոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորումը» («Ազգ» օրաթերթ, մայիսի 22, 1998թ.): Իսկ մի քանի ամիս անց այն օրերի «հաղթական» լուծման գլխավոր իդեոլոգն արդեն կապիտուլյացիայի է ենթարկվել ԵԱՀԿ-ի առջև. «Թույլ տվեք հստակորեն արտահայտել իմ կառավարության պատրաստակամությունը` չառաջադրել անկախության կամ Հայաստանի հետ միավորման պահանջ…» («Ազգ» օրաթերթ, հոկտեմբերի 10, 1998թ.):

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հնազանդությունը երաշխավորվել էր դեռևս իշխանափոխության նախապատրաստական փուլում, երբ, փորձելով հակադրվել Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի ժամանակ ասվածին, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը 1997 թվականի հոկտեմբերի 7-ին պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանում է փաթեթային կարգավորումը, ապա ավելացրել՝ հանուն Հայաստանում իշխանափոխության հրաժարվել էր անկախության գաղափարից. «Երբեք բանակցային ողջ ժամանակահատվածում ԼՂՀ ղեկավարությունը միջնորդներից, Ադրբեջանից, նույնիսկ Հայաստանի ներկայացուցիչներից չի պահանջել քննարկել ԼՂ անկախության հարցը»,- ասում էր Արկադի Ղուկասյանը՝ բացեիբաց խոստանալով առանց նախապայմանների հանձնել տարածքները՝ բացառությամբ Լաչինի (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, հոկտեմբերի 8, 1997թ.):

Արդյունքում 1998թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին ներկայացրեցին կարգավորման նոր առաջարկներ, որոնք կարգավորման պատմության մեջ հայտնի են «Ընդհանուր պետություն» անվամբ: Դրանցում «Համաձայնություն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» հատվածում նախատեսվում էր. «Ղարաբաղը Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», «ԼՂ քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական՝ կունենան Ադրբեջանի անձնագիր՝ «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով»: Բարեբախտաբար, Ադրբեջանը մերժել է կարգավորման այդ առաջարկները, իսկ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գոնե հրապարակայնորեն ընդունել են դրանք:

Բացի այդ, կան բազմաթիվ ապացույցներ, որ 1999թ. ապրիլին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հոբելյանին նվիրված հանդիսությունների ժամանակ Ալիև-Քոչարյան հանդիպման ընթացքում Քոչարյանն ու Օսկանյանը սակարկության դրեցին Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բավական է նշել, որ այս փուլի արդեն չորրորդ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ Վարշավայում, Քոչարյանը հայտարարեց. «ՀՀ ներկա իշխանությունները գտնում են, որ հանուն ինտեգրացիայի պետք է զիջել սեփական անկախության մի հատվածը». («Ազգ», 17 օգոստոսի, 1999թ.):

Ակնհայտ էր նաև, որ Մեղրին ընդամենը հակակշռելու էր Լաչինին, իսկ ԼՂՀ կարգավիճակը լուծվելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Այդ էին վկայում օգոստոսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում Վարդան Օսկանյանի արտահայտած անկապ մտքերը. «Հարցի կարգավորումը հայկական կողմին ենթադրում է մի լուծում, երբ Արցախը դե ֆակտո կարող է լինել անկախ, դե յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում: Սա այն է, ինչ դիվանագիտորեն դիտվում է որպես ԼՂՀ ինքնավարությունից բարձր, անկախությունից ցածր կարգավիճակ» (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, օգոստոսի 18, 1999թ.): Զավեշտալին այն է, որ օսկանյանական այս սումբուռը քար անտարբերությամբ ընդունվեց ոչ միայն Ղարաբաղի խորհրդարանի, այլև ԼՂՀ բանակի այն օրերի հրամանատար Սամվել Բաբայանի կողմից:

Տարածքների փոխանակման բանակցություններն իրենց կուլմինացիային հասան 2001թ. գարնանը: Ապրիլի 3-7-ը ԱՄՆ պետքարտուղար Ք. Փաուելի հովանավորությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Քի Ուեսթում կայացած հերթական հանդիպումից հետո կողմերը արձանագրեցին հակամարտության կարգավորման գործընթացում առկա մեծ առաջընթացը: Հատկանշական է, որ առաջընթացը խորհրդանշվեց քարտեզի վրա աշխատող Քոչարյանի ու Քավանոյի լուսանկարներով:

Հետագայում պարզվելու էր, որ Քի Ուեսթի ծրագիրը ներառում էր ոչ միայն Մեղրիի, այլև Հայաստանի տարածքով անցնող այլ միջանցքներ, որոնց վրա ապահովվելու էր միջազգային հսկողություն, ինչն, ըստ էության, իր տարածքի վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում էր: Բարեբախտաբար, կարգավորման այս փուլն ընդհատվեց Հեյդար Ալիևի առողջական խնդիրների պատճառով, իսկ նրա մահվանից հետո Իլհամ Ալիևը պահանջեց բանակցությունները զրոյից սկսել:

«Պրագայի գործընթացին» ու դրա արդյունքում մշակված Մադրիդյան սկզբունքներին առայժմ անդրադառնալու կարիք չկա: Նախ՝ որովհետև այդ ժամանակահատվածում կողմերն արդեն առաջնորդվում էին կարգավորումը ձգձգելու մարտավարությամբ: Երկրորդ՝ որովհետև իշխանափոխությանը հաջորդած երեք տարվա գործընթացները լիովին բավարար են՝ ցույց տալու համար, որ Ղարաբաղի հարցը շահարկողները ինչպիսի «հաղթական» ծրագիր էլ ներկայացնեն, իշխանության գալուց հետո շատ ավելի մեծ զիջումների են գնում: Այստեղ երկու պատճառ կարող է լինել. կա՛մ նույնիսկ իշխանության գալուց հետո նրանք շարունակում են Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերվել նեղ անձնական շահերի տեսանկյունից, կա՛մ նախքան իշխանության գալը որոշակի խոստումներ են տալիս միջազգային հանրությանը, որոնք հետագայում ստիպված են կատարել:

Տրամաբանական հարց է առաջանում, թե արդյոք այս վարկածները տարածվո՞ւմ են նաև Սերժ Սարգսյանի վրա, եթե հաշվի առնենք, որ նա ևս 1998-ի «հաղթական» դիրքորոշման ճամբարում էր: Հավանաբար` ոչ: Այնուամենայնիվ, այն օրերին Սարգսյանը լիովին սահմանազատված էր արտաքին քաղաքական կուրսից, ուստի քիչ հավանական է, որ միջնորդները փորձեին նրանից ինչ-որ խոստումներ կորզել: Եվ, բացի այդ, նա նախագահի պաշտոնը ստանձնել է հերթական ընտրություններից, այլ ոչ թե արտահերթ գործընթացներից հետո, ինչը հույս է ներշնչում, որ պետք է կարողանա Լեռնային Ղարաբաղի շահը գերադասել անձնական շահից:

Միաժամանակ, սակայն, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի առջև ավելի մեծ պարտավորություն ունի, քան բանակցություններում այդ երկրի շահերի պաշտպանությունն է: Մասնավորապես` իր լիազորությունները վայր դնելու պահին Հայաստանում պետք է ձևավորված լինի այնպիսի իշխանություն ու ընդդիմություն, որոնք անհարիր կհամարեն Լեռնային Ղարաբաղի հարցի շահարկումները: Հակառակ դեպքում «Մենք կրկեսի վերածելու Հայրենիք չունենք» նրա պնդումը հավասարվելու է ոչնչի:

ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս