Բաժիններ՝

Արդյոք ԱՄՆ-ում ծնված հայ տղաներն ազատվո՞ւմ են զինծառայությունից

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նուրբ թեմա է, սակայն չեմ կարող չանդրադառնալ, քանի որ այն անհարկի ու թյուրիմացաբար լայն շրջանակներ է ընդգրկում, ներառելով նաև իմ մտերիմներին: Ընդ որում, կարծում եմ, հենց պատկան կառույցները պետք է անդրադառնային: Այո, ԹՅՈՒՐ կարծիք է ձևավորվել այն մասին, որ իբր ԱՄՆ-ում ծնված հայ երեխան հենց միայն այդ հիմքով ազատվում է զինծառայությունից: Այս թյուրիմացության հիմքում այն իրողությունն է, որ ԱՄՆ-ում ծնված երեխան, հողի սկզբունքով ձեռք է բերում ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն մեր հայրենակիցները անտեսում են մի շարք տարրական իրավական հարցադրումներ:

Նախ, նույն այդ երեխան, միաժամանակ օրենքի ուժով (արյան սկզբունքով) ձեռք է բերում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից և ծնողների համաձայնությունից, ինչը, իմ խորին համոզմամբ, խիստ խելամիտ իրավական լուծում է: Այսպիսով, երեխան ձեռք է բերում երկքաղաքացու կարգավիճակ, իսկ հայրենական օրենսդրությամբ երկքաղաքացին մեր պետության համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ: Ավարտեմ միտքս. այլ պետության քաղաքացիություն ընդունելը հայրենական օրենսդրությամբ հիմք չէ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար: Վերջաապես, ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև բացակայում է որևէ համաձայնագիր, որով նախապատվությունը կտրվեր այլ իրավական լուծումների:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ուշադիր կարդացեք հետևյալ հոդվածները.
Սահմանադրության 47-րդ հոդված. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված. «Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»: Նույն օրենքի 13.1. հոդված. «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1. հոդված. «Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ»:

Ինչևէ, անվերապահորեն առողջություն եմ մաղթում մայրերին ու փոքրիկներին, միաժամանակ, ակնկալում եմ ավելի խելամիտ որոշումներ ու ձերբազատում՝ անհարկի ծախսերից: Իմ կարծիքով, հայրենական բժշկությունն այս ոլորտում չի զիջում, իսկ ձախողումներ լինում են ամենուրեք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս