Ինչ կանխատեսումներ ունեն բանկերը՝ ՀՀ տնտեսության հետ կապված
Ըստ ՀՀ առևտրային բանկերի կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսությունը 2016-2018 թվականներին կգրանցի տարեկան 1.5%-ից մինչև 5% աճ։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018թթ. զեկույցում, որը կազմվել է ըստ առևտրային բանկերի 2016-2018թթ. հեռանկարային զարգացման ծրագրերի։
Բնականաբար, զեկույցում չի նշվում, թե բանկերից որը ինչ կոնկրետ կանխատեսում է արել, սակայն ակնհայտ է, որ տնտեսական աճի հարցում ունենք լավատես և հոռետես բանկեր։
Ընդհրացնելով բանկերի կանխատեսումները՝ ԿԲ զեկույցը նշում են, որ բանկերի մեծ մասը կանխատեսում են նաև մասնավոր դրամական փոխանցումների (տրանսֆերտների) կրճատում՝ պայմանավորված 2014 թվականից Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ։
Բնակչության իրական եկամուտների աճի տեմպը, ըստ բանկերի, կդանդաղի։ Մյուս կողմից՝ գնաճը չափավոր կլինի։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ին կաճի 5.5%-ով, սակայն դա տեղի կունենա հիմնականում ներմուծման հաշվին։
Ինչ վերաբերում է ֆինանսաբանկային հատվածի զարգացումներին, ապա ըստ բանկերի մեծ մասի սպասումների՝ կանխատեսվող ժամանակահատվածում ՀՀ բանկայն համակարգում կնկատվի վարկերի պահանջարկի, ինչպես նաև՝ վարկերի ծավալի աճ՝ հիմնականում ՀՀ տնտեսության աշխուժացման արդյունքում։
Դոլարայնացման բարձր մակարդակը, ըստ բանկերի, առաջիկա տարիներին կպահպանվի. ավանդատուները կշարունակել նախընտրել իրենց խնայողությունները պահել արտարժույթով։
Տոկոսադրույքների վերաբերյալ կանխատեսումները էականորեն տարբեր են եղել։
Ըստ որոշ բանկերի՝ խոշորագույն բանկերը կշարունակեն միջոցներ փնտրել և ներգրավել արտասահմանից, ինչկ, հնարավոր է, խոչընդոտի վարկավորման տոկոսադրույքների աճը։ Հետևաբար, զգալիորեն կիջեցվեն թե՛ արտարժութային, թե՛ դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքները։
Մինչդեռ կան բանկեր, որոնց կարծիքով, ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքները կմնան բարձր, ինչն էլ, իր հերթին, բարձր կպահի վարկերի տոկոսադրույքները։