Գործընկերները հիշում են պայքարից երբեք չհրաժարվող իրենց լավ ընկերոջը` կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին
Լավ ընկեր, հետաքրքիր զրուցակից, տաղանդավոր եւ հումորով անձնավորություն: Հենց այսպես են գործընկերները հիշում տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին, ով կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում` ծանր հիվանդության դեմ երկար պայքար մղելուց հետո:
«Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Հունանյանը դեռ վաղ ժամանակներից է ճանաչել Վարդանին: Նրա խոսքով` Վարդան Զիլֆուղարյանը պայքարող անձնավորություն էր, մինչեւ վերջին վայրկյանն էլ պայքարում էր ապրելու համար:
«Բավականին երիտասարդ էր, երբ ծանոթացանք, ու չնայած այդ երիտասարդ տարիքին` շատ կազմակերպված տղա էր: Նա լավ ընկեր էր, ուներ յուրահատուկ խոսելաոճ, շատ հումորով էր եւ հրաշալի մասնագետ: Մոսկվա տեղափոխվելուց հետո հանդիպում էինք հիմնականում գործուղումների ժամանակ, նստում, զրուցում, պատմություններ պատմում: Միասին եղել ենք շատ երկրներում: Հարսանիքից առաջ էլ եկավ, ասաց, որ ուզում է` լինեմ իր հարսանիքի թամադան: Շատ օրիգինալ եւ ուրախ հարսանիք էր: Վերջին անգամ նրան հանդիպեցի Երեւանում, երբ եկել էր փաստաթղթերով զբաղվելու, որպեսզի մեկներ Միացյալ Ն ահանգներ: Հետագայում նույնիսկ իմացա, որ բուժումը լավ ընթացք է ստացել, սակայն չհաղթահարեց: Շատ հանկարծակի եւ շատ ցավալի լուր էր: Ցավում եւ ափսոսում եմ իր մարդ տեսակի կորստի համար»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գործընկերը:
Հայկական երկրորդ հեռուստաընկերության լրագրող Հրածին Սաֆարյանն էլ պատմում է, որ գործընկերներով միշտ էին ուրախանում Վարդանի հաջողություններով:
«2000-ական թվականներից ենք սկսել միասին աշխատել «Լրաբեր»-ում: Շատ պահանջկոտ էր, ուզում էր, որ կադրերին միշտ հետեւողական լինենք, միշտ համագործակցում էր լրագրողի հետ: Բացի դրանից միասին արտերկրում պետական միջոցառումներ լուսաբանելու շատ առիթներ ենք ունեցել: Մոսկվա տեղափոխվելուց հետո գալիս էր մեզ մոտ, տպավորված պատմում էր կինոաշխարհի մասին, մենք էլ ուրախանում էինք, ռեպորտաժներ պատրաստում մեր գործընկերոջ մասին: Շատ լավ հիշողություններ են մնացել իրենից: Վարդանը լուրջ ֆիլմեր էր նկարահանում Մոսկվայում, մենք էլ կատակով ասում էինք, որ բոլոր ռուսական ֆիլմերը մինչեւ վերջ նայում ենք, որ տիտրերում Վարդանի անունն էլ կարդանք: Խոստացել էինք, որ հենց ապաքինվի, գա Հայաստան, մի ռեպորտաժ էլ ենք պատրաստելու իր մասին, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Մենք մինչեւ վերջ էլ հույս ունեինք, որ լավ կլինի»,- վերհիշեց լրագրողը:
Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր է, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: 2014 թվականին հերթական նկարահանուման ժամանակ Վարդանի ինքնազգացողությունը վատանում է: Կինոօպերատորը մոտ մեկ ամիս հետազոտություններ է անցնում հիվանդանոցում` արդյունքում ստանալով արյան սուր լեյկոզ ախտորոշումը: Զիլֆուղարյանին ռուս բժիշկները հայտնում են, որ ապրելու երկար ժամանակ չի մնացել: Այնուամենայնիվ, նա թևաթափ չի լինում և որոշում է շարունակել բուժումը Գերմանիայում, որտեղ մասնագետները տալիս են առավել ստույգ ախտորոշում՝ սուր մելոբլաստիկ լեյկոզ: Գերմանիայում մեկուկես ամիս ստացած քիմիոթերապիան այդքան էլ արդյունավետ չի լինում, սակայն պայքարից չհրաժարվող օպերատորին ճակատագիրը նվեր է մատուցում:. Գերմանիայում ծնվում է նրա դուստրը՝ Մարիաննան: Ավելի ուշ պարզվում է, որ Վարդանի քույրը՝ Աննան կարող է եղբոր համար դառնալ ոսկրածուծի դոնոր և փրկել նրան: Նա եղբոր բուժման համար կազմակերպում է դրամահավաք: Այնուհետև, ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտը Վարդանին ներգրավում է լեյկեմիայի կա զդուրման նոր դեղամիջոցների փորձարկման ծրագրում: Ոսկրածուծի փոխպատվաստման մոտ կես միլիոն դոլար արժողությամբ վիրահատությունը արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Զիլֆուղարյանը համառորեն շարունակում էր պայքարը` բոլորին կոչ անելով երբեք չհանձնվել և միշտ հույսը սրտում շարունակել պայքարը` հանուն սիրելիների: