Հոսանքը շատ նուրբ թանկացավ
Այն, որ Օլիմպիական խաղերը չէին շեղելու հասարակական կարծիքը «Սասնա ծռերի» թեմայից, կանխատեսելի էր: Բայց, որ վերջին տարիների ամենաակտիվ հասարակական շարժումը՝ «Էլեկտրիկ Երևանը», այլևս չի արձագանքի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, դժվար էր հաշվարկել:
Մոտ մեկ տարի առաջ՝ հունիսին, սակագնային հանրահայտ հանձնաժողովն օգոստոսի 1-ից 6,93 դրամով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը: Էներգակիրների համաշխարհային գնանկման ֆոնին մեզ բացատրեցին, որ վատ մենեջմենթի ու այլ նման բաների պատճառով մեր էներգահամակարգը հայտնվել է ֆինանսական ձախողման եզրին: Բայց փաստարկները հասարակության համար համոզիչ չէին, և հասարակական լուրջ դիմակայություն սկսվեց:
Բողոքի ակցիայի մասնակիցների վրա մեր փառապանծ Ոստիկանության ջրցան մեքենայի գրոհի լուսանկարը համաշխարհային հռչակ ունեցավ: Միջազգային կազմակերպություններից մեկն այն հայտարարեց տարվա լուսանկար: Իսկ բուն դիմակայությունը լուծվեց մի նուրբ քայլով: Կառավարությունը հայտարարեց, որ ուղիղ մեկ տարով դոտացիա է տրամադրելու սակագնի բարձրացման դիմաց: Փոխհատուցումը 50/50 չափաբաժնով տրամադրելու էին պետբյուջեն և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Փոխհատուցում տրվելու էր ամսական 250 ԿՎտԺ-ից պակաս պակաս օգտագործող քաղաքացի բաժանորդներին և ամսական 500 կՎտԺ-ից պակաս օգտագործող փոքր ու միջին ձեռնարկություններին:
Դժվար է ասել, փոխհատուցման պարտավորություն վերցնող չինովնիկներն այդ պահին պատկերացնո՞ւմ էին՝ պետբյուջեի վրա ինչ լրացուցիչ ծախս էին բարձում, թե՞ ոչ: Բայց այս որոշումը նրանց հնարավորություն տվեց թուլացնել «Էլեկտրիկ Հայաստանի» դիմակայությունը: Կոմպենսացիայի վճարման առաջին ամիսների տվյալներից պարզ դարձավ, որ ամսական 250 ԿՎտԺ-ից պակաս օգտագործում է բնակիչ բաժանորդների մոտ 80 տոկոսը:
Անցած տարվա հոկտեմբերին նրանց պաշտոնապես հայտարարված թիվն ընդհանուրի 78,8 տոկոսն էր: Էներգետիկ ճգնաժամի հաղթահարման պահից մեր բնակչությունն էլեկտրաէներգիայի խնայողության լուրջ հմտություններ ունի: Իսկ հոսանքի սակագինը շատ անխիղճ էր աճել, որ սպառողները չօգտագործեին իրենց հմտությունները:
Հենց սկզբից բարդ չէր հաշվարկելը, որ ՓՄՁ-ներին խոստացված փոխհատուցումն ավելի շուտ քարոզչական իմաստ ուներ, քան՝ իրական-տնտեսական: Տեսեք, յուրաքանչյուր ամիս փոխհատուցման վճարման համար կառավարությունն ու «Տաշիր» հիմնադրամը մոտավորապես 600 մլն դրամ էին հատկացնում:
Այդ գումարից ՓՄՁ-ների չափաբաժինն այս տարվա հունիսին կազմել է 23,3 մլն դրամ, իսկ հուլիսին՝ 22 մլն: Փոխհատուցում կոչվածը, ի սկզբանե հայտարարվեց, որ տրամադրվելու է մեկ տարվա ընթացքում: Խոստացված մեկ տարին ավարտվել է, և փոխհատուցումներ այլևս չեն լինելու: Հետևաբար՝ կարելի է արձանագրել «Փոխհատուցում» օպերացիայի արդյունքները: Մեր վատ մենեջմենթով կառավարված էներգահամակարգը ֆինանսական կոլապսից փրկելու համար հատկացվել է 7 մլրդ 200 մլն դրամ:
Այդ գումարի կեսը՝ 3,6 մլրդ դրամը, տրամադրել է պետբյուջեն, բնականաբար, միջոցները կտրելով սոցիալական ու զարգացման ծրագրերից: Բայց այս հնարքը կառավարությանը հնարավորություն տվեց մեղմել սոցիալական բողոքները: Այս տարվա հունիսի 24-ին մեր իշխանությունները լրումին հասցրեցին այսքան հմուտ մտածված ու իրագործված օպերացիան: Հանրահայտ հանձնաժողովը 2,58 դրամով նվազեցրեց սակագինը: Բոլորը երջանիկ են: Ոչ ոք չի էլ հաշվարկում, որ այս ամսվանից էլեկտրաէներգիայի վարձն իրականում բարձրացավ 4,35 դրամով:
Այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում էներգակիրների գները, մեղմ ասած, շարունակում են մնալ անկյալ վիճակում: Բայց հասարակական ուշադրության կենտրոնում արդեն սոցիալ-տնտեսական մանր-մունր խնդիրները չեն: Հասարակությունն այլևս չի պահանջում, որ իր հաշվին չփակեն վատ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները: Վատ կառավարիչներին աշխատանքից ազատելն ու պատասխանատվության կանչելն արդեն ոչ մեկին չի հուզում:
Մենք հիմա շատ ավելի կարևոր նպատակներ ունենք: Ասենք՝ նախագահի հրաժարականի, կամ Ծիր Կաթինի ձևավորումը փոխելու պահանջը: Այլապես բոլորիս ազգադավ ու դավաճան կհամարեն: