Հետօլիմպիական «Խումհար». Շահե՞ց, թե՞ կորցրեց Բրազիլիան
Չնայած տնտեսական ճգնաժամին՝ Բրազիլիան մեծ ռեսուրսներ ծախսեց իր մոտ Օլիմպիադան հյուրընկալելու համար։ Ըստ արևմտյան մամուլի՝ այդ ծախսերը կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, և Ռիոն կարող է օրինակ ծառայել զարգացող մյուս երկրների համար։
«Կոմերցիոն տեսանկյունից՝ Հարավային Ամերիկայում անցկացված առաջին Օլիմպիադան հաջողված էր, սակայն խաղերի փակման հանդիսավոր արարողությունից հետո Բրազիլիային խումհար է սպասում»,- գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը։ Հոդվածում նշվում է, որ այդ խումհարային գլխացավով՝ երկիրը դեռևս ստիպված է լինելու հյուրընկալել Պարալիմպիական խաղերը։
Խոսքը գնում է ոչ այնքան Օլիմպիադայի հետևանքների մասին՝ ֆինանսական և ազգային անվտանգության տեսանկյունից, որքան Օլիմպիական խաղերի շուրջ առաջացած բազում սկանդալների։
Այս առումով, FAZ-ն առաջին հերթին հիշեցնում է ՄՕԿ անդամ իռլանդացի Պատրիկ Հիկիի ձերբակալության մասին, ով մեղադրվում է տոմսերի անօրինական վաճառքի մեջ. «Բրազիլական արդարադատության ագրեսիվությունը շատ բան է ասում հյուրերի և տանտերերի հարաբերությունների մասին»։
Մյուս սկանդաքը կապված էր ռուսաստանցի թեթև ատլետ Յուլիա Ստեպանովայի հետ,ով պատմել էր Ռուսաստանում դոպինգի օգտագործման պրակտիկայի մասին։ Նրան նախապես թույլատրել էին մասնակցել Օլիմպիադային, իսկ հետո արգելել (արդեն ՄՕԿ-ի մակարդակով)։ Ինչպես գրում է FAZ-ը, Ստեպանովայի հեռացմամբ՝ Օլիմպիադան «իր ոգին կորցրեց»։
Այս ամենի հետ մեկտեղ, չնայած եվրոպական երկրների հետ ժամանակային տարբերությանը, տեղի ունեցած խաղերը կոմերցիոն առումով հաջողված էին։ Օրինակ, NBC հեռուստաալիքով ուղիղ եթերի դիտման ընդհանուր տևողությունը կազմել է 2.25 մլրդ րոպե, մինչդեռ նախորդ բոլոր խաղերը միասին գրանցել են 1.5 մլրդ րոպե։
Bloomberg գործակալությունն իր հերթին հիշեցնում է փորձագիտական տարբեր զեկույցների մասին, որոնց համաձայն Օլիմպիական խաղերին 7 տարևի տևած նախապատրաստականաշխատանքները դրական ազդեցություն են ունեցել Բրազիլիայի տնտեսության վրա, մասնավորապես, նպաստել են ընտանեկան եկամտի աճին։
Մինչդեռ կան նաև հակառակ էֆեկտները։ Օրինակ, բրազիլական Light SA էլետրաէներգետիկ մասնավոր ընկերությունը դիմել է իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ բարձրացնել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Ընկերությունը իր հայտը հիմնավորել է այն հանգամանքով, որ նախապես պլանավորված ներդրումները Օլիմպիադայի պատճառով հետաձգվել են։
Ջորջթաունի համալսարանի փորձագետ Ջեյմս Մուրի համոզմամբ, Օլիմպիական խաղերի անցկացումը Բրազիլիայի համար «ռազմավարական սխալ էր», սակայն վերջին հաշվով այն կարող է օգտակար լինել մյուս զարգացող երկրներին։ Օգտվելով «զգուշացված ես, ուրեմն զինված ես» սկզբունքից՝ նրանք Բրազիլիայի օրինակով կարող են գնահատել նման միջոցառման անցկացման բեռի տակ մտնելու հետևանքները։
Իսկ Merkur պարբերականի վերլուծաբան Արմին Գիբիսն ավելի կտրուկ է արտահայտվել։ «Հենց սկզբից պարզ էր, որ Հարավային Ամերիկայում տեղի ունենալիք առաջին Օլիմպիադան բավականին զգայուն էքսպերիմենտ է։ Ռիոի ցուցադրած Օլիմպիադան ո՛չ իդեալական էր,ո՛չ էլ տպավորիչ»,- գրել է Գիբիսը։ Չնայած սրան՝ նա խոստովանել է, որ բարդ պայմաններում գտնվող Բրազիլիան կարողացավ խաղերի անցկացման տանելի մակարդակ ապահովել։ Սակայն, ըստ փորձագետի, խաղերի նախապատրաստման համար ծախսված 11 մլրդ դոլարը ավելի լավ կլիներ ուղղել սոցիալական ծրագրերին։